ՆՇՄԱՐ. ԱՐՑԱԽ Ի՜ՆՔ ԿԸ ՆՈՒԻՐԱԲԵՐԷ…
Զաքար ՔԷՇԻՇԵԱՆ
Նախատօնական օրերն այս տարի պայծառ չեն Լիբանանի ու լիբանանահայութեան համար։
Քաղաքատնտեսական ճգնաժամը յաղթահարելու համար, ինչպէս անցեալին, այսօր ալ հաւաքական ճիգեր ի գործ կը դրուին նաեւ նուիրահաւաքի համար՝ նպաստելու կարիքաւոր հայ ընտանիքներուն, ինչպէս նաեւ մեր ազգային կառոյցներու անխափան գործունէութեան ապահովման։
Վեհափառ հօր կատարած ներդրումին յաջորդեցին ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի եւ անհատ ձեռնհաս հայորդիներու գիտակից ու նպատակասլաց նուիրատուութիւնները։
Դեռ քանի մը օր առաջ կազմակերպուած ՙՎանայ ձայն՚-ի ռատիօթոնով, անսալով Հայկական երեսփոխանական պլոքի կոչին, լիբանանահայութիւնը անգամ մը եւս ժողովրդային միասնական նուիրահաւաքի յաջողութեան ապացոյցը տուաւ։
Այս բոլորին ընթացքին պատահեցաւ ուշագրաւ իրադարձութիւն մը եւս, որ կ՜արժէ առանձին լուսարձակի տակ առնել։
Ճգնաժամի առաջին իսկ օրերուն, Արցախի Հանրապետութեան նախագահը հեռաձայնային կապ հաստատելով վեհափառ հօր հետ, արցախահայութեան ամբողջական զօրակցութիւնը յայտնեց լիբանանահայութեան։ Խօսքին յաջորդող գործը չուշացաւ։ Անմիջապէս իմացանք, որ համահայկական հիմնադրամին կողքին, Արցախի պետութիւնը ի՜նք եւս իր նիւթաբարոյական զօրակցութիւնը կը փութացնէ ստեղծուած ճգնաժամին դէմ մարտնչող լիբանանահայութեան։
Օրինակը խօսուն է ինքնին։
Արցախեան ազատամարտը յաղթեցինք ու պիտի շարունակենք յաղթել, որովհետեւ աշխարհասփիւռ հայութիւնը, անկախ աշխարհագրական իր դիրքէն, ամէն տեղ ի՜րը նկատեց այդ պայքարը։
Լիբանանահայութիւնը իր կարգին, Շարժման առաջին իսկ օրէն Արցախի օժանդակութեան իր զանազան մարմիններով, անսակարգ նուիրումով, արեան գնով իսկ արցախահայութեան հետ եղաւ։ Այս դժնդակ օրերուն իսկ չեն դադրած ՙԱրցախ ֆոնտ՚-ի աշխատանքները, եւ պատահեցաւ խորհրդանշելին. Արցախի պետութեան նուիրաբերումը զուգադիպեցաւ տագնապալի այս օրերուն կազմակերպուած, ՙՆոր կեանք, նոր յոյս՚ ծրագրին սատարող արցախեան արտադրութիւններու աւանդական տօնավաճառին…
Ուրեմն, ՙԼաւ ընկերոջ համար անգա՜մ կեանքը կը տայ ղարաբաղցին՚ արտայայտութիւնը սոսկ երգի բառ չէ, այլ, ի հեճուկս ի՜ր իսկ վիթխարի կարիքներուն, սփիւռքի հեռաւոր ափերուն ապրող իր հայրենակիցներուն դժուարին առօրեային հասնելու բարի կամքի ու գործնական աջակցութեան գործուն ապացոյցով՝ աներախտամոռ եղբօր նկարագրի որակական բնութագիր ու ցուցանիշ։
Հայերը Բեյրութում
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Բեյրութ քաղաքում ապրել են շուրջ 1500 հայեր, որոնք մեծ մասամբ Ադանայից, Մարաշից, Եդեսիայից, Դիարբեքիրից, Ակնից, Կ.Պոլսից, Բաղդադից և այլ վայրերից գաղթածներ էին։ Հայոց ցեղասպանության վերապրողների լայն զանգված հաստատվեց այստեղ, և Բեյրութը դարձավ Սփյուռքի ամենակարևոր կենտրոնը։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը քանդեց Բեյրութը։ Բնականաբար տուժեց նաև տեղի հայ գաղութը, երբ մեծ թվով բեյրութահայեր փոխադրվեցին ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա և այլ երկիրներ։ 1939 թվականին (Ալեքսանդրետից) բռնի տեղահանված և արտաքսված հայերը բնակվեցին Բեյրութում։
Բեյրութում բնակվում էր շուրջ 180 հազար հայ (1973), հիմնականում արհեստավորներ (կոշկակարներ, դերձակներ, ոսկերիչներ և այլն), բանվորներ և մանր առևտրականներ, կան խոշոր առևտրականներ, ձեռնարկատեր արդյունաբերողներ, մեծ թվով մտավորականներ (գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարապետներ և այլն)։
Բեյրութում առաջին հայերեն թերթի հրապարակումից (1921թ.) մինչև 1973 թվականը լույս է տեսել շուրջ 150 անուն պարբերական։ Այժմ հրատարակվում է ավելի քան 20 անուն պարբերական։ Քաղաքի շուրջ 20 հայկական տպարաններում տպագրվում են հայերեն պարբերականներ, դպրոցական դասագրքեր, գեղարվեստական, գիտական և այլ գրականություն։ Գործում են 100-ից ավելի հայկական մշակութային, երիտասարդական-մարզական, բարեգործական, հայրենակցական միություններ, քաղաքական, կրոնական, կրթական և այլ կազմակերպություններ, ինչպես նաև թատերախմբեր:
;