ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՆՐԱՅՆԱՑՆՈՒՄ Է ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԻՐ ԴԱՇԻՆՔԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Ադրբեջանը հերթական անգամ հարձակողական զորավարժություն է անցկացնում՝ կիրառելով ՙՊոլոնեզ՚, ՙՍմերչ՚ հրթիռահրետանային միջոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և անօդաչու թռչող սարքեր։ Միաժամանակ, հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացնում Նախիջևանի կայազորի զորքերում։ Վերջին շրջանում նման կարգի զորավարժություններ Ադրբեջանը հաճախակի է անցկացնում, դրանով, թերևս, անթաքույց մտադրությամբ ցուցադրելով հնարավոր հարվածի գլխավոր ուղղություններից մեկը։
Մինչ Ադրբեջանը զբաղված էր սեփական սպառազինության ցուցադրությամբ, Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածում գործողություններ սկսեց՝ բուֆերային գոտու ստեղծման իր ծրագիրը կյանքի կոչելու համար։ Սիրիական աղբյուրները մայիսի 19-ին իրազեկեցին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից նկատվող ակտիվության մասին. բեռնատար ավտոմեքենաները Հասեկ նահանգ էին տեղափոխում երկաթբետոնե կոնստրուկցիաներ, շինարարական տեխնիկա և սարքավորումներ։ Թուրքական իշխանությունները ձեռնամուխ են եղել Սիրիայի հյուսիս-արևելքում բետոնե պատի կառուցմանը։ Աշխատանքներն իրականացվում են սիրիական այն տարածքում, որն Անկարայում անվտանգության գոտի են անվանում, իրազեկեց ռուսական աղբյուրը՝ հիշեցնելով, որ այդ տարածքը բնակեցված է գլխավորապես էթնիկ քրդերով։ Սիրիական SANA լրատվական գործակալությունը, փոխանցելով Սիրիայի կառավարության անհանգստությունը, նշեց, որ թուրքական իշխանություններն ու զինվորականությունը շինարարության մասին նախապես չեն ծանուցել։ Այդ պատճառով էլ պաշտոնական Դամասկոսը թուրք զինվորականության վերահսկողությամբ ռազմական ամրության կառուցումն ապօրինի է հայտարարել։ Սիրիական իշխանություններն ապօրինի են համարում նաև իրենց երկիր թուրքական ռազմական քանակակազմի ժամանումը։
Ավելի վաղ Դամասկոսը տեղեկացրել էր Հալեպի հյուսիսում թուրքական կողմից բետոնապատման աշխատանքներ սկսելու մասին՝ նշելով, որ Անկարայի ծրագիրը Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելն է։ Թուրքական կողմը մտադիր է այդ տարածքն ամբողջովին պահել իր վերահսկողության ներքո։
Սիրիայի հյուսիսում թուրքական ակտիվությունը Մոսկվայի աչքից չէր կարող վրիպել. ռուս-թուրքական համաձայնագրով՝ այդ հատվածում, ներառյալ Հալեպն ու Հասեկը, Ռուսաստանի ռազմական ոստիկանությանը պարեկություն իրականացնելու իրավունք էր վերապահվել։ Մայիսի 18-ին Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ վարեցին։ Չնայած ՏԱՍՍ-ի տեղեկատվության մեջ շեշտը դրվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կողմերի փոխգործակցության հնարավորությունների վրա, այդուհանդերձ, նախագահները չեն շրջանցել Սիրիայի հարցը։ Գործակալությունն այդ մասին հիշատակել է մի քանի բառով՝ տարածաշրջանային զարգացումների ընդհանուր համատեքստում։
Դիտարկելով Սիրիայի հյուսիսում ընթացող իրադարձությունները, ավելորդ չենք համարում նշել նաև մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպը. ՙՋեբհաթ ալ-Նուսրա՚ ահաբեկչական կազմակերպության կողմից գնդակոծման ենթարկվեց Իդլիբ նահանգը։ Տեղեկատվության առաջին աղբյուրը Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, ծովակալ Օլեգ Ժուրավլյովն էր։ Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահն իր թուրք պաշտոնակցի հետ քննարկել է նաև Իդլիբի շուրջ տիրող իրավիճակը՝ դժգոհություն հայտնելով Անկարային ահաբեկչական խմբավորման հետ համատեղ գործողություններ իրականացնելու կապակցությամբ։
Հարկ է ընդգծել, որ Մերձավոր Արևելքում թուրքական ագրեսիան զսպող կարևոր գործոններից մեկը Լիբիայի ժամանակավոր կառավարությունն է՝ ռազմական առաջնորդ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ։ Ս.թ. ապրիլի 24-ին Ժամանակավոր կառավարության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից հայտարարություն էր տարածվել Լիբիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունելու մասին։ Մեկ տարի առաջ էլ՝ 2019-ի ապրիլի 19-ին, երկրի արտգործնախարարությունը տարածեց համանման հայտարարություն, ըստ որի՝ Հաֆթարի գլխավորած կառավարությունը պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։
Հայտարարության մեջ նշված էր, որ այսօրվա Թուրքիայի կառավարությունը հանցագործություններ է կատարում աշխարհի ժողովուրդների դեմ՝ կոպտորեն միջամտելով նրանց ներքին գործերին։ Հանցագործություններից մեկը Լիբիայի Թարհունա քաղաքի հրթիռակոծությունն էր, հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառումը, ինչի հետևանքով զոհվել են երեխաներ, տարեցներ և կանայք։ Թուրքական ուժերը ոչնչացրել են մարդասիրական շարասյուները, որոնցում սնունդ էր, բժշկական օգնություն, վառելիք։ Վկայակոչվում են թուրքական իշխանությունների կողմից հովանավորվող ահաբեկիչների հանցագործությունները, որոնք գումարվում են մարդկության դեմ ուղղված մյուս հանցագործություններին և հաստատում Էրդողանի ամբարտավանության աստիճանն ու նրա կողմից միջազգային բոլոր օրենքների, նորմերի անտեսումը։
Նշված հայտարարությանը Հայաստանի չարձագանքելը, թերևս, պայմանավորված էր նրանով, որ Ժամանակավոր կառավարությունը Լիբիայի օրինական ճանաչված կառավարության կարգավիճակ առայժմ չունի։ Բայց մյուս կողմից՝ մերձավորարևելյան այս պետությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևի ընդունումն ինքնին կարևոր է Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականությանը հակազդելու տեսանկյունից։
Թուրքական իշխանություններին, սակայն, նման բովանդակության հայտարարությունները չեն սթափեցնում։ Մոտ 10 օր առաջ Էրդողանը բավականին ագրեսիվ տոնայնությամբ ելույթ էր ունեցել և վերահաստատել տարածաշրջանում գերիշխանության հասնելու իր ռազմավարությունը։ Մասնավորապես ասել է, որ Թուրքիայի դեմ թշնամություն տարածող ուժերին խեղդելու են իրենց բներում, մինչև վերջ պաշտպանելու են Թուրքիայի իրավունքները Միջերկրական ծովում, Կիպրոսում, Էգեյան ծովում։ Էրդողանի համար թշնամիներ են Քուրդիստանի բանվորական կուսակցությունը, հայկական և հունական լոբբիները, Պարսից ծոցի չար ուժերը։
Զարմանալի չէ, որ նախագահն ահաբեկիչներ է անվանում թուրքական պետության բոլոր այն մտավորականներին, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարական Թուրքիայի։ Էրդողանն առանձնահատուկ ատելությամբ է արտահայտվել գյուլենական կազմակերպությունների մասին (FETՃ), որոնք, ավելի վաղ իշխանությունների կողմից ահաբեկչական են հռչակվել։ Այդ կազմակերպություններին անդամակցողները հետևում են իսլամական հասարակական գործիչ և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում ապրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում։ Էրդողանը նրան ահաբեկիչ է անվանում, մինչդեռ թուրք ժողովրդավարների համար նա ուսուցիչ է և առաջնորդ, ով մեծ համոզվածությամբ հայտարարում է, որ իսլամը և ժողովրդավարությունը համատեղելի են։ 2013թ. Գյուլենը ներառվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում։
Թուրքական պետության ներքին և արտաքին քաղաքականությունը գնալով ավելի ագրեսիվ է դառնում։ Նախագահն արդեն բացահայտ խոսում է իշխող ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության և ՙԱզգայնական շարժում՚ կուսակցության դաշինքի մասին։ Վերջինս Թուրքիայում և նրա սահմաններից դուրս հայտնի ՙԳորշ գայլեր՚ ծայրահեղ ազգայնական, ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևն է։ Ահաբեկիչների հետ իր դաշինքը հրապարակայնորեն ընդգծելով՝ Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ ցուցադրում է երկրի ներսում իրեն քննադատողների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների, իսկ երկրից դուրս՝ թուրքական պետության ագրեսիվ քաղաքականությանը հակազդող ուժերի դեմ իր անհաշտ պայքարը։