[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԻԱՅՆ ԿԽԱՆԳԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Ադրբեջանում պատերազմի քարոզչությունը, որպես իշխող վարչակազմի քաղաքականության կարևոր բաղադրիչ, ժամանակ առ ժամանակ իրեն զգացնել է տալիս։ Վերջին շաբաթվա ընթացքում մեզ հայտնի զարգացումներով պայմանավորված՝ այդ հռետորաբանությունը սովորականից ավելի սաստկացավ։ Մայիսի 2-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպմանը հայկական կողմի ուղղությամբ սպառնալից հայտարարություններ  հնչեցրեց։ Ասաց, որ կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, որի մեղավորը հայկական կողմն է։ Դա էլ իբր ստիպել է իրեն  ուժեղացնել հետախուզության բոլոր տեսակներն առաջնագծում և հայկական թիկունքում։ Հայտարարությունների բովանդակությունը հուշում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը  միջազգային հանրությանն իրազեկել է ռազմական սադրանքների նախապատրաստման և շփման գծում լարվածությունը բարձրացնելու մտադրության մասին։ Նկատի ունենանք, որ Պաշտպանության բանակն ամփոփելով վերջին շաբաթվա իրադարձությունները, իր հաղորդագրության մեջ նշել էր, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ, իսկ ապրիլի 29-ին նաև կիրառել է 60մմ ականանետեր։  

Հայկական բանակի մասին նույնիսկ Թուրալ Գյանջալիևն է սկսել խոսել, որն իրեն ներկայացնում է որպես <<Ադրբեջանի ԼՂ մարզի ադրբեջանական համայնքի ընտրված ներկայացուցիչ>>։ <<Ընտրյալը>> համոզված է, որ Հայկական բանակը չի կարող ԼՂ հայ բնակչության անվտանգության երաշխավոր լինել։ Հիքմեթ Հաջիևն էլ նախագահի օգնականի դերում  դիվանագիտություն է բանեցրել և ասել, թե հայկական կողմն է խոչընդոտում բանակցային գործընթացին։ Հաջիևի խոսքից երևում է, որ Իլհամ Ալիևի վարչակազմին խիստ անհանգստացրել է ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունն այն մասին, որ հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու և խաղաղ կարգավորումն առաջ մղելու համար առանցքային նշանակություն ունի բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիիրավ և ուղղակի մասնակցությամբ։ Եռակողմ ձևաչափի վերականգնման մասին հայկական կողմերից հնչեցվող ցանկացած հայտարարութուն, որպես կանոն, հարուցում է Ալիևի վարչակազմի նյարդային արձագանքը։

Ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի կողմից կոշտ հռետորաբանության կիրառումը հարկ է դիտարկել հակամարտության շուրջ վերջին զարգացումների, համաճարակի հարուցած ճգնաժամի և սոցիալ-տնտեսական ծանր կացության համատեքստում։ Ապրիլի վերջերին երկրի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովն իր հաշվարկներն էր ներկայացրել և նշել, որ Ադրբեջանի տնտեսությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով օրական 120-ից 150 մլն մանաթ, այսինքն՝ մոտ 90 մլն ամերիկյան դոլար, կորուստ է կրում։ Այդ մասին տեղեկացրել էր <<Թուրան>> գործակալությունը՝ վկայակոչելով խոշոր ձեռնարկություններում հարկադիր պարապուրդի հետևանքները։ Գործակալությունը փոխանցել է ձեռնարկատերերի մտահոգությունն առ այն, որ իրավիճակի բարդացումն անխուսափելի է, քանի որ համաճարակի բացասական ազդեցությունն իրեն զգացնել կտա երկար ժամանակ։ Ջաբարովի կանխատեսումներով՝ եթե իրադրությունը զարգանա հոռետեսական բեմագրով, ապա գործարարների կորուստները շատ ավելին կլինեն՝ ընդհուպ մինչև սնանկացում։ Ապրիլի վերջին մեկ այլ տեղեկատվություն ստացվեց Բաքվից. Ադրբեջանի կենտրոնական բանկն ուղիղ կառավարում է մտցրել երկրի չորս դրամատներում։ Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ նշվել է, որ չորս բանկերում նշանակվել են ժամանակավոր կառավարիչներ, որոնց փոխանցվել են կառավարման բոլոր լիազորությունները։ Սա արդեն երկրի բանկային համակարգի փլուզման վկայություն է։

Ադրբեջանցի տնտեսագետ Ազեր Մեհթիևը <<Ամերիկայի ձայն>>-ին տված հարցազրույցում երկրի տնտեսական և սոցիալական իրավիճակը վերլուծելուց հետո եզրակացրել է, որ Ադրբեջանում հարկ է տեսնել 3 տեսակի ճգնաժամ՝ համավարակ, նավթի գների անկում և բարեփոխումների նմանակում։ Երեք ճգնաժամներն էլ իրենց ազդեցությունն են թողնում իշխանությունների քաղաքականության վրա։  Մեհթիևի համոզմամբ՝ ոչ միայն տնտեսական, այլև պետական կառավարման համակարգում  արմատական բարեփոխումներ իրականացնելով հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից։

Ադրբեջանցի տնտեսական փորձագետի վերլուծություններից հետևում է, որ համաճարակի տարածումն ընդամենը ջրի երես է հանել երկրի տնտեսական, ներքաղաքական կյանքում առկա ճգնաժամային իրավիճակը ու նաև օրըստօրե խորացող ներիշխանական ճգնաժամը։ Ադրբեջանական քարոզչամիջոցներից մեկն անուղղակիորեն հաստատեց այս իրողությունը՝ հրապարակելով  նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովի դիտարկումները Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հակամարտության փուլային կարգավորման մասին հայտարարության ու հայկական արձագանքների վերաբերյալ։ Միջանկյալ նշենք, որ Զուլֆուղարովը վերջին երկու տարվա ընթացքում անխնա քննադատում Է Էլմար Մամեդյարովին՝ համարելով նրան ոչ արհեստավարժ դիվանագետ։ Նախկին արտգործնախարարը գտնում է, որ Ադրբեջանը պարտավոր է դրսևորել իրեն, որովհետև համանախագահները չեն ասել, թե Մնացականյանը ճիշտ չէ, չեն ասել նաև, որ որպես միջնորդ երկրներ պատժամիջոցներ են կիրառելու Հայաստանի նկատմամբ։ Նման բան չի հնչել, հետևաբար, Լավրովը պարզապես հայտարարություն է հնչեցրել, որն առիթ տվեց հայերին կոշտացնել իրենց դիրքորոշումը։ Ըստ Զուլֆուղարովի՝ եթե հակամարտության կարգավորման քաղաքական միջոցներն ու միջնորդական առաքելությունն իրենց սպառել են, ուրեմն, պետք է ուրիշ միջոցներ օգտագործել, պետք է հայերին հակահարված տալ։ Պատերազմն անխուսափելի է, դրան պետք է պատրաստ լինեն քարոզչությունը, տնտեսությունը, առողջապահությունը, որովհետև պատերազմը լինելու է ոչ միայն Ղարաբաղում, այլև ներառելու է  Հայաստանի և Ադրբեջանի ամբողջ տարածքը, եզրակացրել է նախկին արտգործնախարարը։  

Զուլֆուղարովի արտահայտությունները վկայում են մի քանի իրողության մասին։ Նախ՝ Ադրբեջանը պատրաստվում է իշխանափոխության, որը կատարվելու է մի ընտանիքի ներսում։ Դա նշանակում է, որ նախագահի պաշտոնը ստանձնող Մեհրիբան Ալիևան մեծ քաղաքականություն է մտնելու՝ ունենալով գրեթե անլուծելի ներքաղաքական խնդիրներ։ Ամենայն հավանականությամբ, նախագահի պաշտոնը ստանձնելով՝ նա կհանրայնացնի արտաքին քաղաքական նոր ուղեգիծը։

Ինչ վերաբերում է պատերազմական գործողությունների վերսկսմանը, ապա հարցն այն է, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է պատերազմի։ Տնտեսագետ Մեհթիևի հիշյալ վերլուծությունը տալիս է հարցի պատասխանը։ Զուլֆուղարովն էլ բարձրաձայնում է այն մասին, որ հնարավոր պատերազմն Ադրբեջանի համար թանկ գին կունենա։

Իսկ միջնորդ պետությունները չեն արձագանքում ադրբեջանական ռազմաշունչ հռետորաբանությանը, ըստ երևույթին, համարելով դա հայկական կողմերից հնչած հայտարարությունների նյարդային արձագանք։ Բացի այդ, մի՞ թե պատերազմի վերսկսումն Ալիևների շահերից է բխում, եթե հաշվի առնենք, որ նրանց կողմից հաղթանակ գրանցելու հավանականությունը զրո է։ Նման ելքը միայն կխանգարի իշխանության փոխանցման Ալիևների ծրագրին։