ՍԵՆԱՏՈՐ ՍԱՆԴԵՐՍԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Եվ Բաքվին հաճոյախոսող իսրայելցի ռազմական գործչի թյուրըմբռնումը
Մերձավորարևելյան ուղղությամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը դրսևորվում է Իրանի դեմ ռազմական հռետորաբանության ուժեղացմամբ և, միաժամանակ, Հյուսիսատլանտյան իր դաշնակցի՝ Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելով։ Եթե Թուրքիան Վաշինգտոնի հետ երկխոսության մեջ, ինչպես ասում են, խաղարկում է ռուսական խաղաքարտը, այսինքն՝ առաջ է տանում ՌԴ-ից զենիթահրթիռային C-400 համակարգեր գնելու որոշումը, ապա իրանական կողմն ավելի կոշտ է իր հայտարարություններում և արդեն սպառնում է փակել Հորմուզի նեղուցը, որն Օմանի ծոցը միացնում է Պարսից ծոցին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մայիսի 6-8-ը գտնվելով Թուրքիայում, հարցազրույց էր ունեցել տեղական լրատվամիջոցներից մեկի հետ և հայտարարել, որ C-400-ների խնդիրը պահանջում է երկկողմ բանակցություններ։ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին կոնգրեսականների վերջին առաջարկությունը փաստորեն Ստոլտենբերգի թուրքական այցի արդյունքն էր։
Թուրքական կողմի պատասխանն էլ Թուրքիայի պատմության մեջ ամենամասշտաբային ռազմածովային զորավարժությունների ձեռնարկումն է, որոնք կշարունակվեն մինչև մայիսի 25-ը՝ Սև, Էգեյան և Միջերկրական ծովերի ջրերում։
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը, որն Իրանի հետ կնքված միջազգային միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու արդյունք է, կարող է ծանր հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի համար։ Որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում ընդունել Մերձավոր Արևելքում Իրանի ընդգծված դերակատարությունը, բոլորին է հասկանալի։ Մտահոգիչը ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացումն է և հնարավոր պատերազմը, ինչը մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջանների ժողովուրդներին ողբերգական իրադարձությունների առաջ կկանգնեցնի։ Իրանը համեմատելի չէ ո՜չ Իրաքի և ո՜չ էլ Սիրիայի հետ։ Վաշինգտոնում էլ Իրանի դեմ ռազմական գործողությունների ծավալումն անտրամաբանական են համարում։ Այդ մասին բարձրաձայնում են նույնիսկ նախագահ Թրամփի կուսակիցները՝ հանրապետականները։
Հարկ է նկատել մի կարևոր հանգամանք. եթե Թուրքիայի հարցում Սպիտակ տան քաղաքականությունը Կոնգրեսի կողմից առարկության չի արժանանում, ապա Իրանի դեպքում պատկերն ուրիշ է։ Օրերս հայտնի դարձավ, որ ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը դատապարտել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի դեմ պատերազմ սանձազերծելու դիրքորոշումը։ Սանդերսն իր անհանգստությունն է արտահայտել առ այն, որ Իրանի դեմ պատերազմ նախաձեռնողը նույն Բոլթոնն է, ով նաև ՙԻրաքի դեմ պատերազմի ճարտարապետն էր՚։ Իրանի դեմ նախապատրաստվող ամերիկյան սադրանքը սենատորը մտահոգիչ է համարում. եթե ԱՄՆ-ն գնա այդ քայլին, ապա տարածաշրջանը կտանի ապակայունացման։
Ջոն Բոլթոնի սխալ քաղաքականությունը քննադատության է արժանացել նաև Իրանի արտգործնախարար Մոհմմադ Ջավադ Զարիֆի կողմից։ iran.ru-ի փոխանցմամբ՝ Զարիֆը մատնացույց է արել այն պետությունների ղեկավարներին, ովքեր ընդգծված շահագրգռվածություն են ցուցաբերում ԱՄՆ-Իրան պատերազմի հարցում։ Բոլթոնի համախոհներ են համարվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը։ Որպես շահագրգիռ կողմ՝ նշվում է նաև Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմադ բին Զայեդի անունը։
Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման և պատերազմի հրահրման գործընթացում Իսրայելի ակտիվությունը երկու տարածաշրջաններում կոնկրետ նպատակներ է հետապնդում։ Հարավային Կովկասում խնդիր ունի Ադրբեջանն օգտագործել որպես հենակետ Իրանի դեմ գործողություններ ծավալելու նպատակով։ Ադրբեջանի համար սա կործանարար զարգացում կլինի, քանի որ նա իսկույնևեթ կբախվի Ռուսաստանի ուժեղ հակազդեցությանը։ Չնայած դրան, Բաքվի ուղղությամբ Իսրայելը շարունակում է դիվանագիտական աշխատանքը՝ օգտագործելով ռազմատեխնիկական համագործակցության հանգամանքը։ Այս օրերին ուշագրավ հայտարարություն արեց Իսրայելի պաշտպանության նախկին փոխնախարար Էֆրաիմ Սնեն՝ սլաքն ուղղելով հայկական կողմին. ՙԵթե Հայաստանը ցանկանում է Իսրայելի հետ բարելավել իր հարաբերությունները, ապա Իսրայելը, կարծում եմ, ոչ ոքի չի մերժի։ Սակայն միշտ պետք է հիշել մի բան՝ Իսրայելը երբեք ոչ մի փամփուշտով չի օգնի Ադրբեջանի թշնամիներին։ Հիշե՜ք, ոչ մի փամփուշտով՚։ Պատասխանելով հարցին՝ ժամանակակից ի՞նչ զինատեսակ Իսրայելը կառաջարկի Ադրբեջանին, ռազմական գերատեսչության նախկին պաշտոնյան ասել էր, որ իրենք հիմար չեն, որ այդ մասին հայտարարություններ անեն։ Բայց հարկ է համարել ընդգծել, որ ինքը խոսում է ոչ թե զենքի, այլ երկկողմ հարաբերությունների մասին։
Ալիևի վարչակազմը չարձագանքեց այս հայտարարությանը, ըստ երևույթին, ձգտելով Իրանի հարցում գործիք չդառնալ հակադիր ուժային կենտրոնների ձեռքին։
Ադրբեջանը, որպես կանոն, իր գործողությունները համակարգում է Թուրքիայի հետ։ Մինչ մերձավորարևելյան տարածաշրջանի դերակատարներն ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններին առնչվող հայտարարություններ էին հնչեցնում, մայիսի սկզբին ադրբեջանական տարածքում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն անցկացվեց, որը կրում էր թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի անունը։
Լայնածավալ պատերազմական գործողությունների ծավալումը Մերձավոր Արևելքում, անտարակույս, հարավկովկասյան տարածաշրջանի վրա կունենա իր ազդեցությունը։ Թուրքիայի և Ադրբեջանի միասնական ծրագիրը հայկական երկու պետությունների դեմ է ուղղված։ Իսկ Իրանի դեմ պատերազմը տարածաշրջանը կտանի ապակայունացման։ Այս առումով սենատոր Սանդերսն իրավացի է։
Անհրաժեշտ ենք համարում հակադարձել Ադրբեջանի ուղղությամբ հաճոյախոսություն անող՝ Իսրայելի պաշտպանության նախկին փոխնախարար Էֆրաիմ Սնեին։ Հայկական կողմին ուղղված նրա ակնարկը միանգամայն անտրամաբանական է։ Իսրայելի ռազմական գերատեսչության նախկին պաշտոնյան Գոլանի բարձունքի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը պետք է տեղյակ լիներ։ Ճանաչելով այդ բարձունքն Իսրայելի անբաժան մաս և կարևորելով դրա հսկայական նշանակությունն Իսրայելի անվտանգության համար` նախագահն, ի գիտություն միջազգային հանրության, լեգիտիմացրեց սահմանների փոփոխությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զարգացրեց նախագահի միտքը՝ հայտարարելով՝ եթե պետությունն ագրեսիայի է ենթարկվում մեկ այլ պետության կողմից, ապա նրա սահմանների ճանաչումն օրինական է։ Պաշտոնական Ստեփանակերտն, արձագանքելով նախագահ Թրամփին, հայտարարեց, որ դա վերաբերում է նաև Արցախի Հանրապետությանն ու նրա անվտանգությանը։
Իսրայելցի ռազմական գործիչն Արցախի Հանրապետության անվտանգության հարցի և ամերիկյան դիրքորոշման վերաբերյալ ակնհայտ թյուրըմբռնում ունի։ Ադրբեջանը և նրա դաշնակիցները պետք է ընդունեն, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության դեպքում էլ սահմանների փոփոխությունը լեգիտիմ է, քանի որ դա տեղի է ունեցել ռազմական ագրեսիայի հետևանքով։
;