ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Սեմյոն ԲԱԲԱՅԱՆ
1987-1991թթ. պատմության էջերը
(Սկիզբը՝ ՙԱԱ՚-ի թիվ 110, 111-ում)
Առաջ անցնելով, նշեմ, որ ժամանակ առ ժամանակ կասկածներ էին առաջանում և, թվում էր, Հենրիխ Պողոսյանն ու Արկադի Մանուչարովը ճիշտ էին, ովքեր կողմ էին, որ մարզի համար Կենտրոնի առաջարկած` ինքնավար հանրապետության կարգավիճակն ընդունվի, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո նման տարածքային կազմավորման համար, հնարավոր է, հեշտ կլիներ դուրս գալ Ադրբեջանի կազմից։ Բայց, նախ, այն ժամանակ, ո՞վ կմտածեր, որ Խորհրդային Միությունը կփլուզվի, երկրորդ` Շարժման մասնակիցները, ովքեր սատարում էին տնօրեններին, ավելի ուշ միասին հանգեցին ճիշտ որոշման՝ հռչակելով ինքնուրույն անկախ պետության՝ ԼՂՀ-ի ստեղծումը։
Փետրվարի 28-ի նստաշրջանի անցկացման օրից մինչև 1988թ. օգոստոսը մարզգործկոմն աշխատում էր առանց նախագահ Վ. Օսիպովի, ով դեմ էր նստաշրջանի որոշմանը և լքել էր մարզը։ Գործկոմի աշխատանքն այդ շրջանում ղեկավարում էր փոխնախագահ Շմավոն Պետրոսյանը, ով Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու մասին` Մարզխորհրդի 1988թ. հուլիսի 12-ի արտահերթ նստաշրջանի պատմական որոշման նախաձեռնողներից էր։
Նույն տարվա օգոստոսի 24-ին, այն բանից հետո, երբ Հենրիխ Պողոսյանի, Տնօրենների խորհրդի և Արկադի Վոլսկու կողմից քննարկվեց իմ թեկնածությունը, միաձայն ընտրվեցի Լեռնային Ղարաբաղի Մարզխորհրդի գործկոմի նախագահ։
Պաշտոնավարման հենց սկզբից ստիպված էի աշխատել ազգամիջյան սրված հարաբերությունների ծանր պայմաններում, հատկապես սեպտեմբերին մարզում արտակարգ դրություն մտցնելուց հետո։ Այդ դժվարին օրերին միշտ զգում էի մարզի կուսակցական ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի մեծ հայրենասերի աջակցությունը, ով անմնացորդ նվիրված էր իր ժողովրդին։ Բայց ԽՍՀՄ-ում առաջին անգամ իր իրավունքների համար ընդվզող մարզի մարզկոմի նման առաջին քարտուղար Կենտրոնին պետք չէր, և 1988թ. նոյեմբերի վերջին Գորբաչովը Հենրիխ Անդրեևիչին հարկադրեց հրաժարվել պաշտոնից և գալ Մոսկվա՝ հուրախություն Ադրբեջանի ղեկավարության, որն էլ նախաձեռնել էր Կենտրոնի այս գործողությունները։
Բայց, անգամ պաշտոնաթող լինելուց հետո, Հ. Պողոսյանն ամենաակտիվ մասնակցությունն էր ունենում մարզի քաղաքական բոլոր միջոցառումներում՝ սկզբից որպես կուսակցության մարզկոմի նախկին առաջին քարտուղար, ապա` ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ մինչև տարեվերջ, իսկ հետագայում և մինչև ԽՄԿԿ լուծարումը, Լեռնային Ղարաբաղի կուսակցության մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնը չվերականգնեցին։ Միաժամանակ կուսակցական բոլոր մարմինները, ներառյալ կուսակցության մարզկոմի աշխատակազմը, քաղկոմն ու շրջկոմը շարունակում էին աշխատել։ 1989թ. հունվարի 12-ին, ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի (ՀԿԿ) ստեղծման հետ կապված, որը նախագահում էր Ա.Ի. Վոլսկին, դադարեցվեց գործկոմի և 20-րդ գումարման Մարզխորհրդի պատգամավորների գործունեությունը։ Կուսակցության մարզկոմի և մարզգործկոմի ապարատները ՀԿԿ նախագահի տրամադրության տակ էին։ Ինձ` որպես Մարզխորհրդի (արդեն չգործող) գործկոմի նախագահ, և ժողովրդական վերահսկողության մարզային կոմիտեի նախագահ Վ.Հ. Թովմասյանին, ընդգրկեցին ՀԿԿ կազմում՝ որպես մարզի ներկայացուցիչներ։
Իր գործունեության հենց սկզբից ՀԿԿ-ն սկսեց միջոցներ ձեռնարկել մարզի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվացման և տնտեսության զարգացման ուղղությամբ. ստեղծվեցին նոր` ՙԱմարաս՚, ՙՄիացում՚, ՙՀիշատակ՚ հասարակական կազմակերպությունները և ժողովրդական իշխանության նոր մարմինը՝ Ազգային խորհուրդը, ամրապնդվեցին կապերը Հայաստանի հետ, նկատելիորեն բարելավվեց նյութատեխնիկական մատակարարումը, ՙՀայտրանսգազ՚ միավորումը հաջողությամբ իրականացրեց մարզի գազիֆիկացումը, ՙԱրարատշին՚ տրեստը բացեց իր վարչությունը և ընդլայնեց շինարարության ծավալները Լեռնային Ղարաբաղում։
Դրական փոփոխություններ տեղի ունեցան նաև մարզի բնակչության հոգևոր կյանքում. վերականգնողական աշխատանքներից հետո Զատկի տոնին ընդառաջ բացվեց Գանձասար վանական համալիրը, հետագայում և` Ամարասը։ Հակառակ ՀԿԿ բոլոր այս քայլերին, ավելի քան երկու ամիս տևած գործադուլը շարունակվում էր, ինչի հետ կապված` մարզում իրադրությունը բարդանում էր, և տնտեսությունը փլուզման եզրին էր։ Կոմիտեն չէր կարող իրականացնել ցուցարարների գլխավոր պահանջը՝ մարզը հանել Ադրբեջանի կազմից, քանի որ Գորբաչովը, ՀԿԿ-ի ստեղծման մասին հրամանով այն ենթարկելով անմիջապես Կենտրոնին, մարզը թողեց Ադրբեջանական ԽՍՀ կազմում։
Գորբաչյովի հետ իմ ունեցած չորս հանդիպումներից երեքի ժամանակ ելույթ ունեցա և հիմնավորեցի Ադրբեջանի կազմից մարզի դուրս գալու անհրաժեշտությունը։ Խոստանալով հարցը քննարկել, Մ. Գորբաչովն ամեն անգամ ՙլուծում էր՚ այն՝ ելնելով տարածքային ամբողջականության սկզբունքից՝ ի վնաս ազգի ինքնորոշման լենինյան ժողովրդավարական սկզբունքի։ Այս հանդիպումների արդյունքում ձևավորվեց այն հաստատ համոզմունքը, որ Գորբաչովը մարզն Ադրբեջանի կազմից չի հանի՝ իր դիրքորոշումը հիմնավորելով հարցի դրական լուծման դեպքում ինչ-որ ՙանկանխատեսելի հետևանքների՚ մասին անհիմն մտավախություններով։ 1989թ. հոկտեմբերի 20-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նիստի ժամանակ, ոչ առանց նախագահող Մ. Գորբաչովի ճնշման, ընդունվեց որոշում, որը մարզի կարգավիճակը նույնը թողեց։
Նոյեմբերի 28-ին` այժմ արդեն Անատոլի Լուկյանովի նախագահությամբ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարին, որին չէին մասնակցում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի` դահլիճը լքած պատգամավորները, որոշվեց մարզը թողնել Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Մ. Գորբաչովը համագումարի աշխատանքներին չէր մասնակցում, բայց որոշումները ստորագրեց։
Վրդովեցուցիչ էր այն փաստը, որ երկու որոշումներն ընդունվեցին` առանց հաշվի առնելու Գ.Ս. Տարազևիչի նախագահությամբ` ժողպատգամավորների առաջին համագումարի ժամանակ այս հարցով ստեղծված հանձնաժողովի դրական կարծիքը մարզն Ադրբեջանի կազմից հանելու հարցում։
Նույն այդ համագումարին ընդունվեց որոշում ԼՂԻՄ ՀԿԿ-ի գործունեության դադարեցման և մարզում իշխանությունը վերստեղծված հանրապետական կազմակերպական կոմիտեին փոխանցելու մասին, որը ղեկավարում էր Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Պոլյանիչկոն։ Կազմկոմիտեի գործունեությունը վերահսկելու և ընտրությունների անցկացման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին ենթակա վերահսկիչ-դիտորդական հանձնաժողով։ Որոշումը նախատեսում էր ԼՂԻՄ 20-րդ գումարման Մարզխորհրդի ու նրա գործադիր կոմիտեի գործունեության վերսկսում։ Մարզի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու բոլոր հույսերն ի դերև ելան, իսկ այս հարցով Կենտրոնի բոլոր խոստումները ստահոդ էին։ Այս որոշումների կայացմամբ Գորբաչյովը վերջնականապես հաստատեց, որ նա Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից չի հանի։
Մարզի վրդովված բնակչությունը նոյեմբերի 29-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ընդունեց որոշում՝ ընդդիմանալ Կենտրոնին ու ադրբեջանական իշխանություններին՝ չկատարելով իշխանությունների հակաղարաբաղյան որոշումները և բոյկոտելով կազմկոմիտեին։ Ի պատասխան մարզն Ադրբեջանի կազմում թողնելու որոշմանը՝ Շարժման մասնակիցները հայտարարեցին` ՙՀիմնախնդիրը կլուծենք ինքներս՝ Հայաստանի օգնությամբ՚։
Հանրահավաքի մասնակիցները դեմ էին Մարզխորհրդի ու նրա գործկոմի գործունեության վերսկսմանը՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Այս պահանջն էլ ավելի բարդացրեց մարզգործկոմի ու նրա նախագահի աշխատանքը։ Հատուկ կառավարման կոմիտեի լուծարման ժամանակ կուսակցության մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, ով այդ ժամանակ մարզի առաջին դեմքն էր, ՙմոռացան՚ վերականգնել։
Խուլ շրջափակման մեջ գտնվող, իր իրավունքների համար ոտքի ելած մարզի առօրյա կյանքը պահանջում էր բարդ հարցերի օպերատիվ լուծում և պատասխանատու փաստաթղթերի ստորագրում։ Ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար որոշվեց, որ բոլոր կարևոր փաստաթղթերը կստորագրի մարզային գործկոմի նախագահը, այնուհետև, կախված փաստաթղթի նշանակությունից` կամ կուսակցության քաղկոմի և շրջկոմի առաջին քարտուղարները, կամ քաղգործկոմի ու շրջգործկոմի նախագահները։ Հատուկ կարևորության փաստաթղթերն ստորագրում էին բոլոր ղեկավարները և մարզից ԽՍՀՄ պատգամավորները։ Օպերատիվ փաստաթղթերն ստորագրում էր գործկոմի նախագահը՝ ՙմարզային գործկոմի հանձնարարականով՚ լրացմամբ։
1990թ. սկիզբը Շարժման մասնակիցների համար, հավանաբար, ամենածանր շրջանն էր։ Շարժումը շարունակում էր ընդդիմանալ Կենտրոնին, և հունվարի 9-ին Ստեփանակերտ ժամանած ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Ա.Ն. Գիրենկոն ու ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի նախագահ Ռ.Ն. Նիշանովը, որոնց հետ Շարժման մասնակիցները չցանկացան հանդիպել, օդանավակայանից թռան Բաքու։
Ու այդ քաղաքում ադրբեջանցի ծայրահեղականները երկրում ազգային հարցերի պատասխանատու, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարի՝ այնտեղ գտնվելու ժամանակ՝ հունվարի 12-ին, կազմակերպեցին հայերի ցեղասպանություն, սպանելով հարյուրից ավելի խաղաղ բնակիչների, այդ թվում ծերերի և երեխաների։
Սումգայիթյան դեպքերի համար Կենտրոնի կողմից չստանալով քաղաքական պատշաճ գնահատական, ադրբեջանցի ծայրահեղականներն իրականացրին Բաքվի հայերի ցեղասպանությունը։ Արդյունքում ավելի քան 350 հազար հայեր վտարվեցին Ադրբեջանից։
Այս իրադարձություններից հետո մարզի իրավիճակը կտրուկ սրվեց, այն շարունակվում էր շիկանալ՝ Ստեփանակերտ ժամանած կազմկոմիտեի նախագահ Վ. Պոլյանիչկոյի, իսկ հետագայում` զինվորական պարետ գեներալ Վ. Սաֆոնովի սադրիչ գործողություններից հետո։ Այս երկու հայատյաց գործիչները կատարում էին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի նույնքան հայատյաց առաջին քարտուղար Ա. Մութալիբովի ցուցումները, որի ցանկությունն էր Ղարաբաղի հայերին ստիպել, որ շարունակեն ապրել Ադրբեջանի կազմում կամ` երկրից վտարել անհնազանդներին։ Այս ՙառաջադրանքի՚ լուծման համար Կենտրոնն ստեղծեց բարենպաստ պայմաններ` 1990թ. հունվարի 15-ին հրապարակելով մարզում արտակարգ դրություն մտցնելու, ինչպես նաև ՙՄիացում՚ կազմակերպության ու Ազգային խորհրդի գործունեությունն արգելելու մասին հրամանագիր։
Զինվորական պարետությունը խստացրեց անձնագրային ռեժիմի ստուգումները և ապօրինի պահվող զենքի առգրավման պատրվակով իրականացնում էր խուզարկություններ՝ խաղաղ բնակչության դեմ կիրառելով բռնություն, օգտագործելով ռետինե մահակներ։ Հաճախակի դարձան Շարժման ակտիվիստների ձերբակալությունները և հայկական ծայրամասային գյուղերի վրա ադրբեջանցի ավազակախմբերի զինված հարձակումները, որոնց բնակավայրերը զինվորական պարետությունը ստուգումների ժամանակ շրջանցում էր։ Մարզի ժողովրդագրական պատկերը փոխելու միտումով Ադրբեջանի իշխանությունները մարզի` ադրբեջանցիներով բնակեցված տարածքներում արագացված տեմպերով ծավալում էին արտադրական օբյեկտների ու բնակարանների ապօրինի շինարարություն, արհեստականորեն ստեղծում նոր բնակավայրեր` առանց մարզային գործկոմի համաձայնության ավելի բարձր կարգավիճակ շնորհելով եղած բնակավայրերին։
Մարզի շարունակվող շրջափակումը սննդամթերքի ու վառելիքի խիստ անբավարարության պատճառ դարձավ, հատկապես բենզինի ու դիզվառելիքի հարցում։ Կենցաղային գազի մատակարարումը լրիվությամբ դադարեցված էր, իսկ էլեկտրաէներգիայի մատակարարումը հասցվեց նվազագույնի` երկարատև անջատումներով։
Սկսվեց մարզի տեղեկատվական շրջափակումը. Ստեփանակերտում գրաքննության էին ենթարկվում մարզային թերթը, չէին աշխատում ռադիոն և հեռուստատեսությունը, հաճախ անջատվում էր հեռախոսակապը։ Զինվորական պարետությունը, որի պարտականությունների մեջ էր մտնում մարզի ապաշրջափակումը, իր սադրիչ գործողություններով, ընդհակառակը, փորձում էր խափանել Լեռնային Ղարաբաղում գործող` արտաքին աշխարհի հետ միակ կապը՝ օդային տրանսպորտը։ Մարզը հազիվ գոյատևում էր։
Ստեղծված պայմաններում Շարժման ակտիվիստները միասնական կարծիքի եկան և 1990 թվականի մարտի 27-ին անցկացրեցին նստաշրջան՝ վերականգնելով 20-րդ գումարման Մարզխորհրդի ու նրա գործկոմի գործունեությունը՝ ի կատար ածելով ոչ թե ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989թ. նոյեմբերի 28-ի որոշումները, այլ երկրի գործող Սահմանադրությունը։ Հանգամանքների բերումով մարզային գործկոմն իր աշխատանքը շարունակեց կուսակցության քաղկոմի շենքում, որտեղ դեռ տարեսկզբին տեղավորվել էր կուսակցության մարզկոմի աշխատակազմը։ Այս տեղափոխությունները կապված էին այն բանի հետ, որ երկու շենքերի վերևում կազմկոմիտեն տեղադրել էր Ադրբեջանի պետական դրոշը, որի ներքո չէինք աշխատում և տեղափոխվեցինք կուսակցության քաղկոմի շենք, որտեղ աշխատում էինք Հայաստանի պետական դրոշի ներքո։
Այն տարիներին Ղարաբաղյան շարժման մասնակիցներին հաճախ մեղադրում էին, որ նրանք իրենց գործողություններով խոչընդոտում էին ԽՍՀՄ-ում վերակառուցման առաջընթացին և անգամ նպաստում ԽՄԿԿ շարքերում սկիզբ առած երկպառակություններին։ Հիշեցնենք, որ Շարժման նախնական փուլը սկիզբ էր առել և անցնում էր վերակառուցման գործընթացի ժողովրդավարական փոփոխությունների ազդեցությամբ և ինտերնացիոնալ բնույթ էր կրում։ Հրապարակում սկզբնական շրջանում ՙԼենին-Պարտիա-Գորբաչյով՚ կարգախոսն էին վանկարկում հայեր, ռուսներ և անգամ ադրբեջանցիներ՝ պահանջելով միայն վերանայել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու հարցը, երկրամաս, որը կուսակցական մարմինների որոշմամբ արհեստականորեն տրոհվել էր նրանից։
Կուսակցության քաղկոմի շենքում, փաստորեն, տեղակայվել էր Շարժման շտաբը, որի մասնակիցները, ղեկավարվելով Հայաստանի հետ վերամիավորման գաղափարով, բռունցքվեցին և հանդես եկան միասնական ճակատով՝ գլխավոր գաղափարի իրականացման համար պայքարում։
Ժողովրդական շարժման մասնակիցների` նման միասնությունն ու համախմբվածությունը, ինչպես նաև Մայր Հայաստանի աջակցությունը ղարաբաղցիներին օգնեցին դիմակայել ադրբեջանական իշխանությունների ագրեսիվ գործողություններին, գոյատևել ու հաղթանակել՝ հռչակելով հայկական երկրորդ անկախ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։