[ARM]     [RUS]     [ENG]

Երբ գայլերը կուշտ չեն, ոչխարներն անհանգստանում են

Վահրամ ԱԱՆԵՍՅԱՆ

 Ադրբեջանի վարքի շուրջ ենթադրությունների պակաս չկա: Դրանք տրամաբանական են, բայց որոշ իմաստով՝ թերի: Բանն այն է, որ շուրջ մեկուկես տասնամյակ է՝ այդ երկրում գանձագողությունը, կոռուպցիան եւ հովանավորչությունը կենսակերպ են, ինչ-որ առումով՝ ազգային ինքնություն: Ի տարբերություն քաղաքակիրթ աշխարհի, Ադրբեջանում կաշառակեր պաշտոնյան արժանանում է հանրության ոչ թե պարսավանքին, այլ՝ համակրանքին:

Ադրբեջանում հարուստ մարդու պաշտամունքը հանրային համերաշխության խորհրդանիշ է: Երբ գողանում են բոլորը, բաժին հասնում է նաեւ ամենավերջին ,,համբալին,,: Եւ նա գոհ է իր մեկ ,,աբաիսով,,: Երբ նավթի գներն առասպելական բարձր էին՝ ,,մեկ աբասի,, կորզում էին շատերը: Իսկ նավթի դարաշրջանն ավարտվում է: Եւ, որքան էլ զարմանալի հնչի, դրանից ոչ թե միլիոնավոր ,,համբալներն,, են տագնապում, որ կարող են ,,աբասի,, կորցնել, այլ՝ մեծահարուստները: Որովհետեւ իշխող ընտանիքը ֆիսկալ, անվտանգության մարմինների, իրավապահների ողջ հզորությամբ խիստ վերահսկողություն է սահմանել բյուջետային արդեն սուղ միջոցների վրա: Գողանալ կարող են միայն նրանք, ովքեր գողանում են իշխող ընտանիքի համար եւ ստանում իրենց ,,աբասին,,:

Չինովնիկական ոհմակը, որ Իլհամ Ալիեւը տասնհիգ տարի բուծել է, զգացել է ունեզրկման վտանգը: Արդեն կան հարվածի տակ ընկածներ: Նրանց ստիպել են ,,կամավոր,, մուծվել: Մարդիկ միլիարդավոր դոլարներ են կորցրել եւ ատամ են կրճտացնում նրանց վրա, ում վրայով ալիեւյան պատժիչ գլանամեքենան չի անցել: Այդպիսիք քիչ են, բայց դեռ կան, իսկ ունեզրկվածների բիզնեսը ջրի գնով անցել է ,,Փաշա-հոլդինգին,,՝ Մեհրիբան Ալիեւայի հայրական ընտանիքի կայսրությանը, որի անվանական արժեքն արդեն անցնում է մի քանի տասնյակ միլիարդ դոլարի սահմանը:

Եւ մինչ Ալիեւների հարստության ,,պահնորդը,, Լոնդոնն է, Փաշաեւներն ավելի հաշվենկատ եւ իրատես են, իրենց կարողությունը նրանք գրեթե հավասար չափով կիսել են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Ադրբեջանի ներքաղաքական ճգնաժամի բուն պատճառը սեփականության համար կատաղի մրցապայքարն է մի քանի կլանների միջեւ: Երբ մամուլը գրում է, որ ԱԻ նախարար Հեյդարովի որդիները ,,զինվորագրվել են եւ պատրաստ են կռվել առաջնագծում,,՝ լուրջ մարդիկ հասկանում են, որ Նախիջեւանի ՆԳ քաղաքային բաժնի հրշեջ ծառայության նախկին պետն արդեն ,,մուծվել,, եւ իրեն ապահովագրել է կատարյալ ունեզրկումից: Որոշ ժամանակ անց նա կազատվի պաշտոնից եւ կվայելի՝ ինչ կհասցնի փրկել Մեհրիբան Ալիեւայի ճիրաններից:

Այս թշնամանքն ադրբեջանական հանրությանը վարակել է վերեւից ներքեւ եւ հորիզոնական գծերով: Ոչ ոք վաղվա օրվա հավատ եւ ապահովության երաշխիք չունի: Նախարարներն այսօր հերթի են կանգնում Մեհրիբան Ալիեւայի ընդունարանում: Նա է զատում սեւը սպիտակից, հավատարիմը՝ դավաճանից:

Գայլերն Ադրբեջանում այլեւս կուշտ չեն, ոչխարներն ինչպե՞ս կարող են հանգիստ լինել: