ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐՈՎ ԱՆՓՈՓՈԽ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Գերտերությունները, ուժային կենտրոններն աշխարհի տարբեր տարածաշրջաններում գերիշխելու նպատակով իրենց ռազմավարությունը մշակել և մշակում են՝ հենվելով մի դեպքում երկրների բնական հարստությունների, մեկ այլ դեպքում՝ նրանց ռազմավարական դիրքի վրա։ Մերձավոր Արևելքի պարագայում առկա են թե՜ նավթագազային պաշարները և թե՜ աշխարհագրական նպաստավոր դիրքը։ Պատահական չէ, որ այս տարածաշրջանն այդքան հարուստ է հակամարտություններով, որտեղ բախվում են ինչպես աշխարհաքաղաքական ակտորների, այնպես էլ տարածաշրջանային դերակատարների և հարևան պետությունների քաղաքական շահերը։ Պատահական չէին նաև արաբական երկրներում ՙգունավոր՚ հեղափոխությունների շքերթն ու երբեմնի ազդեցիկ վարչակարգերի տապալումը։
Տասնամյակների պատմություն ունեցող ԱՄՆ-Իրան դիմակայությունը և, մասնավորապես, վերջին երկու շաբաթների ընթացքում արձանագրված զարգացումները ցույց տվեցին, թե ինչ է լինում, երբ երկու հզոր պետությունների բախումը տեղի է ունենում երրորդ երկրի տարածքում։ Խոսքն Իրաքի մասին է, որն ԱՄՆ-ի համար վերածվել էր ռազմական հենակետի՝ նրա իսկ օժանդակությամբ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո։ Այն պահին, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը հասել էր գագաթնակետին, Իրաքի իշխանություններն սկսեցին մտածել ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ Ռուսաստանյան ՙՌԻԱ նովոստի՚ գործակալությունը, հղում անելով Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Աբդել Քերիմ Խալֆին, տեղեկացրեց, որ Իրաքում միջազգային կոալիցիայի գործունեությունը կսահմանափակվի։ Զինված ուժերը կլքեն Իրաքը, կսահմանափակվի միջազգային կոալիցիայի ուժերի ցամաքային և օդային տեղաշարժը։ Խալֆը նաև ասել է, որ Վաշինգտոնն իր գործողությունների մասին իրաքյան հրամանատարությանը չի տեղեկացրել։
Ռազմական գործողությունները ծավալվեցին դեկտեմբերի 29-ին, երբ Պենտագոնը հարվածներ հասցրեց Իրաքում և Սիրիայում գործող ՙՀեզբոլլահ՚ խմբավորման օբյեկտներին։ Ամերիկյան հարձակմանը հետևեց շիաների գրոհը Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա, որի պատասխանը եղավ իրանցի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը։ Գեներալին համարում էին հակաամերիկյան գործողությունների ոգևորողն ու կազմակերպիչը։
Իրաքի խորհրդարանն անհրաժեշտ համարեց գնահատական տալ ամերիկյան զինուժի հարձակմանը՝ այն համարելով Իրաքում ԱՄՆ-ի զորքերի տեղակայման պայմանների խախտում։ Խորհրդարանը կառավարությունից պահանջեց ամեն ինչ անել, որպեսզի ամերիկյան զորքերը դուրս բերվեն երկրի տարածքից։ Իրաքի խորհրդարանի որոշումը, թերևս, ժամանակի հրամայականն է, որովհետև ռազմական դիմակայության շարունակումը հղի էր անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի համար։ Գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանը հունվարի 8-ին հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքի տարածքում գտնվող Այն-ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաներին, որոնցում տեղակայված էին ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը։ Այս հարձակման պատասխանատվությունն ստանձնեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Իրանա-ամերիկյան հակամարտության առարկան, մեծ հաշվով, Իրանի միջուկային ծրագիրն է, որին ամեն կերպ հակազդում է Վաշինգտոնը։ Եվ նախագահ Թրամփը հունվարի 9-ի իր հատուկ ելույթում չխուսափեց բուն թեմայից և ասաց, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու իր ձգտմամբ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար։ Մյուս կողմից՝ այդ ելույթը ինչ-որ տեղ մեղմացրեց պայթյունավտանգ իրավիճակը, որը սպառնում էր նաև մեր տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Ի դեպ, Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունները հանդես էին եկել բացառապես խաղաղ միջոցներով իրադրությունը լիցքաթափելուն միտված հայտարարություններով։ ՀՀ-ն հավաստիացրել է, որ կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության։
Մերձավոր Արևելքի իրադարձությունները դիտարկելիս անհնար է անտեսել Ադրբեջան-Իրան հակասությունները, ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցությունը և դրա հակաիրանական ուղղվածությունը։ Անցած դեկտեմբերի վերջին տասնօրյակում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի՝ Իրանին սպառնալու նպատակով Իսրայելը մի քանի ռազմական ինքնաթիռ է տեղակայել Ադրբեջանում։ Հղումն արվել է անվտանգության հարցերով փորձագետ Գորդոն Դաֆին։ Իսրայելը միլիոնավոր դոլարների պայմանագրեր ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչի շնորհիվ ապահովվեց 5 ռազմական ինքնաթիռների տեղափոխումն Ադրբեջան։ Դաֆը հայտնել է ադրբեջանական տարածքից Իրանի դեմ որոշակի գործողություններ իրականացնելու իսրայելական ծրագրի մասին։ Որ Իսրայելն Ադրբեջանի տարածքն օգտագործում է ռազմական նպատակներով, վաղուց արդեն միջազգային հանրության սեփականությունն է` չնայած ամերիկա-իրանական ռազմական առճակատման օրերին չեզոքություն պահպանելու մասին պաշտոնական Բաքվի հայտարարությանը։
Մենք առիթ ենք ունեցել բախվելու մերձավորարևելյան տարածաշրջանի ռազմական գործողությունները մեր տարածաշրջան տեղափոխելու դառն իրականությանը։ Ապրիլյան պատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանական հատուկջոկատայինների խմբում նաև իսլամիստ ահաբեկիչներ կային։ Երկու հայկական պետությունների անհանգստությունը՝ կապված ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման հետ, հիմնավորված էր և, իսկապես, անհանգստացնող։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն վարելու հարցում։ Նրա խոսքով՝ Հայաստանի ցանկությունն, իհարկե, հակամարտության հնարավորինս արագ կարգավորումն է, և ՀՀ-ն ավելի շատ իր դերակատարությունը տեսնում է նրանում, որ երկու կողմի հետ էլ շարունակի երկխոսությունը, հայտարարել է Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա իրավիճակը շատ ավելի բարդ է այն իմաստով, որ այս երկրի տարածքն իսրայելական հենակետի է վերածվել և այդպիսին մնալու է, քանի դեռ ուժի մեջ են Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցությունը և դրանից բխող համաձայնագրերը։ Ադրբեջանցի փորձագետ Իլհամ Իսմայիլը կարծում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ձգտում են մեր տարածաշրջանում ոչ միայն պաշտպանել իրենց շահերը, այլև ընդլայնել իրենց ազդեցությունը։ Մյուս կողմից էլ՝ բավականին զգայուն է Հարավային Ադրբեջանի խնդիրը, որը, փորձագետի կարծիքով, բարձրացնում է Ադրբեջանի դերը, քանի որ այնտեղ մեծ թվով ադրբեջանցիներ են ապրում։ Իսմայիլը գտնում է, որ ադրբեջանական կողմը չպիտի ներքաշվի իրանա-ամերիկյան հակասությունների մեջ, բայց, դրա հետ մեկտեղ, չպիտի փոփոխություններ մտցնի իր արտաքին քաղաքականության մեջ։
Ադրբեջանցի փորձագետն իրականում արտահայտել է ալիևյան վարչակազմի դիրքորոշումն՝ անուղղակիորեն վերահաստատելով ադրբեջանական տարածքն Իսրայելի ռազմավարական նպատակներին ծառայեցնելու անփոփոխ քաղաքականությունը։ Սա ինքնին լարվածության մեծ ռիսկեր պարունակող քաղաքականություն է։ Լայնածավալ պատերազմական գործողությունների դեպքում Ադրբեջանի տարածքը վերածվելու է իսրայելական հենակետի։ Մինչդեռ Հայաստանն ու Արցախը, միանալով Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային ջանքերին, հանդես են գալիս որպես շահագրգիռ կողմ կայուն խաղաղության հաստատման գործընթացում։ Դա էլ նպաստում է երկու հայկական պետությունների միջազգային հեղինակության ամրապնդմանը։