ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՈՒԺԻ ԴԻՐՔԻՑ ԽՈՍԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Հայաստանի և Արցախի պետական մարմինների միջև համագործակցությունն ու երկխոսությունը կրում են համակարգված բնույթ և կոչված են ապահովելու տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը։ Հայաստանի իշխանությունները նախկինում, ի գիտություն միջազգային հանրության, հայտարարել և ներկայում էլ հայտարարում են, որ ՀՀ-ն կշարունակի հանդես գալ որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Հերթական անգամ այս մասին արտահայտվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 23-ին Երևանում նրա և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ կայացած երկու հայկական պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Նիստին ներկա են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, երկու խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը։
Անվտանգության խորհուրդների առաջին համատեղ նիստը տեղի է ունեցել 2019թ. մարտի 12-ին, Ստեփանակերտում։ Հիշեցնելով այս մասին՝ ՀՀ վարչապետն իր ելույթում նշեց, որ մի շատ կարևոր ավանդույթի սկիզբ է դրվում, որը նաև գործնական կարևոր նշանակություն ունի՝ համադրել երկու հանրապետությունների դիրքորոշումները և անելիքները համատեղ օրակարգի հարցերի վերաբերյալ։ Համատեղ օրակարգի առանցքային խնդիրն ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն է։ Վարչապետի ուղերձն այսպիսին էր. հակամարտությունը ռազմական լուծում չունի, նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն աննախադեպ քանակի և որակի զենք ու զինամթերք է ձեռք բերել։ Ուժի դիրքից Հայաստանի, Արցախի և, ընդհանրապես, հայ ժողովրդի հետ խոսելու բոլոր փորձերն անիմաստ են։
Գնահատական տրվեց նաև Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությանը։ Այն մոտեցումը, որ հակամարտության կարգավորումը կոչված է բավարարել միայն մեկ կողմի առավելագույն պահանջները և կարիքները՝ փակուղային է։ Այդ մոտեցման հետևանքով է, որ չնայած հայկական կողմի և համանախագահների ջանքերին, անցած 25 տարում հնարավոր չի լինում կարգավորել հակամարտությունը։ Վարչապետի մյուս ուղերձը՝ 1986-87 թվականների ստատուս քվոյին կամ դրա որևէ մոդիֆիկացիայի վերադառնալը, այն որպես հակամարտության կարգավորման ձգտում ներկայացնելու փորձերն անտեղի են և չեն բխում հակամարտության էությունից ու բովանդակությունից։
Խաղաղ կարգավորումն անհնար է առանց բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որպես հայկական դիվանագիտության կարևորագույն առաջադրանք, մատնանշեց Արցախի՝ որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի և սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն, իր հերթին, ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները։ Այս ամենը գիտակցում է մեր հակառակորդը և դիմում տարբեր մանիպուլյատիվ հնարքների։ Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի, որպես առանձին սուբյեկտի շահարկումը և այն բանակցային գործընթացի մեջ խցկելու չդադարող քայլերը։ Դրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձևաչափի վերականգնմանը և զուգահեռ՝ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ։ Սահակյանի խոսքով՝ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք՝ փոխադարձաբար իրար լրացնելով և անելիքները ճիշտ բաշխելով։ Դիվանագիտական ճակատում և բանակցություններում, հավելել է ԱՀ նախագահը, մեր հաջողությունների հիմնական գրավականներից է ուժեղ և մարտունակ զինված ուժերի առկայությունը, մեր ռազմավարական գործընկերների հետ բարեկամական կապերի ընդլայնումն ու խորացումը, փոխլրացման արտաքին քաղաքականություն վարելը:
Հարկ ենք համարում նաև անդրադառնալ Անվտանգության խորհուրդների՝ ստեփանակերտյան նիստում Փաշինյանի արտահայտած այն մտքին, ըստ որի՝ իր ղեկավարած դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հիմնական կողմի, ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար։ Այդ ուղերձով ՀՀ ղեկավարությունը նոր մակարդակի բարձրացրեց խաղաղ կարգավորման գործընթացին Արցախի ներգրավվածության հարցը։ Դա այն հարցն է, որն Արցախի Հանրապետության ղեկավարությունը մշտապես և միանգամայն հստակ դնում է Մինսկի խմբի համանախագահների առջև։
Մարտի 12-ի նիստում հայկական երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նաև գնահատական տրվեց Արցախի անվտանգության մակարդակին. պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են և գտնվում են բարձր մակարդակի վրա։
Ընդհանուր առմամբ, երկու համատեղ նիստերը հույժ կարևոր էին՝ թե՜ միջազգային հանրությանն ուղղված ազդակների և թե՜ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը հակադարձելու տեսանկյունից։ Երևանն ու Ստեփանակերտը վերահաստատեցին, որ հավատարիմ են մնում հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց հանձնառությանը։ Դրա հետ մեկտեղ, ՀՀ ղեկավարությունը զգուշացրեց հակառակորդ պետության ղեկավարությանը, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական փորձերն աղետալի հետևանքներ կունենան առաջին հերթին Ադրբեջանի համար։
Արցախի անվտանգության հետ կապված մի հանգամանք, այնուամենայնիվ, չենք կարող շրջանցել։ Այստեղ այդ խնդիրը մենք նաև դիտարկում ենք երկու հայկական պետությունների իրավական և քաղաքական հարաբերությունների հարթությունում՝ ընդգծելով առկա փոխհարաբերությունների իրավահավասար բնույթը։ Դրան անդրադառնալու առիթը ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսն էր, որի ընթացքում խոսվեց Երևանում կայացած ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի մասին։ Չմանրամասնելով քննարկված հարցերը՝ Ղուլյանը միայն նշեց, որ անդրադարձել են անվտանգության բոլոր բաղադրիչներին, ինչպես նաև հնարավորություն են ունեցել իրար հետ ճշտել, համադրել դիրքորոշումները։ Խորհրդարանի նախագահին խնդրեցինք պատասխանել մեր հարցին՝ արդյո՞ք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը քայլ է դեպի ռազմաքաղաքական դաշինքի կնքում հայկական երկու հանրապետությունների միջև, որի անհրաժեշտության մասին անընդհատ խոսվում է։
Ղուլյանը չցանկացավ այդպիսի որակում տալ՝ ասելով, որ համագործակցության ավելի բարձր աստիճանի կարիք ունենք։ Աշխարհաքաղաքական իրավիճակն իր բոլոր մարտահրավերներով կարծես նաև ինքնուրույն օրակարգ է առաջադրում։ Արցախն ու Հայաստանն այսօր որակակական նոր հարաբերությունների կարիք ունեն, որովհետև չենք կարող 25-30 տարի նույն իրավահարաբերությունների մեջ լինել։ Բոլոր ոլորտներում հայկական երկու պետություններն ունեն համագործակցության համաձայնագրեր, բայց մեր պետականության մեջ հասել ենք այնպիսի աստիճանի, որը ենթադրում է ինստիտուցիոնալ հարաբերությունների ավելի բարձր մակարդակ։ ԱԺ նախագահի կարծիքով՝ սա հետագա քննարկումների օրակարգից է. ռազմաքաղաքական դաշինքը հենց այդ ուղղություններից մեկը կարող է լինել, որը կարող է մեզ տանել ավելի բարձր աստիճանի, բայց նաև կարելի է այս փուլում բավարարվել եղածով։
Վերադառնալով Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին` անհրաժեշտ ենք համարում որպես հավելում վկայակոչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսքն այն մասին, որ մեր ազգային անվտանգության խնդիրները չեն սկսվում և չեն ավարտվում ո՜չ ռազմական, ո՜չ դիվանագիտական, ո՜չ նաև հակամարտության հանգուցալուծման շրջանակում։ Դրանք շատ ավելի լայն են և ներառում են մթերքների անվտանգության խնդիրը, կիբերանվտանգության, նոր տեխնոլոգիաների, երկու հանրապետությունների զարգացմանն առնչվող խնդիրները։ Այս տեսանկյունից էլ, բնականաբար, երիցս է կարևորվում ավելի ընդլայնված կազմով համատեղ նիստերի հաճախակի անցկացումը։