[ARM]     [RUS]     [ENG]

Հարգանքի տուրք

 

 

 

Մեծ Եղեռնի ամենամյա միջոցառումներն այս տարի չկայացան՝ կապված համաշխարհային չարիք հանդիսացող նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ: Սակայն ցանկացած հայի հիշողության մեջ անջնջելի է իր ժողովրդի միլիոնավոր նահատակների հիշատակը և Հայոց երկրի պահանջատիրությունը:

 

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու բակում 10 տարի առաջ կանգնեցվեց խաչքար-հուշակոթող, որն էլ դարձել է Հայոց մեծ Եղեռնի նահատակներին նվիրված սրբատեղի, ուխտավայր: Այս տարի՝ Մեծ Եղեռնի 105 ամյակի առթիվ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի նախաձեռնությամբ ծաղկեպսակ դրվեց խաչքար-հուշակոթողին: Առավոտյան սրբավայր այցելեցին նաև Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, շրջանի զինկոմ մայոր Ստեփան Օհանջանյանը,  Արցախի Ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային կառույցի, «Ազատ Հայրենիք» կուսակցության Քաշաթաղի գրասենյակի, Տարածքային ընտրական հանձնածողովի ղեկավարներ ու աշխատակիցներ: Ծաղիկներ խոնարհեցին և մոմեր վառեցին Սուրբ Համբարձման եկեղեցում՝ հարգելով անմեղ զոհերի հիշատակը: Օրվա ընթացքում եկեղեցի այցելեցին և Մեծ Եղեռնի հուշակոթողին ծաղիկներ խոնարհեցին ոչ մեծ թվով բերձորցիներ՝ պահպանելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող կանոնակարգը: Հիշատակի միջոցառումներ կայացան շրջանի բոլոր բնակավայրերում, իհարկե, օրվա պահանջին համահունչ:

 

Զոհրաբ Ըռքոյան