ՃԱՆԱՉՄԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ՝ ՆԱԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՈՎ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Ֆուտբոլը և ադրբեջանական ռասիզմը
Ասում են՝ սպորտը և քաղաքականությունը կապված են իրար։ Եթե այդպես չլիներ, Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունը CONIFA-ի նախագահին և մասնակից թիմերին չէր խնդրի չեղյալ հայտարարել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի 3-րդ առաջնության մեկնարկը Արցախի Հանրապետության մայրաքաղաքում։ Այս կարևոր մասշտաբային իրադարձությանը խոչընդոտելու ադրբեջանական փորձերը հաջողություն չունեցան, քանի որ CONIFA-ն պատասխանատու է չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների համար, պատասխանատու է այնքանով, որ միջազգային առաջնություններում ֆուտբոլ խաղալու իրավունքից պետք է հավասարապես օգտվեն ինչպես ճանաչված, այնպես էլ չճանաչված պետությունների մարզիկները։ Եթե ադրբեջանցիներն այս ճշմարտությունը հերքելու համար փաստարկներ ունենային, Բեռլինում կներկայանային կառույցի պատասխանատուների կողմից հրավիրված բաց քննարկմանը։
Կառույցի գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոպը Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց, որ չնայած առաջնությունը եվրոպական է, այն դիտելու են ամբողջ աշխարհում, և իրենք իրենց հերթին անելու են ամեն ինչ, որպեսզի Արցախը ճանաչելի դառնա։ Ուշադրության է արժանի Դյուրկոպի հետևյալ միտքը. իրենք հավատում են ազգերի ինքնորոշմանը և, հակառակ Ադրբեջանի կողմից հարուցված բոլոր խոչընդոտների, անելու են ամեն ինչ, որ մարզիկները ծածանեն իրենց երկրների դրոշները։
Մի՞թե սա քաղաքականություն չէ. հունիսի 1-ին՝ առաջնության հանդիսավոր բացմանը, CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդը Ստեփանակերտը հայտարարեց Եվրոպայի մայրաքաղաք։
CONIFA-2019 Եվրոպայի 3-րդ առաջնությունը նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնում է նշանակում։ Մենք էլ ճանաչեցինք մեր այն հյուրերին, որոնք առաջին անգամ են մեր երկիր այցելում։ Աշխարհի քարտեզի վրա փնտրեցինք նրանց մոտավոր տեղը։ CONIFA-ն ներկայացնում է աշխարհի 6 մայրցամաքներ, 54 պետություն, 370 մլն մարդկանց։ Առաջնությանը մասնակցող 8 թիմերից երկուսը հայկական են՝ ՙԱրցախ՚ և ՙԱրևմտյան Հայաստան՚, այնուհետև՝ Աբխազիա, Հարավային Օսիա, ՙՉամերիա՚ թիմը ներկայացնում է ժամանակակից Ալբանիայի հարավային և Հունաստանի հյուսիս-արևմտյան շրջանը, ՙՍապմի՚-ն՝ Հյուսիսային Եվրոպան, ՙՊադանիա՚-ն՝ Իտալիայի հյուսիսը, ՙՍեկեյ Լանդ՚-ը՝ Ռումինիան։
Արևմտյան Հայաստանի թիմի ներկա գտնվելը, որում ընդգրկվել են Սփյուռքի ճանաչված հայ ֆուտբոլիստներ, առանձնահատուկ նշանակություն ունի։ Սա կարևոր ազդակ է՝ մեկ անգամ ևս միջազգային հանրությանն իրազեկելու հայ ժողովրդի այս հատվածի մասին, որը մեկ դար առաջ ցեղասպանության է ենթարկվել, իսկ մի կերպ փրկվածները տարածվել են աշխարհով մեկ։ Այսօր էլ Թուրքիայում ապրող հայերը, իշխանությունների կողմից ազգային խտրականության ենթարկվելով, պայքարում են իրենց իրավունքների և ազգային ինքնության պահպանման համար։
Կարծում ենք, պատահականություն չէր ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչի անցկացումը Բաքվում և ապա` Արցախում CONIFA-ի Եվրոպայի 3-րդ առաջնության մեկնարկը։ Երկակի ստանդարտների կիրառման եվրոպական քաղաքականության մեջ սա լիովին տեղավորվում է։
Եվրոպան, բնականաբար, իր քաղաքականությունն է իրականացնում, իսկ Արցախի Հանրապետության համար առաջնության կազմակերպումը, հիրավի, մեծ իրադարձություն է երկրի միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում խաղաղ ապրելու ձգտումների մասին բարձրաձայնելու տեսանկյունից։ Միջազգային մակարդակով յուրաքանչյուր սպորտային միջոցառում իր մեջ ներառում է խաղաղության, համերաշխության և ժողովուրդների բարեկամության գաղափարներ։
Բաքվի համար այդ գաղափարներն անհասկանալի են. հունիսի 1-ին՝ առաջնության բացման օրը, Պաշտպանության բանակի զինծառայողը դարձավ Ադրբեջանի ահաբեկչական, ռասիստական քաղաքականության զոհը։
Քաղաքական հարթությունում դիտարկելով Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի անցկացումը և CONIFA-ի Եվրոպայի 3-րդ առաջնությունը, պետք է ընդգծել գլխավորը՝ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հերթական դրսևորման փաստը։ Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ ՙԱրսենալ՚-ՙՉելսի՚ խաղին չմասնակցեց հայ հանրաճանաչ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և ՙԱրսենալ՚-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Աշխարհի մի շարք հեղինակավոր պարբերականներ իրենց հրապարակումներում նշեցին, որ հայերի և ադրբեջանցիների միջև առկա հակամարտության պատճառով Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը կայանալու է Բաքվում։ Ֆուտբոլիստը և ակումբը նման որոշում են կայացրել՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Ըստ ՙԱրսենալ՚-ի հայտարարության՝ ակումբն ՈՒԵՖԱ-ից ընդունելի երաշխիքներ չի ստացել այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանի համար Բաքվում գտնվելն անվտանգ կլինի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հայտարարության մեջ շեշտեց, որ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չտալն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելը ռասիզմի նոր դրսևորում է։
Մենք հակառակ բևեռում ենք։ Մեր երկիր ժամանած մարզիկների և հյուրերի հիշողությունից չի ջնջվի ֆուտբոլի այս առաջնության կարգախոսը՝ ՙԲաց դռներ, ամուր դարպաս՚։ Արցախի դռները բաց են, ասել է թե՝ բաց է արցախցու սիրտը, հյուրասեր է նա և հյուրին պատվող։ Հյուրընկալվելու առաջին իսկ րոպեներին օտարն իրեն զգում է ինչպես իր տանը, հաղորդակից լինում այստեղ ապրող ժողովրդի ավանդույթներին ու ազգային արժեքներին։ Հաղորդակից լինում Արցախի ազգային ինքնությանը։
Բայց և ամուր է նրա դարպասը, եթե բարի չէ եկողի մտադրությունը։ Մի քանի տարի առաջ եվրոպացի մի խորհրդարանական Ստեփանակերտում մամլո ասուլիսի ժամանակ, առանց ավելորդ զգացմունքայնության, հայտարարեց, որ Արցախը եվրոպական ամրոց է։
Այդպես մտածում են մեր բարեկամները։ Մենք էլ ասենք, որ Արցախը ոչ միայն հայկական անառիկ ամրոց է, այլև միջազգային իրավական ճանաչման արժանի երկիր՝ հայտնի իր հնագույն պատմությամբ ու մշակույթով, օրինակելի արժեքային համակարգով, իր հյուրընկալությամբ ու խաղաղասիրական ձգտումներով։ Նաև պատրաստ՝ պաշտպանելու նյութական ու հոգևոր այն ամբողջ ժառանգությունը, որը փոխանցվել է այս հողի վրա հազարամյակներ շարունակ սեփական ինքնությունը հաստատած նախնիների կողմից։