Logo
Print this page

ՙԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ՚

Ռուզան Իշխանյան

 Արցախի Հանրապետության հռչակման օրը՝ սեպտեմբերի 2-ին, ԱՀ և ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Մասիս Մայիլյանն ու Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին հրավիրեցին մամլո ասուլիսի, որը տեղի ունեցավ կառավարության նիստերի դահլիճում։ Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով մեր հանրապետությունում էր Հայաստանից ժամանած պատվիրակությունը։ Հայկական երկու պետությունների արտգործնախարարներն իրենց երկօրյա հանդիպումներն ավարտեցին ասուլիսով։

Փակ քննարկումներ դիվանագիտական հարթակում


Արտգործնախարարները նախևառաջ խոսեցին արցախյան օրակարգի մասին, որը, Զ. Մնացականյանի բնորոշմամբ, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի ծրագրի եզրափակիչ փուլն էր։ Դեսպանահավաքը Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին ավարտելը խորհրդանշական էր, բացի այդ, նպատակ կար առիթն օգտագործել՝ խորացնելու և ամրապնդելու երկխոսությունը դիվանագիտական անձնակազմերի՝ արտերկրում Հայաստանը ներկայացնող դեսպանների և ԱՀ արտգործնախարարության անձնակազմի միջև։ Մնացականյանի խոսքով՝ առկա է համատեղ աշխատանքի միանգամայն հստակ օրակարգ. համապարփակ և համալրված մոտեցումներ, ընկալումներ և գնահատականներ նախևառաջ ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Մտքերի փոխանակումն, իրոք, մեծ նշանակություն ունեցավ։
Մնացականյանը կարևորեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը։ Այնուհետև նշեց, որ Արցախում անցկացված երկօրյա խորհրդաժողովում տարբեր հարցերի շուրջ տեղի են ունեցել բովանդակային քննարկումներ։ Առանձին հանդիպումներ են անցկացվել նաև Արցախի թեմի առաջնորդի, գործարար շրջանակների հետ։
Առանձնահատուկ նշանակություն տրվեց դիվանագետների մասնակցությամբ ՀՀ Ազգային ժողովում կայացած խորքային քննարկումներին։ Նախարարը խոսեց նաև Գյումրիում կատարված աշխատանքի մասին, որտեղ ուշադրությունը սևեռվեց Հայաստանի մարզերի զարգացման խնդրին և այս ոլորտում առկա գերակայություններին։ Դեսպանների հետ հանդիպմանն ուրվագծվել են այն անհրաժեշտ քայլերը, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության մասով կառավարության գործունեությանը։
Հայկական երկու հանրապետությունների արտգործնախարարությունների աշխատակազմերի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայությունների միջև Արցախում անցկացված հանդիպումը ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը վերջին տասնամյակի կտրվածքով աննախադեպ որակեց։ Նա ընդգծեց քննարկումների օգտակարությունն ու մտքերի ազատ փոխանակումը և հավելեց, որ արտերկրում աշխատող գործընկերների կողմից նույնպես բարձր են գնահատվել խորհրդակցությունների արդյունքները։ Երկու նախարարությունների համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. այս տարվա ամռանն, առաջին անգամ, կողմերի միջև ստորագրվել է մի փաստաթուղթ՝ խորհրդակցությունների պլան, որն ուժի մեջ է լինելու մինչև 2020-ի ավարտը։ Վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները նաև այդ փաստաթղթի կյանքի կոչմանն էին միտված։

 

Այս մարտահրավերը ևս կհաղթահարվի

 

ՙԱզատ Արցախի՚ հարցը վերաբերում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օգոստոսի 27-ի հայտարարությանը. ՙՄենք տեսնում ենք աշխարհում արևմտյան գերիշխանության ավարտը՚։ Այս տեսակետը Մակրոնը հիմնավորեց նրանով, որ աշխարհաքաղաքականության մեջ տեղի են ունենում փոփոխություններ. Չինաստանը մղվում է առաջին շարք, Ռուսաստանը մեծ հաջողության է հասնում իր ռազմավարության մեջ, իսկ Եվրոպայի անվտանգությունն անհնար է պատկերացնել առանց Ռուսաստանի։ Պարզ է, որ հայտարարությունն ուղղվել է Մինսկի խմբի մեկ այլ համանախագահող երկրի՝ ԱՄՆ-ին։ ՀՀ և ԱՀ արտգործնախարարներն այս հայտարարության մեջ վտանգ տեսնո՞ւմ են, թե ոչ, և համանախագահող պետությունների հարաբերություններում հնարավո՞ր են բացասական զարգացումներ։
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ հարցի պատասխանն առանձին կոնֆերանս է պահանջում՝ աշխարհաքաղաքական խորքային զարգացումների բազմակողմ վերլուծությամբ։ Սա, բնականաբար, հուզում է միջազգային քաղաքական, փորձագիտական շրջանակներին։ ՙԿարող եմ պատասխանել հետևյալ ձևով. մենք օգոստոսի 27-ին բացեցինք մեր դիվանագիտական կոնֆերանսը, հնչեցին ՀՀ վարչապետի և արտգործնախարարի ելույթները։ Կուզենայի հիշեցնել, որ իմ ելույթում շատ ընդարձակ անդրադարձ եղավ մեր արտաքին քաղաքական գերակայություններին, որոնք հիմնված են մեր արժեքների և շահերի, ինչպես նաև արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների վրա։ Այդ սկզբունքներն են՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն՚։
Արտաքին քաղաքականության ոլորտում, Մնացականյանի խոսքով, գործողությունները ձեռնարկվում են ըստ մարտահրավերների, որոնք առաջ են գալիս և շարունակում են գալ այս փոփոխվող աշխարհում։ ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացվում է նաև քաղաքակրթական և ժամանակակից աշխարհում ընդունված սկզբունքներով, որոնցից Հայաստանը երբեք չի հրաժարվի։ Հակամարտության խաղաղ կարգավորման միակ ձևաչափը Հայաստանի համար եղել և մնում է ներկայիս գործող ձևաչափը։
ԱՀ արտգործնախարար Մայիլյանը չի կարծում, թե Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ Մինսկի խմբի և հատկապես համանախագահների աշխատանքների վրա։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ համանախագահները գոնե այս հարթակում համերաշխ են աշխատում՝ չնայած իրենց հարաբերություններում առկա հակասություններին։ Արցախի խնդիրը, նախարարի խոսքով, միավորող դեր է կատարում։ Նման մարտահրավերներ անցյալում եղել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որոնք ճգնաժամային բնույթ են կրել, սակայն դա որևէ կերպ չի ազդել եռանախագահության շրջանակներում իրականացված աշխատանքների վրա։ ՙԵս կարծում եմ, որ այս մարտահրավերը ևս կհաղթահարվի՚, -եզրափակեց ԱՀ արտգործնախարարը։

 

Միավորվել համազգային նպատակների շուրջ

 

ՀՀ արտգործնախարարն անդրադարձավ նաև համահայկական օրակարգին՝ ասելով, որ այս հարթությունում խնդիրները բազմազան են, աշխատանքի ծավալը՝ մեծ։ Խնդիրն այն է, թե որ երկրում ինչպես աշխատել, որ բնագավառին առավելագույն ուշադրություն դարձնել։ Հայաստանի դիվանագիտական կորպուսի համար դա առօրյա աշխատանքի առաջնագիծ է։ Համազգային օրակարգում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության գործոնն անչափ կարևոր է, քանի որ առկա է նաև Արցախի ինքնության պահպանման, նրա կարգավիճակի, անվտանգության և զարգացման հարցերը։ Սփյուռքի օրակարգը կազմվում է այս բոլոր հարցերի շուրջ։ ՝ Համահայկականությունն արտահայտվում է հենց համազգային ներուժի օգտագործմամբ։ Հայկական սփյուռքն ինստիտուցիոնալ առումով բավականին զարգացած է. բազմաթիվ կառույցներ, հայկական եկեղեցի, մշակութային, կրթական կազմակերպություններ։ Կան անհատներ, որոնց գործունեությունը նույնպես նպաստում է համազգային օրակարգի առաջ մղմանը։ Ունենք բազմաթիվ օրինակներ այն մասին, թե ինչպես է համազգային ռեսուրսն աշխատում պետության զարգացման օրակարգի շուրջ։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.