ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՄԲ ՀԱՋՈՂՎԵՑ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Մամուլի ասուլիս
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 15-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրեց մամուլի ասուլիսի՝ ամփոփելու 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության արդյունքները։ Մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորված ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովն իր լիազորությունները կստանձնի մայիսի 21-ին։ Նույն օրն էլ կավարտվեն 6-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները։
Անցած 5 տարիների ընթացքում գումարվել են 11 հերթական և 9 արտահերթ նստաշրջան, տեղի են ունեցել 51 հերթական և 9 արտահերթ նիստեր։ Շրջանառության մեջ են դրվել 596 օրինագծեր, որոնցից ընդունվել են 446-ը։ Շրջանառությունից հանվել են 18, նստաշրջանից նստաշրջան են փոխանցվել 83, հաջորդ գումարման ԱԺ-ին են փոխանցվել 49 նախագծեր։ Թե դրանցից որը կլինի նոր օրենսդրական նախաձեռնություն՝ կորոշի 7-րդ գումարման Ազգային ժողովը։
Ընդունված օրենքներն ըստ հանձնաժողովների՝ պետաիրավական հարցերի՝ 174, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման՝ 147, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների՝ 48, սոցիալական և առողջապահության՝ 43, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության՝ 27, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի՝ 5, արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ 2։
Խորհրդարանն իրականացրել է ԱՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ, մասնավորապես լսել ու քննարկել է 19 հաղորդում և հաղորդագրություն, 6 տեղեկություն, 8 հաշվետվություն և զեկույց, 7 ծրագիր և 3 հարցապնդում։
ԱԺ-ի կողմից նշանակվել են Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 4 դատավոր, Վերաքննիչ և Գերագույն դատարանների՝ 3-ական դատավոր, ինչպես նաև ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2 անդամներ։ Մարդու իրավունքների վերջին երկու պաշտպանները նույնպես ընտրվել են այս խորհրդարանի կողմից։
2016թ. ապրիլյան պատերազմի, Սումգայիթի հայ բնակչության կոտորածի և Բաքվի հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցների հետ կապված ԱԺ-ն հանդես է եկել հայտարարություններով։
Ընդհանուր առմամբ, 6-րդ գումարման ԱԺ մուտք են գործել պաշտոնական 5575 թղթակցություն և գրություն, քաղաքացիներից ստացվել են 909 նամակներ, ԱԺ-ից ուղարկվել են 1217 պաշտոնական թղթակցություններ, ԱԺ նախագահի կողմից ստորագրվել են 852 կարգադրություններ։ Աշխատակազմի ղեկավարի ստորագրած հրամանների թիվը 769 է։
Միջազգային ասպարեզում Արցախի հանդեպ հետաքրքրություն ստեղծելու նպատակով ԱՀ խորհրդարանն առանձնահատուկ ուշադրություն է նվիրել արտաքին կապերին ու խորհրդարանական դիվանագիտությանը։ Շարունակվել են աշխատանքներն արտաքին հարաբերությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ։
Անցած հինգ տարիներին Արցախի ԱԺ այցելած պատվիրակությունների թիվը 173 է. ՀՀ-ից՝ 58, Սփյուռքից՝ 20 և օտարերկրյա 95 պատվիրակություն, որոնք ժամանել էին աշխարհի 31 երկրներից։ Մեծամասամբ եղել են խորհրդարանական պատվիրակություններ, նաև՝ քաղաքական և հասարակական գործիչներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և փորձագետներ։ ԱՀ ԱԺ պատգամավորների արտերկիր կատարած աշխատանքային այցելությունների թիվը 24 է։ Ընդհանուր հանդիպումների քանակը՝ 230։
2015-20թթ. գումարվել են Արցախի և Հայաստանի հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցութան միջխորհրդարանական հանձնաժողովի 6 նիստեր։
Հատուկ կարևորություն է տրվել ԱԺ գործունեության լուսաբանմանը։ 6-րդ գումարման ԱԺ-ի գործունեության թափանցիկության ապահովմանն ուղղված կարևոր քայլերից մեկը 2018թ. սեպտեմբերից հերթական նիստերի ուղիղ հեռարձակումն է ԱԺ յութուբյան ալիքով, ինչը հնարավորություն տվեց յուրաքանչյուր քաղաքացու իրական ռեժիմով հետևել երկրի կենսագործունեությունն ապահովող օրենքների ընդունման ընթացքին և իր ընտրած պատգամավորի աշխատանքին։ Կարևոր քայլեր էին ժամանակակից չափանիշներին համահունչ տեխնիկական հնարավորությունների ներառմամբ նոր պաշտոնական կայքի գործարկումն ու սոցիալական ցանցերում Արցախի խորհրդարանի ներկայացվածության ապահովումը։ Խորհրդարանական անցուդարձի մասին ամենաթարմ տեղեկությունները հասանելի են դառնում հասարակությանը, ինչի շնորհիվ նաև առավել մատչելի է դառնում խորհրդարան-հասարակություն հետադարձ կապը։
ԱԺ-ի հնգամյա գործունեության ամփոփ տվյալները ներկայացնելուց հետո Աշոտ Ղուլյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրեցինք Արցախում անցկացված վերջին համապետական ընտրությունների միջազգային արձագանքներին։ Ադրբեջանը դրանք օգտագործեց ի նպաստ իր շահերի՝ առաջ տանելով տարածքային ամբողջականության մասին իր տեսությունը։ Հատկապես հիասթափեցնող էր եվրոպական տարածաշրջանից հնչած հայտարարությունների բովանդակությունը։
Մինչդեռ, 2015թ. ընտրությունների միջազգային արձագանքներում հստակ շեշտադրումներ կային Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի գերակայության մասին։
Ղուլյանը, կիսելով մեր մտահոգությունը, ասաց, որ նման իրավիճակն Ադրբեջանի կողմից մեծ ջանքերի գործադրման, իսկ մեր կողմից՝ խնդրին ավելի թեթև վերաբերվելու հետևանք է։ Կարելի էր ավելի մեծ դիմադրություն կազմակերպել։ Մինչև վերջին պահը մեր երկրի ղեկավարությունը մտածում էր ինչ-որ կերպ ապահովել միջազգային դիտորդների ներկայությունը։ Ղուլյանի խոսքով՝ նախորդ ընտրությունների ժամանակ ադրբեջանական ապատեղեկատվությանը դիմադրություն ցույց տրվեց այստեղ ընտրություններին հետևող դիտորդական խմբերի տեսակետների, անաչառ գնահատականների շնորհիվ։ Նրանք իրենց սկզբունքային դիրքորոշումները տարածում էին միջազգային տարբեր ատյաններում։ Վերջին համապետական ընտրություններն անցկացվեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում, փաստորեն, արտերկրում այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք չիրականացվեց։ Մեր ներկայացուցչությունները, Հայաստանի դիվանագիտական մարմինները, դեսպանատներն ակտիվ չեն աշխատել։ Ինչ վերաբերում է եվրոպական տարածաշրջանի արձագանքներին, ապա հարկ է նաև նկատի ունենալ Եվրախորհրդարանի վերջին ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը։ Արցախի հետ բարեկամության խումբը թարմացման կարիք ուներ։ Այդ ուղղությամբ ևս լիարժեք աշխատանք չծավալվեց։
Այս մեկնաբանությանը Ղուլյանն այնուհետև հավելեց, որ քաղաքական աշխատանքը կատարվում է ոչ միայն ընտրությունների ժամանակահատվածում։ Նոր խորհրդարանի գործունեությունը, մասնավորապես քաղաքական ուժերի կողմից բարեկամության խմբերի հետ աշխատանքների թարմացումը պետք է սկսել հենց այդ հարցից, որպեսզի միջազգային կառույցներում և տարբեր խորհրդարանների հետ աշխատանքում կարողանանք խոսել մեր երկրում կայացած համապետական ընտրությունների մասին։
Ասուլիսին հնչած հարցերից մեկն այն էր, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը քաղաքական բարդ ժամանակաշրջանում կատարեց իր աշխատանքը։ Արդյո՞ք խորհրդարանին հաջողվեց առկա մարտահրավերներին համահունչ աշխատել։ Պատասխանելով հարցին՝ ԱԺ նախագահը հիշեցրեց այն յուրահատուկ պայմանները, որոնցում ընթացավ խորհրդարանի աշխատանքը. 2016թ. ապրիլյան պատերազմ, 2017թ. ԱՀ Սահմանադրության ընդունում, առաջին անգամ խորհրդարանում հանրապետության նախագահի ընտրություն, որը տեղի ունեցավ քաղաքական իմաստով առանց բացասական հետևանքների։ ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակ փոխվեց, որից հետո վերսկսվեցին հարաբերությունները ՀՀ նոր խորհրդարանի հետ։ Այսօր էլ ապրում ենք նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակում, որը նույնպես մարտահրավեր է։ Այս իմաստով նոր ձևավորված խորհրդարանին վիճակված է անդրադառնալ որոշ օրենսդրական հարցերի, անհրաժեշտ կլինի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում որոշակի փոփոխություններ մտցնել։ Ա. Ղուլյանն, ընդհանուր առմամբ, գոհ էր խորհրդարանի քաղաքական պահվածքից. ԱԺ-ում հինգ քաղաքական ուժերի տեսակետների համադրմամբ հնարավոր եղավ աշխատել և առաջ տանել մեր երկրի ընդհանուր քաղաքական ուղեգիծը, ճիշտ որոշումներ կայացնել պետականության ամրապնդման, մեր ժողովրդին հուզող սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ։
Միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցի առնչությամբ Ղուլյանը նշեց, որ 6-րդ գումարման ԱԺ-ի հաջողություններից մեկն արձանագրվել է հենց այդ ուղղությունում։ 2015-ից առ այսօր ձևավորվել են 4 նոր բարեկամական խումբ և շրջանակ, որոնք գումարվել են նախկինում ստեղծված նմանատիպ չորս խմբերին։ Գործընթացն սկսվել է 2013 թվականից, երբ Լիտվայի Սեյմասի կողմից առաջին անգամ բարեկամության մասին հայտարարություն հնչեց։ Հետագա երկու տարիների ընթացքում ստեղծվեցին առաջին չորս խմբերն ու շրջանակները։ Դրանք շատ լավ նախադրյալներ էին ապագայում միջխորհրդարանական համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու առումով։ Վերջերս հաջողությամբ ավարտվեց Կիպրոսի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ձևավորումը։ Այդ ուղղությամբ մեր խորհրդարանն աշխատեց ավելի քան երեք տարի՝ հարաբերությունների հաստատման գործում ներգրավելով մի շարք կառույցներ։ Ներկայում էլ նախանշված որոշ ուղղություններում ընթանում են աշխատանքներ, որոնց մասին ԱԺ նախագահը գերադասեց առայժմ չբարձրաձայնել։
Ասուլիսի ավարտին Ղուլյանը հետադարձ հայացքով ընդհանուր գնահատական տվեց անցած բոլոր գումարումների խորհրդարանների գործունեությանը՝ ընդգծելով նրանց ունեցած դերակատարությունը պետականաշինության գործընթացում։ Անշուշտ, Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդն իր առանձնահատուկ տեղն ունի մեր խորհրդարանի պատմության մեջ և տարբերվում է մյուսների գործունեությունից. պատգամավորները պատերազմի դաշտից էին խորհրդարան գալիս և շատ դեպքերում, նիստը կիսատ թողնելով, նորից գնում էին առաջնագիծ։ Նրանք պայքարում էին երկու ճակատում։
Յոթերորդ անգամ խորհրդարան ընտրեցինք, նախորդներին փոխարինելու եկան նոր ընտրված պատգամավորներ՝ նոր մոտեցումներով, ցանկություններով ու երազանքներով։ Ղուլյանը նաև այս մասին խոսեց։ Ավելորդ չհամարեց ներկայացնել նաև վիճակագրական տվյալներ նախորդ վեց գումարումների խորհրդարանների գործունեության վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, Արցախում ընդունվել է 1644 օրենք, որոնցից 1305-ը՝ 2005-2020 թվականներին։ Շնորհակալություն հայտնելով իր բոլոր գործընկերներին՝ Ղուլյանն ասաց, որ ձեռք բերված հաջողությունները համատեղ աշխատանքի արդյունք են։ Քաղաքական աշխատանքն արդյունավետ էր` շնորհիվ պատգամավորական կազմի ներուժի և նպատակասլացության, աշխատակազմի արհեստավարժության ու ճիշտ կառավարման։
Աժ նախագահի կողմից կարևորվեց նաև լրագրողական հանրության կողմից խորհրդարանական գործունեության ճիշտ մատուցումը։