Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին ընդառաջ Բաքվում թեժ կրքեր են բորբոքվել։ REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը, որ բոլորովին վերջերս է ազատվել երկարաժամկետ բանտարկությունից, սոցիալական ցանցերում գրառում է կատարել, որ իշխանությունները որոշում են ընդունել երեք օր փակել Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը՝ նախկին Տորգովայան։
Այդ ընթացքում, ըստ Մամեդովի, տվյալ փողոց մուտք կունենան միայն ՙՉելսի՚-ՙ Արսենալ՚ մրցախաղը դիտելու համար Բաքու ժամանած արտասահմանցի մարզասերները եւ զբոսաշրջիկները։ Մամեդովը Բաքվի քաղաքային իշխանությունների այդ որոշումը բացատրել է քաղաքական շարժառիթներով։ Բանն այն է, որ ՙՉելսի՚- ՙԱրսենալ՚ մրցախաղից մեկ օր առաջ լրանում է Ադրբեջանի անկախ պետականության հռչակման 101-րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ ադրբեջանական ընդդիմությունը որոշել է տոնական երթ կազմակերպել։ Որպեսզի դա տեղի չունենա, իշխանությունները որոշել են փակել Տորգովայա փողոցը։ Ընդ որում՝ երեք օրով։ Այդ ընթացքում Բաքվի բնակիչները զրկված կլինեն քաղաքի կենտրոնական հատվածում լինելու հնարավորությունից, իսկ ընդդիմությունը չի կարողանա իրացնել իր նպատակը։ Այն է՝ մարդկանց հիշողությունը թարմացնել եւ շեշտադրել, որ ադրբեջանական անկախ պետականության հիմնադիրը ոչ թե Հեյդար Ալիեւն է, ինչպես պնդում է պաշտոնական պատմագիտությունը, այլ՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, որի պատվին իշխանություններն այդպես էլ հուշարձան չեն կանգնեցնում։ Ավելին, մի քանի ամիս առաջ անհայտ չարագործները պղծել էին Բաքվի Նովխանի ավանում, որտեղ Ռասուլզադեն է ծնվել, կանգնեցված կիսանդրին։ Ոստիկանությունը պարզել էր, որ ոտնձգությունը կատարվել էր մի նպատակով՝ կիսանդրին պղնձե է, եւ հանցագործներին հետաքրքրել էր մետաղի արժեքը։ Տեւական քննարկումներից հետո իշխանությունները որոշել էին չվերականգնել կիսանդրին, փոխարենը տեղադրել քարե հարթաքանդակ՝ հույս ունենալով, որ այն չեն գողանա։ Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադրի նկատմամբ այս վերաբերմունքն է պատճառ հանդիսացել, որպեսզի ընդդիմությունը որոշի երթ կազմակերպել եւ հասարակության ուշադրությունը բեւեռել պատմության ալիեւյան խեղաթյուրումների վրա։ Միջոցառումը, սակայն, համընկել է ՙՉելսի՚-ՙԱրսենալ՚ մրցախաղին, որին ընդառաջ Բաքվում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ։ Ներառյալ քաղաքի կենտրոնի փակումը։ Դա, անկասկած, արված է մի նպատակով՝ որպեսզի բաքվեցիները չկարողանան շփվել արտասահմանցի մարզասերների եւ զբոսաշրջիկների հետ։ Ըստ երեւույթին, նման որոշում կայացնելիս ադրբեջանական իշխանությունները մտահոգված են եղել սեփական քաղաքացիների եւ հյուրերի շփումների անցնակալի հետեւանքներով։ Բրիտանական ԱԳՆ-ն արդեն իսկ իր քաղաքացիներին զգուշացրել է երեկոյան ժամերին մնալ հյուրանոցներում, որպեսզի չենթարկվեն կողոպուտի։ Ադրբեջանական կողմն, ինչ խոսք, պաշտոնապես ցրել է նման մտահոգությունները, բայց դա բրիտանացիներին չի բավարարել։ Լոնդոնում որոշել են Բաքու գործուղել սեփական անվտանգության գործակալների եւ ոստիկանական աշխատակիցների, որպեսզի տեղում ապահովեն ֆուտբոլիստների եւ մարզասերների անվտանգությունը։ Իրենց հերթին, երեւում է, ադրբեջանական իշխանություններն են որոշել են փակել Բաքվի կենտրոնը, որպեսզի տեղական բնակչության եւ հյուրերի միջեւ ոչ մի շփում տեղի չունենա։ Ադրբեջանական կողմն, այսպիսով, ակամա խոստավանել է, որ չի կարող երաշխավորել սեփական բնակչության նորմալ շփումը հյուրերի հետ, այդ իսկ պատճառով գերադասել է երեք օր Բաքվի կենտրոնը բաց պահել միայն արտասահմանցիների համար։ Ալիեւյան ռեժիմն այսպիսով հազարավոր արտասահամանցի մարզասերներից թաքցրել է Բաքվի իրական դեմքը։ Դա կատարվել է մի նպատակով՝ ապահովագրվել հնարավոր էքսցեսներից, կողոպուտներից, ավազակային հարձակումներից, անհանդուրժողականությունից։ Թեեւ արդեն հայտնի է, որ ՙԱրսենալի՚ կիսապաշտպան Հենրիխ Միխիթարյանը Բաքու չի մեկնի, բայց որեւէ երաշխիք չկա, որ ադրբեջանցի ծայրահեղականները կարող էին հարձակման թիրախ ընտրել ՙԱրսենալի՚ որեւէ խաղացողի կամ մարզիչներից մեկին։ Դա կատարյալ խայտառակություն կլիներ ալիեւյան ռեժիմի համար։ Եւ ահա նման պատահարները բացառելու համար կայացվել է որոշում՝ երեք օրով Բաքվի կենտրոնը փակել, ստեղծել այսպես ասած ստերիլ միջավայր, որտեղ արտասահմանցի հյուրերն իրենց կզգան լիակատար անվտանգության պայմաններում։ Դա, անկասկած, կարձանագրեն եւ կտարածեն լրագրողները։ Բայց ավելի լավ է արժանանալ նման քննադատության, քան թույլ տալ, որ զոմբիացած ամբոխը հարձակվի բրիտանացի ֆուտբոլիստների վրա։ Ալիեւը փորձել է թաքցնել իր հանրության անհանդուրժողականությունը։ Դա չարիքներից փոքրագույնն է։ Մնացածի գնահատականը կտան բրիտանացի մարասերները։