ԱՐՑԱԽԸ ՁԳՏՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԸՆԿԱԼԵԼԻ ԼԻՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Հունվարի 15-ին կայացավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը լրագրողների ուշադրությանը ներկայացրեց ԱԳՆ-ի 2019թ. գործունեության մասին հակիրճ տեղեկատվություն, որից հետո պատասխանեց նրանց հարցերին։
ԱԳՆ-ի գործունեությունը նշված ժամանակահատվածում ուղղված է եղել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Արցախի շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը։
Առանցքային նշանակություն ունեն հանրապետության միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, այլ պետությունների հետ փոխգործակցության և բարեկամական կապերի ամրապնդումը, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացում հանրապետության ներգրավվածության ընդլայնումը։
2019 թվականը նախարարն, ընդհանուր առմամբ, արդյունավետ որակեց. առկա միջազգային կապերն ամրապնդվեցին, քայլեր ձեռնարկվեցին՝ ընդլայնելու մեր երկրի միջազգային համագործակցության աշխարհագրությունը։ Կայացել են Արցախի պատվիրակությունների աշխատանքային այցեր Ուրուգվայ, Արգենտինա, Ավստրալիա, ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա և Եգիպտոս, որոնց շրջանակներում հանդիպումներ են անցկացվել քաղաքական, հասարակական և գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Արդյունքում ձեռք են բերվել փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ։ Սփյուռքի կազմակերպությունների հետ ավանդական հանդիպումները նույնպես շարունակվել են։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Արցախի և օտարերկրյա պետությունների վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի շարունակականությունը։ Ձեռքբերումները շոշափելի են. Արցախի պատվիրակության` Ավստրալիա կատարած աշխատանքային այցի նախօրեին ընդունվել է բանաձև Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամական հարաբերությունների հաստատման մասին։ Ավստրալիայում ստեղծվել է նաև Արցախի հետ բարեկամության շրջանակ, որին անդամակցում են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ ու նաև Դաշնային կառավարության նախարար, ինչն աննախադեպ է մեր երկկողմ հարաբերությունների համար։ Բարեկամական հարաբերությունների ընդլայնման մասին են վկայում նաև անցյալ տարվա սեպտեմբերին Արցախի Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը և 2019-ի հոկտեմբերին Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեի հետ հանդիպման արդյունքներով ստորագրված համատեղ հռչակագիրը։
Մայիլյանի բնորոշմամբ՝ 2019 թվականի գլխավոր քաղաքական իրադարձությունը
Ստեփանակերտում կայացած ՙՀամագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության՚ խորագրով Արցախի բարեկամների համաժողովն էր, որին մասնակցել են շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ։ Միջոցառման մասնակիցներն ընդունել են հռչակագիր, բացի այդ, որոշում է կայացվել ստեղծել Արցախի բարեկամների միջազգային ցանց՝ ՙՊրո Արցախ՚, որի նպատակը մեր երկրի մասին իրազեկվածությունը բարձրացնելն է, Արցախի ժողովրդի օրինական շահերի պաշտպանությունը, միջազգային գործընթացներում ԱՀ-ի ներգրավմանն աջակցելը։
Միջազգային կառույցներում Արցախի ԱԳՆ-ի գործունեությունը հասել է նոր մակարդակի։ Նախարարն առաջնահերթ կարևորեց մարդու իրավունքների ոլորտին առնչվող միջազգային համաձայնագրերի դրույթների իրականացման վերաբերյալ ազգային զեկույցների ներկայացման գործընթացը։ Առաջին անգամ Արցախը ՄԱԿ-ում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ զեկույց։ Մեկնարկել են տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ զեկույցի մշակման աշխատանքները։ Այս գործընթացի շրջանակներում Արցախի Հանրապետությունը ծրագրում է միանալ մարդու իրավունքների մասին միջազգային հիմնարար կոնվենցիաներին։ Արցախը միացել է նաև ՄԱԿ-ի ՙԿայուն զարգացման-2030 օրակարգին՚։
Միջազգային ասպարեզում մեր նախաձեռնություններն ու արձանագրված հաջողությունները, նախարարի խոսքով, ոչ միայն թույլ կտան մեղմել Ադրբեջանի անզիջում բանակցային դիրքերը, այլև կնպաստեն Արցախի անվտանգության և տարածաշրջանային կայունության բարձրացմանը։ Մայիլյանը վերահաստատեց մեր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ գործընթացում իրական առաջընթաց ապահովելու և հակամարտության վերջնական կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի եռակողմ ձևաչափը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ։
Կարգավորման գործընթացն անցած տարում հիմնականում ուղղված էր մեր տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին հիմնականում պահպանվել է հրադադարի ռեժիմը, մեր իշխանությունները շարունակել են աջակցել ԵԱՀԿ առաքելության կողմից դիտարկումների պարբերական իրականացմանը։ Տարվա ընթացքում հակամարտության կողմերի միջև իրականացվել են վստահության ամրապնդման միջոցառումներ՝ միտված խաղաղ գործընթացի առաջմղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Մայիլյանը կարևորեց 2019-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումը, որի ընթացքում նա ներկայացրել է ԱՀ-ի դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Մինսկի խմբի համանախագահները երկու անգամ այցելել են Ստեփանակերտ և հանդիպել ԱՀ նախագահին, արտգործնախարարին և պաշտպանության նախարարին։ 2019-ին լրացավ հակամարտության կարգավորման գործընթացում կարևորագույն փաստաթղթի՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված ՙԿրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին՚ համաձայնագրի 25-ամյակը։ Այդ կապակցությամբ ԱԳՆ-ն Ստեփանակերտում կազմակերպել է համաժողով օտարերկրյա քաղաքական գործիչների, փորձագետների մասնակցությամբ։
Երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության մասով նախարարը մատնանշեց առկա բարձր մակարդակը։ Վերանայվել է օտարերկրյա զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը, ինչը թույլ է տվել արձանագրել մեր երկիր այցելած զբոսաշրջիկների աննախադեպ աճ։ 2018-ի համեմատ աճը կազմել է շուրջ 47%։
Վիճակագրական տվյալները ներկայացնելուց հետո արտգործնախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։
Միջազգային հեղինակավոր կառույցներում Արցախի պաշտոնական դիրքորոշման ընկալման ի՞նչ մակարդակ է արձանագրել արտգործնախարարը։ Սա ՙԱԱ՚-ի առաջին հարցն էր։ Ի պատասխան հարցի՝ նշվեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են և կտարվեն։ Հաշվի առնելով մեր սահմանափակ հնարավորությունները` որպես չճանաչված երկիր, Արցախի ԱԳՆ-ն օգտագործում է ՀՀ դիվանագիտական ծառայության հնարավորությունները։ Մոտակա ամիսներին գիրք կհրատարակվի միջազգային կառույցներում տարածված բոլոր հուշագրերի, պաշտոնական մյուս փաստաթղթերի ընդգրկմամբ, որոնք վերջին տարիներին շրջանառության մեջ են դրվել։ Միջազգային ընկալման ներկայիս մակարդակով չպիտի բավարարվենք, անհրաժեշտ է ավելի ակտիվ աշխատել այդ ուղղությամբ, մեր դիրքորոշումն ավելի ընկալելի դարձնել մեր միջազգային գործընկերների համար, ընդգծեց նախարարը։
Մեր երկրորդ հարցը. դեկտեմբերին տեղի ունեցավ Արցախի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Եգիպտոս։ Ի՞նչ տվեց Կահիրեում գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումը, այնտեղ ի՞նչ կարծիքի են մեր երկրի ներդրումային միջավայրի, հարկային դաշտի մասին և, ընդհանուր առմամբ, ի՞նչ միտումներ կան այդ ուղղությունում։
Մայիլյանի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում մեզ մոտ հատուկ կարևորություն է տրվում արտաքին տնտեսական հարաբերություններին և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։ Այս համատեքստում պետք է դիտարկվի Եգիպտոսի գործարարների հետ հանդիպումը, որոնք մտածում են նոր շուկաների և նոր հնարավորությունների մասին։ Նախարարը մատնանշեց նաև Հարավային Սինայի նահանգապետի հետ զրույցը. կան նախնական պայմանավորվածություններ զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Հանդիպումների ընթացքում նախարարը ներկայացրել է մեր հանրապետությունում գործող հարկային քաղաքականությունը և օտարերկրյա ներդրողների համար սահմանված արտոնյալ պայմանները։