[ARM]     [RUS]     [ENG]

ՇԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵՎ ԱԼԻԵՎՆԵՐԻ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 ԱՄՆ-ի կրոնական ազատությունների հարցերով դեսպան Սեմ Բրաունբեկն արդեն երրորդ անգամ Բաքվին կոչ է անում հաշվի առնել համաճարակի գլոբալ մասշտաբները և ազատել խղճի բանտարկյալներին։ Պետքարտուղարությունում անցկացրած համացանցային ասուլիսի ժամանակ դեսպանը, հիշեցնելով Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները, հայտարարել է, որ Վաշինգտոնը հերթական անգամ կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝ հարգելով նրանց հիմնարար, ներառյալ՝ դավանանքի, ազատությունները։ Տեղեկացնելով այս մասին՝ <<Թուրան>> գործակալությունը վկայակոչում է Բրաունբեկի խոսքերը, որոնք հնչել են ի պատասխան հարցին՝ արդյո՞ք նա ադրբեջանական կառավարությունից ակնկալում է կրոնական հայացքների համար բանտարկվածների ազատում, որոնցից շատերը <<Մահմեդական միասնության շարժման>> անդամներ են։ Դեսպանն ասել է, որ ինքը շարունակելու է պնդել իր մոտեցումը։ Պաշտոնական Բաքվին նա դիմել է այսպիսի խոսքերով՝ <<Ձեզ պետք չէ այդ արյունը ձեր ձեռքերի վրա>>։ Գործակալությունը վկայակոչում է Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների տրամադրած տվյալներն Ադրբեջանում առկա 130 քաղբանտարկյալի մասին։ Այս թվում գերակշռում են կրոնական ակտիվիստները։

Կրոնական որոշ խմբերի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վարած խտրական քաղաքականության մասին հստակ շեշտադրում է եղել ԱՄՆ Պետքարտուղարության 2017թ. ամենամյա զեկույցում։ Նշվել էր, որ ադրբեջանական օրենսդրությունն արգելում է կառավարությանը միջամտել այդ խմբերի գործունեությանը։ Վաշինգտոնը հիմք է ընդունել ադրբեջանցի իրավապաշտպանների հայտարարությունները, որոնցում ներկայացվել են կառավարության կողմից կրոնական ակտիվիստների նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնությունները, նրանց ձերբակալման և բանտարկման փաստերը։   Խոսքն առաջին հերթին <<Մահմեդական միասնության շարժման>> գործիչների մասին է, որոնք առավել ակտիվ են գործում Ադրբեջանի Նարդարան շրջանում։ Վերջինիս վրա իրանական ազդեցությունը բավականին ուժեղ է, ոստիկանության գործողություններն էլ, որպես կանոն, շատ ավելի կոշտ են. ձերբակալվածներին դատապարտում են երկարատև ազատազրկման՝ համարելով նրանց ոչ ավանդական կրոնական ուղղության հետևորդներ։

Այս քաղաքականության հիմքերը դրել է Հեյդար Ալիևը, ով երկրորդ անգամ իշխանության գալուց հետո իր առջև խնդիր դրեց գործադրել բոլոր միջոցները՝ ադրբեջանական բնակչության շրջանում իսլամի շիա ուղղության ամրապնդումը կանխելու ուղղությամբ։ Նա մտավախություն ուներ, որ դա, ի վերջո, հանգեցնելու է շիական ինքնության համար պայքարին, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Հայր-Ալիևն առաջ քաշեց <<Մեծ Ադրբեջանի>> գաղափարախոսությունը, որում առանցքային տեղ էր տրվում Իրանի թյուրքախոս նահանգների վրա ադրբեջանական տիրապետության հաստատմանը։ 2013թ. Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նախագահական ընտրարշավի ժամանակ, մատնացույց անելով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, հայտարարեց, որ Ադրբեջանը լրջորեն սպառնում է Իրանի  անվտանգությանը։

Եթե բավականաչափ նվազ կարողություններով հետխորհրդային Ադրբեջանը կարողացել է նման ծրագիր մշակել, ապա տարածաշրջանում մեծ ազդեցություն ու դերակատարություն ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությանը մնում էր պարզապես հանրայնացնել իր նոր հայեցակարգը, ըստ որի՝ շիականության հենքի վրա կրոնական համերաշխությունը պետք է միավորի Իրանի և նորանկախ Ադրբեջանի հավատացյալներին։ 

Հատկանշական մի հանգամանք. ի տարբերություն բարեփոխումների ջատագով Իրանի քաղաքացիական իշխանության, որը համեմատաբար հանդուրժողական կեցվածք ունի Ադրբեջանի քաղաքական վերնախավի նկատմամբ, հոգևոր դասը շատ ավելի մարտնչող է։ 2015թ. նոյեմբերին Ադրբեջանի՝ հիմնականում շիա հավատացյալներով բնակեցված Նարդարան ավանում ոստիկանական ուժերի հետ բախում տեղի ունեցավ։ Զոհեր եղան և՜ հավատացյալների, և՜ ոստիկանների շրջանում։ Իրանցի հոգևորականների ուղերձում նախազգուշացում կար առ այն, որ Իլհամ Ալիևը պետք է դասեր քաղի արաբական երկրների բռնապետների ճակատագրից, հակառակ պարագայում ինքը ևս կկորցնի իշխանությունը։ Իրանի մեջլիսը նույնպես դատապարտեց Նարդարանի շիադավան հավատացյալների նկատմամբ Բաքվի կողմից կիրառված բռնությունները։ 

Պարադոքսը, թերևս,  այն է, որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունն իսլամի շիա ուղղության հետևորդ է, բայց, հակառակ դրան, իշխող վարչակազմը կրոնական այլ հոսանքների, մասնավորապես վահաբիների նկատմամբ ավելի բարեհաճ է, քան շիաների։ Վահաբիականությունը (կամ սալաֆիականություն) ծայրահեղական իսլամի ուղղություններից մեկն է՝ արտաքուստ կրոնական, սակայն ըստ էության քաղաքական ուղղվածություն ունեցող շարժում։ Ադրբեջանում սկսեց տարածվել 1990-ականներին։ Մեր օրերում վահաբիներին աջակցելով՝ Բաքուն ցույց է տալիս իր հավատարմությունն իսլամական ծայրահեղականության գաղափարախոսությանը։ Այս տեսանկյունից դիտարկելով Իրան-Ադրբեջան հարաբերությունները, պարզ է դառնում, որ Իրանը խնդիր ունի կանխելու <<Իսլամական պետության>> սպառնալիքն Ադրբեջանի տարածքից, այսինքն՝ արգելափակելու ահաբեկիչների հնարավոր մուտքը։ Իսկ <<Մահմեդական միասնության շարժումը>>, որի գործունեությունը պաշտոնապես արգելված է Ադրբեջանում, նպատակ ունի ժամանակակից Ադրբեջանի տարածքում Իրանի օրինակով ստեղծել կրոնապետություն։ Գործելով Ադրբեջանում՝ կազմակերպությունը ճանաչում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի իշխանությունը։ 

Ալիևի վարչակազմը ոչ միայն երկրի ներսում հետապնդում է շիա գործիչներին, այլև  սերտացնում է շփումները ծայրահեղական իսլամական խմբավորումների հետ, որոնք վայելում են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի աջակցությունը։ Այս ճանապարհով Բաքուն փորձում է կանխել շիական գործոնի ուժեղացումն ադրբեջանական բնակչության շրջանում։ Ավելին՝ իշխանությունն ինքն է հրահրում վահաբիների և շիականների բախումները՝ ցույց տալով իսլամի սուննի ուղղության հանդեպ իր համակրանքն ու դրանով պայմանավորված քաղաքական նպատակների առաջնայնությունը։ Բաքուն վերածվել է վահաբիների կենտրոնի. ձևականորեն կրոնական, բայց իրականում քաղաքական նշանակության շարժման հետևորդները բարձր պաշտոններ են զբաղեցնում երկրի օրենսդիր և գործադիր կառույցներում, նաև տեղեկատվական դաշտում՝ ֆինանսական օժանդակություն ստանալով հիմնականում Սաուդյան Արաբիայից։

Իրանական ազդեցությանը հակազդելուց բացի Ադրբեջանը կրոնական գործոնն օգտագործում է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում։ Այդ հիմքի վրա իշխանությունները շարունակում են հայատյացություն սերմանել ադրբեջանական հասարակության մեջ՝ խոչընդոտելով խաղաղ կարգավորման գործընթացին, բացառելով կողմերի միջև քաղաքակիրթ երկխոսությունը։