ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՄԻԱԿԱՐԾԻՔ ԵՆ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Ժողովուրդներն իրավունք ունեն ապրել իրենց պատմական հայրենիքում, ապրել ազատ ու անվտանգ, առանց կողմնակի ճնշումների և հարկադրանքի։ Ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, և այն ընդունվում է առանց մեկնաբանությունների և առարկությունների, որովհետև խոսքը վերաբերում է մարդու ճակատագրին, նրա գոյության անքակտելի իրավունքին և ազատություններին։
Ինքնորոշման իրավունքն ամրագրված էր ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին օրենքով։ 1960թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց գաղութային երկրներին ու ժողովուրդներին անհապաղ անկախություն շնորհելու հռչակագիրը։ Յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ միջազգային իրավունքի պաշտպանություն է ստանում ինքնորոշման մասին իր կամքն արտահայտելու պահից։ Արցախի ժողովուրդը 1991թ. սեպտեմբերի 2-ին, հիմք ընդունելով ինչպես խորհրդային օրենսդրությունը, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված դրույթները, հռչակեց իր անկախ պետականությունը։ Տարածքային ամբողջականության սկզբունքն անընդհատ շահարկող Ադրբեջանին մենք հակադարձում ենք՝ հենվելով միջազգային օրենքների վրա, հստակ ասելով, որ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը տալիս է անկախ պետականության հռչակման միջազգային իրավազորություն, անկախ այլ պետությունների կողմից ճանաչվելու կամ չճանաչվելու փաստից։ Այսինքն՝ Ադրբեջանի քմահաճույքն այս հարցում որևէ դերակատարություն չունի։
Գաղութատիրության դեմ պայքարը նախորդ հարյուրամյակում հանգեցրեց գաղութային լծի թոթափմանն ու անկախ պետությունների ձևավորմանը։ Անկախացման գործընթացը շարունակվեց 21-րդ դարասկզբին, ի հայտ եկան նորանկախ պետություններ՝ Կոսովո, Հարավային Սուդան, Արևելյան Թիմոր, Չեռնոգորիա։ Հետխորհրդային տարածքում անկախություն ձեռք բերեցին Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրի Հանրապետությունը։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը, որն անկախության մասին հայտարարեց անցյալ դարավերջին, իր չճանաչվածությամբ հանդերձ, նախադեպ դարձավ այլ ժողովուրդների ազատ կամարտահայտման իրավունքի իրացման գործում։
Անտարակույս, պետությունների անկախացումը նաև պայմանավորված է լինում աշխարհաքաղաքական գործոնով, ինչպես ընդունված է ասել, քաղաքական նպատակահարմարությամբ, ինչն ադրբեջանա-արցախյան հակամարտության դեպքում բացառված է։ Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ ժողովրդի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում։ Առաջին և երկրորդ սկզբունքներն իրար հակադրելով՝ Ադրբեջանը բանակցային գործընթացում փորձում է հանդես գալ շահավետ դիրքերից։ Հակառակ այս ջանքերին, միջնորդ պետություններն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցում միակարծիք են։
Հայաստանում տեղի ունցած թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Երևան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ասաց մի պարզ ճշմարտություն. ՙԲոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել։ Հայաստանը պարզապես այն չի ստորագրի՚։ Սա Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշումն է ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Նաև ժողովրդի ինքնորոշման իրավունքի գերակայության հավաստումն է։ Պատահական չէին նաև նրա խոսքերն այն մասին, որ Արցախը բանակցություններից դուրս է մնացել Հայաստանի նախկին նախագահներից մեկի մեղքով։ Լավրովը հասկանալի լեզվով, առանց դիվանագիտական հնարքների, ասել է, որ բանակցությունների սեղանի շուրջ Արցախի ներկայությունը միջնորդների համար ընդունելի էր, ընդունելի է և այսօր։ Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված դիրքորոշմանն առ այն, որ արցախյան հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար։ Սրանով Ռուսաստանը՝ որպես համանախագահող երկիր, ի ցույց է դնում ՀՀ-ի կառուցողական դիրքորոշումը՝ անուղղակիորեն հակադարձելով ադրբեջանական առավելապաշտական քաղաքականությանը։
Հարևան երկրի նախագահը կարծում է, թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի։ Գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած էր ադրբեջանցի և հայ ժողովուրդներից։
Իլհամ Ալիևի հռետորաբանությունը մեզ հասկանալի է։ Բանակցային գործընթացում անտեսելով ժողովրդի ինքնորոշման գերակա իրավունքը` նա տարածքները դիտարկում է առաջնային խնդիր՝ ցույց տալով, որ իրեն պետք է տարածք՝ առանց ժողովրդի։ Նա, իհարկե, չի ասի, որ Արցախում ապրում է հնագույն պատմություն ունեցող ժողովուրդ, չի ասի, որ իր նպատակը հենց այդ ժողովրդին ֆիզիկապես ոչնչացնելն է։ Այնպես որ, Ալիևի վերոհիշյալ արտահայտությունը լիովին համահունչ է նրա ռազմավարությանը՝ տիրանալ հայկական տարածքներին և դրանք բնակեցնել ադրբեջանցիներով։ Հայկական կողմը մշտապես թուրքական այս ծրագիրն է մատնացույց անում՝ շեշտելով, որ Արցախի անկախությունը ճանաչելով, միջազգային հանրությունը դրանով կերաշխավորի նրա ֆիզիկական անվտանգությունը։ Ի միջի այլոց, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանի խոսքում էքզիստենցիալ անվտանգությունը հաճախ է ընդգծվում. Արցախի ժողովուրդը մեր հավաքական միասնական ինքնության պաշտպանն է, շատ ավելի խորքային է, երբ ասում ենք էքզիստենցիալ անվտանգության գերակայություն։ Դրա իմաստը խորքային է յուրաքանչյուր հայի համար. 150 հազար հայերն արտահայտում են ինքնության հանդեպ մեր խորը զգայունությունը և, թերևս, դրանով է արտահայտվում մեր համախմբվածությունն ու վճռականությունը` ապահովելու Արցախի ժողովրդի համար այն, ինչ կոչվում է անվտանգություն։
Երևանում Լավրովի հայտարարություններից քիչ անց՝ նույն օրը, ադրբեջանա-արցախյան հակամարտությանն անդրադարձավ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ասելով, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն այն ավելի շատ խոսքերի մակարդակում է։ Մամեդյարովն այնուհետև հավելել է, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը կհստակեցվի այդ հարցը։ Թե ինչի է սպասում Ադրբեջանի արտգործնախարարը, թողնենք նրա երևակայությանը։
Փաստենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը սատարել և սատարում են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ այս ձևաչափի հիմնադրման պահից մինչ այսօր։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի օրենսդիրները բազմիցս հանդես են եկել Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին հայտարարություններով։ Ընթացիկ տարում ֆրանսիացի խորհրդարանականները, գտնվելով Արցախում, ի լուր աշխարհի, հայտարարեցին, որ Արցախի Հանրապետությունը պետք է միջազգային ճանաչման արժանանա ներկայիս սահմաններով։
Անշուշտ, չի կարելի շրջանցել ԱՀ արտաքին գործերի նախարարի վերջին այցը Միացյալ Նահանգներ, որը զուգադիպվեց Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։ Առանձնապես պետք է կարևորվի նրա ելույթը Կոնգրեսում կայացած միջոցառմանը, որը նվիրված էր Արցախի անկախությանը։ Միջոցառմանը ելույթ ունեցած կոնգրեսականները վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ սատարելու Արցախի անվտանգության ամրապնդմանը և միջազգային ճանաչմանը։ Կոնգրեսի անդամներ Բրեդ Շերմանը և Ֆրենկ Փալոունը հանդիսավոր կերպով Մայիլյանին են փոխանցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H Res բանաձևի կրկնօրինակը։
Այս փաստն իր մեջ կարևոր ազդակ է պարունակում. նախևառաջ, դա Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության ընդունումն է։