Logo
Print this page

Ադրբեջանի ապրիլի 28-ը

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ 

 Երիտասարդները չգիտեն, հնաբնակները կհիշեն, որ Ստեփանակերտում խորհրդային տարիներին կար Ապրիլի 28-ի փողոց, Բաքվում՝ մետրոպոլիտենի կայարան: 71 տարի այդ օրը խորհրդային Ադրբեջանում տոնական էր՝  ի նշանավորումն 1920թ. ապրիլի 28-ի, երբ բոլշեւիկյան 11-րդ բանակի ստորաբաժանումները Խաչմազ-Յալամա ուղղությամբ մտան Բաքու, եւ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ: Այդ իրադարձությունը ներկայիս Ադրբեջանում պաշտոնապես համարվում է ,,օկուպացիա եւ անեքսիա,,:

Պատմության կեղծարարներն Ադրբեջանի խորհրդայնացումը ,,հիմնավորում են,, նրանով, որ մարտ ամսին Լեռնային Ղարաբաղում ,,հայերը խռովություն էին կազմակերպել, եւ Ադրբեջանի կառավարությունը հարկադրված էր ամբողջ բանակն ուղարկել այնտեղ՝ անպաշտպան թողնելով մայրաքաղաք Բաքուն,,: Իրականությունը բոլորովին այլ է: Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը 1920թ. միջազգային հանրության կողմից ճանաչվել էր դե-ֆակտո՝ կապված սահմանների անորոշության հետ:

Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրները պատրաստվում էին ստորագրել Սեւրի պայմմանագիրը, որով մասնատվում էր Օսմանյան կայսրությունը: Մեծ քաղաքականության օրակարգում էր հայկական հարցի արդարացի լուծումը: Մեկ տարի առաջ հռչակվել էր Միացյալ Հայաստան: Նույն շրջանում նախկին Օսմանյան կայսրության տարածքում սկսվել էր այսպես կոչված ,,միլլի շարժումը,,՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ: Դա զինված պայքար էր հաղթող պետությունների դեմ: Բոլշեւիկյան իշխանափոխության հետեւանքով Ռուսաստանը միակողմանիորեն դուրս էր եկել նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացից: Ավելին, բոլշեւիկները հանդես էին գալիս որպես պարտված Թուրքիայի դաշնակից: Բրեստ Լիտովսկի պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային էր զիջել ոչ միայն ամբողջ Արեւմտյան Հայաստանը, այլեւ Կարսի մարզը: Այն իրավիճակում, երբ մի կողմից Անգլիան, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները նպատակադրված էին Օսմանյան կայսրության նախկին հպատակ ժողովուրդների, առաջին հերթին՝ հայերի, անկախ պետություն ստեղծելուն, բոլշեւիկյան Ռուսաստանը հանդես էր գալիս որպես ,,միլլի շարժման,, միակ դաշնակից եւ հովանավոր:

Անտանտի երկրների, առանձնապես Հունաստանի հետ Մուստաֆա Քեմալը պատերազմ էր մղում ռուսական զենք-զինամթերքով եւ Մոսկվայի ֆինանսական օժանդակությամբ: Պատմաբանները շրջանառության են դրել Մուստաֆա Քեմալի եւ բոլշեւիկների միջեւ գաղտնի համաձայնությունները վկայող բազմաթիվ փաստաղթեր: Առանձնակի ուշադրության է արժանի Լենինին հասցեագրված՝ Մուստաֆա Քեմալի նամակը, որով թուրքական ,,միլլի շարժման,, առաջնորդը խոստանում է Ադրբեջանի մուսավաթական կառավարությանը համոզել՝ մաս կազմելու խորհրդային համակարգին, եթե Ռուսաստանը դրա փոխարեն կենդանի շփում հաստատի Թուրքիայի՝ քեմալականների կողմից վերահսկվող տարածքների հետ: Ըստ էության, Մուստաֆա Քեմալն առաջարկում էր աշխարհաքաղաքական գործարք՝ Ադրբեջանի տարածքն անցնում էր բոլշեւիկների վերահսկողությանը, որոնք հետո պետք է զորքով օգնեին Թուրքիային՝ Հայաստանի եւ Հունաստանի դեմ պատերազմում: Սա է ադրբեջանական ապրիլի 28-ի նշանակությունը: Գործարքը տեղի է ունենում: Բոլշեւիկյան զորքերը Բաքվից շարժվում են դեպի Լեռնային Ղարաբաղ: Արդեն խորհրդայնացած Ադրբեջանը վերջնագիր է հղում Հայաստանի կառավարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը, Սյունիքը եւ Նախիջեւանը ,,դատարկեն հօգուտ խորհրդային իշխանության,,: Սկսվում է ռուս-հայկական պատերազմ, որ տեւում է մինչեւ օգոստոսի 10-ը, երբ կողմերը Թիֆլիսում ստորագրում են զինադադարի համաձայնագիր: Ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղը, Սյունիքը եւ Նախիջեւանը ճանաչվում են բոլշեւիկյան զորքերի կողմից ժամանակավորապես օկուպացված, ինչը չէր կանխորոշում այդ տարածքների պատկանելիությունը որեւէ երկրի:

Զինադադարի համաձայնագրով օկուպացված շրջանների կարգավիճակի հարցը պետք է լուծվեր ռուս-հայկական խաղաղության պայմանագրով: Նման պայմանագիր չի կքնվել: 1920թ. սեպտեմբերին քեմալական Թուրքիան պատերազմ է հայտարարում Հայաստանին: Արեւելքից առաջ է շարժվում բոլշեւիկյան զորքը: Հայաստանի համար ստեղծվում է ճգնաժամային իրավիճակ, որը հանգուցալուծվում է Ալեքսանդրապոլի պայմանագրով: Ղազախ-Իջեւան ուղղությամբ բոլշեւիկյան զորքերը մտնում են Հայաստանի տարածք եւ հռչակում խորհրդային իշխանություն: 1921թ. մարտի կեսերին Մոսկվայում կնքվում է ռուս-թուրքական ,,Բարեկամության եւ եղբայրության մասին,, պայմանագիրը, որով Նախիջեւանն անցնում է Ադրբեջանին, Կարսը եւ Սուրմալուն՝ Թուրքիային: Նույն տարվա հունիսին բոլշեւկները Սյունիքը հռչակում են խորհրդային Հայաստանի մարզ, իսկ Լեռնային Ղարաբաղը ,,թողնվում է,, Ադրբեջանի սահմաններում՝ մարզային լայն ինքնավարությամբ:

Այսպես են կարգավորվում տարածքային հարցերը, եւ հայ-ադրբեջանական սահմանազատումը տեղի է ունենում ռուս-թուրքական համաձայնությամբ: Այդ ստատուս-քվոն տեւում է ամբողջ յոթ տասնամյակ եւ չեղարկվում Արցախյան պատերազմով: Ներկայումս Բաքուն փորձում է այն վերահաստատել՝ դարձյալ հուսալով ռուս-թուրքական համաձայնություն: Ապրիլի 28-ն, այսպիսով, ոչ թե Ադրբեջանի օկուպացիայի, այլ նրա տարածքային հավակնությունների բավարարման խորհրդանիշն է: Հարյուր տարի հետո ունենք բոլորովին այլ իրավիճակ: Եւ մեր խնդիրն է հասնել փաստացի իրողությունների միջազգային լեգիտիմացմանը:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.