ՀՈԳԵԳԱՐՈՒԹՅՈՒՆ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Թուրքիայում, մի խումբ ծագումով ադրբեջանցիներ, ստեղծել են ՙԱրեւմտյան Ադրբեջանի(Երեւանի) վտարանդի կառավարություն՚։ Ինչպես գրում է Բաքվի մամուլը, նախաձեռնության հեղինակների ՙնախնիրները ներկայիս Հայաստանի տարածքից բռնատեղահանության են ենթարկվել 1918-20 թվականներին եւ զրկվել իրենց պատմական հայրենիքից՚։ Տարածված հայտարարության մեջ շեշտը դրված է պատմական հարյուրամյա վաղեմության իրադարձությունների վրա։ Առաջ է քաշված այն թեզը, որ Ադրբեջանի ՙկառավարությունը Թուրքիայի միջնորդությամբ Երեւանը որպես մայրաքաղաք զիջել է հայերին, որպեսզի նրանք հրաժարվեն Լեռնային Ղարաբաղի հանդեպ հավակնություններից եւ ինքնավար կարգավիճակ շնորհեն Զանգեզուրին, սակայն հայերը դրժել են հաշտության պայմանները՚։
Խոսքն ինչի՞ մասին է, եթե պատմական փաստն առկա է. Բաթումի 1918թ. հունիսի 4-ի պայմանագրով Թուրքիան է Հայաստանի հանրապետությունից ակնկալել, որ Բաքվից դուրս բերվեն հայկական զինված ուժերը, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը հնարավորություն ունենա գործել այնտեղ եւ Բաքուն հռչակի մայրաքաղաք։ Ճիշտ է, հետագայում Բաքուն գրավվել է օսմանյան բանակի կողմից, բայց դրանից չի հետեւում, թե հայ ժողովուրդը կորցրել է այդ քաղաքի, ինչպես նաեւ Արեւելյան Անդրկովկասի այն տարածքների, որտեղ համահավաք հայություն է ապրել, նկատմամբ անօտարելի իրավունքը։ Պատմության թուրք եւ ադրբեջանցի կեղծարարներին արժե հիշեցնել, որ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը հռչակվել է ոչ թե որպես ազգային, այլ աշխարհագրական տարածքի սկզբունքի վրա կառուցվող պետություն եւ համարվել է Արեւելյան Անդրկովկասի բոլոր էթնիկ խմբերի հայրենիք։ Հետագայում, երբ փորձ է արվել այդ պետությանը տալ զուտ թուրքական իքնության կրողի իրավա-քաղաքական ձեւակերպում, Անդրկովկասում բրիտանական միսիան ընդդիմացել է եւ պարտադրել անցկացնել ազատ եւ համամասնական ընտրություններ։ Դրանց արդյունքում Ադրբեջանի խորհրդարանում ընտրվել են երկու տասնյակից ավելի հայ պատգամավորներ, նույնքան ռուսներ եւ ավելի քիչ թվով? լեզգիներ ու թալիշներ։
Նույն համամասնությամբ է կազմավորվել նաեւ կառավարությունը, որտեղ նախարարարական պաշտոն է ունեցել երեք հայ։ Նույն սկզբունքն է գործել նաեւ խորհրդային Ադրբեջանում, որտեղ կոմկուսակցության կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոն են զբաղեցրել հայազգի Ռուբեն Ռուբենովը եւ Լեւոն Միրզոյանը։ Մինչեւ 1930-ական թվականների կեսերը կուսակցության Բաքվի քաղկոմի առաջին քարտուղարի պաշտոնն զբաղեցնում էր ազգությամբ ռուս կոմունիստ, իսկ նրա առաջին տեղակալը հայ էր։ Նույն համամասնությունն է գործել նաեւ Գանձակում, մի քանի շրջաններում, որտեղ հայերը բնակչության մեծամասնություն էին։
Հայաստանում, իհարկե, ադրբեջանցիներ ապրել են, բայց? ոչ համահավաք։ Այդ պատմական իրողության նկատառմամբ ՙԱրեւմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարության՚ հռչակումը ոչ մի հիմք չունի եւ վկայում է, որ Ադրբեջանի իշխանությունների համար ԼՂ բանակցային գործընթացում պարզապես փակուղային իրավիճակ է։ Շարունակել բանակցությունները? նշանակում է գնալ Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության ճանաչման։ Խզել բանակցությունները? նշանակում է հիմք տալ, որ միջազգային հանրությունն առանց Ադրբեջանի համաձայնության ճանաչի ԼՂ անկախությունը։ Ընդ որում? ներկայիս վերահսկվող սահմաններում։ Երրորդը պատերազմի սանձազերծման ճանապարհն է, որը կարող է ճակատագրական լինել Ալիեւի իշխանության համար։
Ներկայիս Ադրբեջանում իրավիճակն այնպիսին է, որ բանակը կարող է զենքն ուղղել ատելի իշխանության դեմ։ Չկա ոչ մի երաշխիք, որ պատերազմի մասին խոսող զինվորականությունը զինված հեղաշրջում չի նախապատրաստում։ ԼՂ հարցում Ալիեւը ոչ մի հեռանկար չի տեսնում։ Ադրբեջանի բոլոր փաստարկներն ու լոբբիստական ռեսուրսներն անհուսալիորեն մաշված եւ սպառված են։ Մնում է քարոզչական մանիպուլյացիայի ենթարկել սեփական հանրությանը? զանազան հոգեգարության միտվող քայլերով փորձել տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանը ՙոչ միայն կարող է վերատիրանալ Լեռնային Ղարաբաղին, այլեւ? Զանգեզուրին եւ Երեւանին՚։
Հռչակելով ՙԱրեւմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն՚? ալիեւյան ռեժիմը հայկական կողմին հաղթաթուղթ է տալիս։ Մենք պետք է այդ տեղեկատվությունը միջազգայնացնենք եւ միջնորդներին ապացուցենք, որ տարածքային հավակնություններ հենց Ադրբեջանն ունի։ Բացի այդ, հնարավորություն է բացվում լայն դիսկուրս բացելու ողջ Արեւելյան Անդրկովկասի հայության իրավունքների վերականգնման եւ հայրենադարձության ու պետականորեն կազմակերպվելու իրավունքի թեմայով։