ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇԱՀԱՐԿԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ
շոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Օրերս, Բաքվի ԶԼՄ-ների հաղորդմամբ` ՙՇվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ Ադրբեջանցիների մշակույթի կենտրոնի կողմից իրականացվեց ադրբեջանցի հարկադիր տեղահանվածների ու փախստականների hարցի շուրջ շվեյցարական հանրությանն իրազեկելու քարոզարշավ՚։ Ինչպես հաղորդում է Trend-ը` ՙշվեյցարացի երեխաները նկարել են հարկադիր տեղահանվածների ու փախստականների ընտանիքներից փոքրիկ ադրբեջանցիների համար՚։ Ընդ որում, աղբյուրը նշում է. ՙԱկցիային միացել են Բեռնում գործող ՙՂարաբաղ՚ ադրբեջանական դպրոցի սաները։ Նկարելուց առաջ երեխաներին ծանոթացրել են միջոցառման էությանն ու ադրբեջանցի փախստականներին նվիրված ստեղծագործություններին, այնուհետև առաջարկել՝ նկարել իրենց նկարները նշված թեմայի շուրջ: ՙՂարաբաղ՚ դպրոցում սովորող աշակերտները երեխաների համար ընթեռնելի լեզվով շվեյցարացի իրենց հասակակիցներին պատմել են հայ-ադրբեջանական հակամարտության ու հարկադիր տեղահանվածների խնդրի մասին։ Այն, որ տեղեկատվությունը մատչելի էր երեխաների համար, մեծ տպավորություն թողեց ակցիայի մասնակիցների ու նրանց ծնողների վրա...՚։
Այսպես, մենք ականատես ենք դառնում Բաքվի քարոզչության կողմից փախստականների ցավոտ հարցի շուրջ հերթական բացահայտ շահարկման, փախստականներ, ովքեր այդ կարգավիճակում են հայտնվել ինքնիշխան Արցախի դեմ ադրբեջանական իշխանությունների սանձազերծած պատերազմի և, ընդհանուր առմամբ, պաշտոնական Բաքվի հայատյաց քաղաքականության արդյունքում։ Ընդ որում, այս անգամ սադրանքը կազմակերպելու համար լայնորեն ներգրավել էին երեխաներին։
Բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) համար, որը գործնականում Ադրբեջանի կողմից պարտադրված մշտական պատերազմի մեջ է, փախստականների խնդիրն ամենահրատապներից մեկն է։ Այն ավելի է բարդանում հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքի պատճառով, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի փախստականները զրկված են միջազգային կարգավիճակից, որից օգտվում են Ադրբեջանի փախստականները, և դա պատերազմի ողջ սարսափն իր մաշկի վրա զգացած ԼՂՀ բնակչության այս խմբին զրկում է միջազգային օգնություն ստանալու հնարավորությունից։ Ակնհայտ է, որ փախստականներին առաջին կարգի, տվյալ դեպքում` ադրբեջանցիների, և երկրորդ կարգի, այսինքն՝ հայերի բաժանելու միջազգային որոշ ատյանների փորձը հակաիրավական է ու խիստ անբարո։ Փախստականները չեն կարող լինել ՙչճանաչված՚, քանի որ նրանք ապրող մարդիկ են, այն էլ՝ ճակատագրից տուժած։
ՙՄենք Ադրբեջանում թողել ենք մեր տները, մեր աշխատավայրերը, և Ադրբեջանի այսօրվա հարստության մի մասը մեզ է պատկանում, դա մեր նախնիների ներդրումն է։ Այս հարցը պետք է բարձրացվի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր փաթեթի շրջանակներում՚,-համարում է ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը։Անարդարության առանցքային պատճառը նա տեսնում է երկակի չափորոշիչների և բնակչության նշված խավի հանդեպ միջազգային հանրության կողմնակալ մոտեցման մեջ. ՙԱնտրամաբանական եմ համարում, երբ միջազգային ատյաններում առաջին հերթին և հիմնականում խոսվում է ադրբեջանցի փախստականների մասին, այն դեպքում, երբ կան մոտ կես միլիոն փախստական հայեր Ադրբեջանից։ Մեր փախստականները չեն կարող հասկանալ՝ ինչու, ի տարբերություն իրենց, ադրբեջանցի տեղահանվածներին ամեն ինչ կարելի է՝ և՜ զավթել հայերի տները, և՜ յուրացնել հայերի գույքը, դրա հետ մեկտեղ՝ միլիոնների հասնող միջազգային հումանիտար օգնություն ստանալ՚։ Սարյանի խոսքով, հնարավորության սահմաններում ԼՂՀ իշխանությունները ձգտում են լուծել Ադրբեջանից եկած փախստականների խնդիրները, որոնցից շատերը մինչ օրս ապահովված չեն սեփական բնակարանով։ Ղարաբաղյան ազատագրական շարժման սկզբում ի հայտ եկած առաջին փախստականների համար օպերատիվ կերպով կառուցվեցին ֆիննական առանձնատներ։ Սակայն 1988-ին ողջ Ադրբեջանով մեկ սկսված հայերի զանգվածային ջարդերից հետո փախստականների հոսքը Լեռնային Ղարաբաղ ուժգնացավ, և խնդրի լիարժեք լուծումն Արցախի իշխանությունների համար գրեթե անհնար դարձավ. նրանք բախվեցին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների վերականգնման, տնտեսության ու հասարակական կյանքի վերակենդանացման, զոհվածների ու վիրավորների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու (որոնց մեջ քիչ չէին և փախստականները) խնդիրների հետ։ Բացի այդ, պատերազմի առաջին տարիներին Ադրբեջանի կողմից մի շարք բնակավայրերի օկուպացման արդյունքում Արցախում հայտնվեցին հազարավոր ներքին տեղահանված անձինք՝ իրենց ոչ պակաս հրատապ խնդիրներով։ Մի քանի տասնյակ անօթևան մնացած ընտանիքներ Ղարաբաղ տեղափոխվեցին նաև 1988թ. դեկտեմբերին` Սպիտակի երկրաշարժից հետո։ 2016թ. ապրիլին Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի պատճառով սրվեց սահմանամերձ գյուղերից, մասնավորապես, Մարտակերտի հյուսիսում գտնվող Թալիշ գյուղից ներքին տեղահանվածների հարցը։ Այս վերջին տարիներին Արցախի իշխանությունների ջանքերն ուղղված էին տվյալ բնակավայրերի վերականգնմանն ու հարազատ օջախներ մարդկանց վերադարձն ապահովելուն։
Այն դեպքում, երբ հայ փախստականները զրկված են միջազգային ատյաններում իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, Ադրբեջանի իշխանությունները, շահարկման առարկա դարձնելով սեփական փախստականներին, ստանում են ինչպես միջազգային քաղաքական դիվիդենդներ, այնպես էլ հսկայական գումարներ։ Իսկ հայ փախստականներ ասես գոյություն էլ չունեն։
ՙՈ՜չ նախկին Ադրբեջանական ԽՍՀ¬ն, ո՜չ առավել ևս ներկայիս Ադրբեջանը որևէ քայլ չեն ձեռնարկել իրենց նախկին քաղաքացիների կոպտորեն խախտված իրավունքների համար սեփական քաղաքական¬իրավական պատասխանատվությունը ճանաչելու ուղղությամբ, բացարձակապես ոչ մի բարոյական պատասխանատվություն չեն ստանձնել կատարվածի համար՚,¬ ասում է Ստեփանակերտում Փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Ավագյանը։
Կազմակերպությունը մտադիր է հետևողականորեն հասնել նրան, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատած փախստականներին փոխհատուցի իր պատճառած բարոյական ու նյութական վնասը։ Ի դեպ, որոշ գնահատականներով XX¬րդ դարի վերջում Ադրբեջանից և Ղարաբաղի որոշ բնակավայրերից վտարված մոտ 500 հազար հայ փախստականների գույքն ընդհանուր առմամբ գնահատվում է մոտ 5 մլրդ դոլարի սահմաններում։
Փախստականների խնդրի շուրջ բազմիցս արտահայտվել է և ԼՂՀ ղեկավարությունը։ Նախագահ Բակո Սահակյանը, նշելով փախստականների խնդրի համակողմանի դիտարկման անհրաժեշտությունը, մասնավորապես, հայտարարել էր. ՙԵթե խոսում ենք ադրբեջանցի փախստականների մասին, չպետք է մոռանալ նաև այն կես միլիոն հայերին, ովքեր ստիպված էին լքել հարազատ օջախները կամ հարկադրաբար վտարվել են այնտեղից։ Ուստիև կոնկրետ ու միայն ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը մեր կողմից չի կարող ընդունվել։ Մենք պատրաստ ենք փախստականների հարցը քննարկել համապարփակ ձևով՝ հաշվի առնելով նաև հայ փախստականների շահերը՚։
Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում պետք է լուծում ստանա ոչ միայն Ադրբեջանի կողմից գրավված Շահումյանի շրջանից, ԼՂՀ Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ բնակավայրերից փախստականների խնդիրը, այլև Հյուսիսային Ղարաբաղից փախստականների հարցը, որն ընդգրկում էր նախկին ԱդրԽՍՀ Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի, Գեդաբեկի լեռնային ու մասամբ նախալեռնային շրջաններն ու Գանձակ քաղաքը։ Այստեղ` ընդհուպ մինչև 1988թ., հայերը նախկինի պես բնակչության մեծամասնությունն էին կազմում։ Այս շրջանի հայկական վերջին բնակավայրերը՝ Գետաշենն ու Մարտունաշենը, հայաթափվեցին 1991թ. ապրիլ¬մայիսին։ Նկատենք նաև, որ Լեռնային Ղարաբաղում առաջին փախստականներն ի հայտ են եկել ադրբեջանական իշխանությունների ճնշման արդյունքում՝ դեռևս 1988թ. փետրվարին սումգայիթյան իրադարձություններից առաջ՝ Աղդամից, Բարդայից, ինչպես նաև Եվլախից և Քուռ¬Արաքսի հարթավայրի այլ տարածքներից, որտեղ հայկական բնակչություն դեռ մնում էր։
Մինչդեռ հակամարտության երկու կողմերի փախստականների խնդիրը միայն սրվում է` Բաքվի կողմից շարունակ իրականացվող շահարկումների պատճառով։ Միջազգային հանրությունը չպետք է տրվի նման զեղծարարությունների, առավել ևս՝ սատարի դրանք։ Հակառակը, միայն խստորեն դատապարտելով է հնարավոր սաստել հումանիտար ցավոտ խնդիրների շուրջ նման շահարկումներ նախաձեռնողներին։