ՙՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԱՄՈՒՐ ԵՆ՚
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին տեղի ունեցան ԱՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ քվեարկության օրը հանրապետության ողջ տարածքում արձանագրվել է ընտրողների ավելի քան 70% մասնակցություն։ Սա փաստ է, որը վկայում է համապետական ընտրություններում Արցախի քաղաքացիների ընդգծված ակտիվության մասին։
Համաշխարհային մարտահրավերի՝ նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի ներթափանցման սպառնալիքի պայմաններում համաժամանակյա ընտրությունների գնալն, իսկապես, խիզախություն էր։ Բազում փորձություններ հաղթահարած մեր ժողովուրդը, որը կարողացել է պատվով դուրս գալ ամենաբարդ իրավիճակներից, այս անգամ էլ իրեն հատուկ կազմակերպվածությամբ գնաց քվեարկության՝ միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ցույց տալով ժողովրդավարության, ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացման օրինակներ, նաև ապացուցելով, որ իր անկախությունը, ինքնիշխանությունն ու պետականաշինության անշեղ ընթացքն այլևս հնարավոր չէ կասկածի տակ դնել։
Սրանք, նախևառաջ, Բաքվին ուղղված մեսիջներ են։ Գրեթե երեսուն տարվա փաստացի անկախություն ունեցող ժողովրդին Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջներն առ ոչինչ են, հավակնություններն՝ անհիմն և անընդունելի։
Համապետական ընտրություններից երկու օր առաջ Արցախի հանրային հեռուստատեսությամբ ուղիղ եթեր հեռարձակվեց ԱՀ նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը՝ աննախադեպ երևույթ արցախյան իրականության մեջ։ Այն իր հետ բերեց քաղաքական նոր մշակույթ, որի մասին, հուսով ենք, կբարձրաձայնեն միջազգային հեղինակավոր կառույցներում՝ մատնացույց անելով Արցախում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, կխոսեն այն ձեռքբերումների մասին, որոնք համեմատելի չեն ադրբեջանական իրողությունների հետ։ Անշուշտ, չափազանց կարևոր էր մրցակցային միջավայրի ապահովումը։ Համապետական ընտրություններում իրենց ծրագրերը ներկայացրած արցախցի քաղաքական գործիչներն ազատ ու անկաշկանդ վարեցին իրենց բանավեճը մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներին վերաբերող խնդիրների շուրջ՝ ի ցույց դնելով դեռևս միջազգային իրավական ճանաչման չարժանացած երկրի բարձր արժեքային համակարգը։ Հանրապետության բարձրագույն պաշտոնին հավակնող թեկնածուները հանրությանը ներկայացան երկրի ապագային վերաբերող իրենց ծրագրերով ու տեսլականներով, իրենց դիրքորոշումներով։ Միջազգային հանրությունն, անտարակույս, այս հանգամանքը պիտի կարևորի և սրանով պիտի դատի Արցախի մասին քաղաքական գնահատականներ կամ տեսակետներ հնչեցնելիս։
Պաշտոնական Բաքուն, որպս կանոն, հիվանդագին է արձագանքում Արցախում տեղի ունեցող ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Այս կարգի իրադարձությունների նախօրեին Բաքվի քարոզիչները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց տեղեկատվական թափոնն Արցախին ուղղելու, միջազգային ասպարեզում արցախյան իրականության շուրջ թյուր կարծիք ձևավորելու համար։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախկինում մեր հանրապետությունում կայացած համապետական ընտրություններին բարձր գնահատականներ են տրվել գերտերությունների օրենսդիր մարմինների, եվրոպական առաջատար պետությունների քաղաքական գործիչների, միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչների կողմից։ Ընտրություններին ներկայացած բոլոր դիտորդական առաքելություններն իրենց գնահատականներում ընդգծել են, որ Արցախում ընտրություններն անց են կացվում միջազգային գործող չափանիշներին համապատասխան։ Հասկանալի է, որ ադրբեջանական ջղաձգումներն էլ միջազգային անկախ դիտորդների կողմից տրված բարձր գնահատականների հետևանք են լինում։
Ներկայիս ընտրությունների հետ կապված թուրք-ադրբեջանական վայնասունը որևէ նորություն իր մեջ չի պարունակում։ Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանի հարցերով համազեկուցողները կոշտ քննադատության ենթարկեցին նախագահ Իլհամ Ալիևի խայտառակ ելույթը, որը հնչել էր Նովրուզի տոնին։ Երկրի ղեկավարն իրեն թույլ էր տվել համաճարակն օգտագործել քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելու նպատակով։ Սա ադրբեջանական ավտորիտարիզմի ցայտուն օրինակներից մեկն է։ Եվ ահա Արցախի համապետական ընտրությունների նախօրեին եղբայրական պետությունների քարոզիչները թիրախավորել են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնողներին։ Նրանք համանախագահներին կոչ են արել չճանաչել Արցախի համապետական ընտրությունների արդյունքները։
Նկատենք, որ ադրբեջանցի քարոզիչները բավականին զվարճալի իրավիճակում են հայտնվել. ընտրություններից մի քանի օր առաջ նրանք հայտարարել են, թե եռանախագահության ինստիտուտն իրենց համար անընդունելի է, հետևապես, այն պետք է վերացվի, ինչպես նաև արգելվի համանախագահների մուտքն Ադրբեջան։ Հետո էլ խնդրում են նրանց չճանաչել նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։
Ալիևի և Էրդողանի ապաշնորհ սպասարկուներին Ստեփանակերտից կարևոր ազդակներ է ուղարկել Սևծով-Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի (Մոսկվա) տնօրեն Վլադիմիր ԶԱԽԱՐՈՎԸ։ Նրան հանդիպեցինք մայրաքաղաքի թ.7 դպրոցում տեղակայված թ. 6 ընտրական տեղամասում։ Ռուսաստանցի դիտորդին խնդրեցինք քաղաքական գնահատական տալ ընթացիկ ընտրություններին, ինչպես նաև Բաքվից և Անկարայից հնչող հայտարարություններին։ ՙԱյդ հարևանները կասեն այն, ինչ ուզում են, բայց դա չի նշանակում, թե նրանք ճշմարտությունն են ասում։ Այդ տեսակետին կմնան, դրանով էլ գերեզման կգնան։ Նրանց տարհամոզելն անհնար է, քանի որ ունեն հստակ նպատակ։ Նրանց պատերազմ է պետք, նրանք ուզում են, որ այստեղ էսկալացիա լինի, որպեսզի Ադրբեջանի շահը գահին ավելի ինքնավստահ բազմի,-ընդգծել է քաղաքագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին՝ Զախարովն ասաց, որ ընդդիմությունն այնտեղ փաստորեն շարքից հանված է։ Ոմանց հաջողվել է դուրս գալ երկրից, իսկ ում չի հաջողվել՝ իշխանությունները նրանց ձերբակալել են և փակել բանտերում։ Սա է իրականությունը։ Այժմ կարելի է համեմատել՝ որտե՞ղ են քաղաքացիներն իրացնում իրենց ազատությունները։ Այստե՞ղ, թե՞ այնտեղ։ Ուրեմն, ժամանակն է ընդունել, որ Արցախը պետություն է։ Ավելին. տարբեր պետություններում ելույթ ունենալիս ռուսաստանցի քաղաքագետը հաճախակի է ընդգծում, որ Արցախում պետականության հիմքերն ավելի ամուր են և, թերևս, դրանով է այս երկիրը տարբերվում Աբխազիայից ու Հարավային Օսիայից։ Արցախում ամեն քայլի դա զգացվում է։ Թե՜ գործադիր և թե՜ օրենսդիր իշխանությունների աշխատանքը դրված է միանգամայն ճիշտ հիմքերի վրա։ Մեր զրուցակիցն անհրաժեշտ համարեց տեղեկացնել նաև, որ ինքը Պրահայի քաղաքական գիտությունների համալսարանում դասախոսություններ է կարդացել, որոնք վերաբերում էին հետխորհրդային տարածքի չճանաչված պետություններին։ Այնտեղ նա լսարանի ուշադրությունը սևեռել էր նաև արցախյան իրողություններին, այն գործընթացներին, որոնք այլևս անշրջելի են։
Ռուսաստանցի դիտորդը կարևորեց մեկ այլ հանգամանք. Արցախի օրենսդրությունն ընդօրինակել է եվրոպական առաջատար պետությունների օրենսդրությունը։ Նրա խոսքով՝ տարբեր ուժեր տարբեր կերպ են դա մեկնաբանում, բայց պետք չէ դրանից ինչ-որ բան հորինել։Դրանում պետք է տեսնել դրականը, զարգանալու ձգտումը։
Վլադիմիր Զախարովն արդեն 25-րդ անգամ է այցելում Արցախ։ Մեզ հետ կիսելով տպավորությունները՝ նա ասաց, որ իր համար այս երկիրը սիրելի վայր է, իրեն մշտապես ձգող մի անկյուն, որտեղ մեծ գոհունակություն են պատճառում մարդկանց հետ շփումները, որտեղ նա անծանոթ մարդկանց բարևում է հարազատի պես։