ԱՄՆ-Ն ՉԵՂԱՐԿԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարվում Իրանի հետ երրորդ երկրների արտոնությունը՝ կապված տարածաշրջանում էներգետիկ նախագծերում ներգրավված ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու հետ։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ Կասպից ավազանից դեպի Եվրոպա էներգակիրների արտահանումը սկզբունքային նշանակություն ունի, եւ Իրանի հետ այդ ծրագրերում ներգրավված կողմերը պատժամիջոցների չեն ենթարկվի։ Ադրբեջանական քարոզչությունը դա համարում էր Բաքվի դիվանագիտական մեծ ձեռքբերում։ Եւ իրոք, եթե իրավիճակը մնար այդպես, ապա ադրբեջանական կողմը հնարավորություն կունենար դեպի Եվրոպա գազամուղը լցնել նաեւ իրանական գազով։ Այդ դեպքում ադրբեջանական նախագիծը կունենար տնտեսական լուրջ նշանակություն՝ հավելյալ արտաքին քաղաքական բարենպաստ կոնյունկտուրայով հանդերձ։
Բանն այն է, որ Իրանն ադրբեջանական ՙՇահ-դենիզ՚ գազի հանքավայրի շահագործման միջազգային կոնսորցիումում ունի տասը տոկոսի շահաբաժին։ Իրանի նախագահի Ադրբեջան կատարած այցի ընթացքում երկկողմ համաձայնություն էր ձեռք բերվել՝ մինչեւ վերջերս վիճելի համարվող հանքավայրերում համատեղ գործունեություն ծավալելու հարցում։ Դա Ադրբեջանի համար բացում էր լայն հեռանկար, որպեսզի Իրանը ներգրավվի դեպի եվրոպական շուկաներ Կասպից ավազանի էներգակիրների տարանցման նախագծերում՝ այդ կերպ փակելով բնական գազի պակասը։
ԱՄՆ-ն, սակայն, իր վերջին հայտարարությամբ փաստացի Ադրբեջանին զգուշացնում է, որ կարող է հայտնվել պատժամիջոցների տակ, եթե շարունակի համագործակցությունն Իրանի հետ։ Ուշագրավ է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը զուգահեռ՝ միջազգային մամուլում տեղեկատվություն շրջանառվեց, որ Ադրբեջանն իր տարածքում Իսրայելին հենակետեր է տրամադրել՝ անօդաչու թռչող սարքերով Իրանին հարվածելու համար։ Ըստ երեւույթին, դա տեղեկատվական զոնդաժ էր՝ ստուգելու Ադրբեջանի արձագանքը։
Պաշտոնական Բաքուն հայտնվեց երկիմաստ վիճակում։ Լռել՝ նշանակում էր ընդունել, որ տեղեկատվությունը ճիշտ է։ Այդ դեպքում Ադրբեջանը պարտադրված կլիներ համապարփակ բացատրություններ տալ Իրանին։ Հերքել տեղեկատվությունը՝ նշանակում էր հրապարակային հրաժարում Իսրայելի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից եւ քաղաքական առումով համերաշխվել Մերձավոր Արեւելքում իրավիճակի գնահատման ռուս-թուրք-իրանական տեսակետին։ Ալիեւի կառավարությունն ընտրեց երկրորդ տարբերակը։
Ինչպես նման դեպքերում են ասում՝ Վաշինգտոնը հեռու է, իսկ Թեհրանն ու Մոսկվան՝ չափազանց մոտ եւ կարող են ոչ միայն պատասխան պահանջել, այլեւ ձեռնարկել քայլեր, որոնք կտանեին Ալիեւի իշխանության թուլացման, իսկ հեռանկարում՝ նաեւ փլուզման։ Ալիեւը նախապատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս իրավիճակում նրան բոլորովին ձեռնտու չեն նույնիսկ թեթեւակի տարաձայնություններն Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Վաշինգտոնն ընդամենը զգուշացնում է պատժամիջոցների մասին։ Էներգակիրների տարանցման նախագծի հետաձգումն Ադրբեջանին կարող է բերել մի քանի հարյուր միլիոն դոլարի կորուստ։ Իսկ եթե ընտրվեր հակառակը, Մոսկվան եւ Թեհրանը հաստատ կձեռնարկեին Ալիեւին քաղաքական ֆիասկոյի առջեւ կանգնեցնելու տարբերակը, եւ խորհրդարանական ընտրությունները նրա համար կվերածվեին բացահայտ փորձության։
Քարոզչական առասպելը, որ Ադրբեջանը ՙտնտեսապես եւ քաղաքական առումով լիովին ինքնաբավ ու անկախ երկիր է՚՝ պայթեց բոլորի աչքի առաջ։ Ամերիկյան օրհնությամբ Եվրոպայում Ռուսաստանին մրցակից դառնալու երազանքը՝ նույնպես։ Դա մեծապես կսահմանափակի Ալիեւի տարածաշրջանային հավակնությունները։ Ըստ երեւույթին, իրավիճակը հարկ է գնահատել նաեւ ԱՄՆ օրենսդիրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւերի աշխարհաքաղաքական նշանակության համատեքստում։ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում ճեղքվածքը չի կարող չանդրադառնալ ԱՄՆ-Ադրբեջան կապերին, որոնք առանց այդ էլ բավական անորոշ էին։
ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը, հնարավոր է, սառցալեռան միայն երեւացող մասն է։ Խորքում Վաշինգտոնն ազդակ է հղում, որ վերանայում է տարածաշրջանի գնահատման ավանդական մոտեցումը։ Իսկ դա Ադրբեջանի համար ճակատագրական խնդիր է։ Եթե արեւմտյան կորպորացիաները սառեցնեն էներգետիկ նախաձեռնությունները, ապա Բաքուն կբախվի սոցիալական սուր լարվածության հետ։ Արեւմտյան ընկերություններն Ադրբեջանում ամենախոշոր գործատուներն են։
Այդ հեռանկարի վրա է կառուցվում ապագա Ադրբեջանի տեսալականը։ Ալիեւի քաղաքական հավակնություններն, այսպիսով, վերածվում են Ադրբեջանի զարգացման արգելակի։ Ընդդիմությունը փորձում է դուրս գալ շուրջ երեսուն տարվա այդ կախարդական շրջանակից։ Ռուսաստանը եւ Իրանը, հակառակը, լիովին աջակցում են Ալիեւի քաղաքական հավակնություններին։ Երեւում է, Արեւմուտքում հասունանում է Ալիեւին պատժելու անհրաժեշտությունը։