ՊՈՒՏԻՆԻ ՑԱՎՈՏ ՀԱՐՎԱԾԸ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Դաղստանի ինքնավար հանրապետության իրավապահ մարմինների անանուն աղբյուրն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է, որ օոգոստոսի 5-ին ձերբակալվել է Դերբենտի շրջանի նախկին ղեկավար Գուրբան Գուրբանովը։ Վերջինս պաշտոնից ազատվել էր 2014 թվականին։ Նրա դեմ պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառակերության եւ կոռուպցիայի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, ինչը Բաքվում դժգոհության տեղիք էր տվել։ Ադրբեջանում Դաղստանը եւ մասնավորապես Դերբենտը համարում են ՙվաղնջական թյուրքական՚։
Խորհրդային շրջանում Դաղստանի մարզկոմի քարտուղար է աշխատել Իլհամ Ալիեւի մորական պապ Ազիզ Ալիեւը։ Մամուլում մեկ անգամ չէ, որ գրվել է Ստալին-Միր-Ջաֆար Բաղիրով՝ առնվազն Դերբենտի շրջանն Ադր. ԽՍՀ կազմ մտցնելու պայմանավորվածության մասին։ Քաղաքական այդ խարդավանքները նորովի արծարծվել են կոմունիստական Ադրբեջանում Հեյդար Ալիեւի իշխանության տարիներին։ Այդ առթիվ նույնիսկ հայտնի ավար բանաստեղծ Ռասուլ Համզաթովն է գրել. ՙԵրբ իմ հայրենիքում պառկում եմ քնելու, կուզենայի, որ հարավից միայն խաղաղության սյուք փչեր՚։
Անկախության հռչակումից ի վեր Ադրբեջանում Դերբենտի ՙթյուրքականության՚ թեման նոր դրսեւորումներ է ստացել։ Այդուհանդերձ, պաշտոնական Բաքուն գերադասում էր Դաղստանում նախ ՙհինգերորդ զորասյուն՚ կազմավորել, ապա սպասել հարմար առիթի։ Հարավային Կովկասում Թուրքիայի հավակնությունների համատեքստում, երեւում է, Մոսկվան ՙճգնաժամային՚ վերլուծություն է կատարել եւ որոշել, որ պետք է կանխարգելիչ հարված հասցնի։ Այլապես վեց տարի անց Գուրբան Գուրբանովի գործը հանկարծակի չէր վերաբացվի եւ նրան չէին ձերբակալի։ Ընդ որում, այս անգամ ներկայացվում է պետական հողերի ապօրինի օտարման մեղադրանք։
Խոսքը հարյուրավոր հեկտարի հասնող հողերի մասին է, որ Գուրբանովն օտարել է։ Ու՞մ՝ պարզ կդառնա քրեական գործով քննության ընթացքում։ Չի բացառվում, որ Դաղստանում հողի սեփականատեր են դարձել Ադրբեջանի քաղաքական վերնախավը ներկայացնող նախկին ու ներկա պաշտոնյաներ եւ կոռումպացված գործարարներ։ Ուշագրավ է, որ նույն օրը ռուսաստանցի իրավապահները ձերբակալել են նաեւ Դերբենտի շրջանի գործող ղեկավար Ֆուադ Շիխիեւին՝ դարձյալ նույն մեղադրանքով։ Որ իրավապահները գործել են Ռուսաստանի քաղաքական ղեկավարության իմացությամբ՝ դրանում կասկած լինել չի կարող։ ՌԴ նախագահ Պուտինն, ամենայն հավանականությամբ, պատկան մարմիններին տվել է Դաղստանում Իլհամ Ալիեւի ՙհինգերորդ զորասյունը՚ կազմացրելու հատուկ հանձնարարություն։
Չափազանց ուշագրավ է, որ ձերբակալված Գուրբանովը վերջին հինգ տարիներին զբաղեցնում էր Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի Դաղստանի բաժանմունքի ռեկտորի պաշտոնը։ Եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանում բուհերի ռեկտորներին նշանակում է նախագահը, ապա պարզ կլինի, որ Գուրբանովը չէր կարող առանց Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահի իմացության նման պաշտոն զբաղեցնել։ Փաստացի նա Դաղստանում Իլհամ Ալիեւի լիազոր ներկայացուցիչն էր։ Եւ նրա ձերբակալությունը ՌԴ նախագահ Պուտինի ծանր հարվածն է Իլհամ Ալիեւին։
Ի՞նչ ընթացք կունենա քրեական գործը։ Ռուսաստանը մինչեւ վերջ հետեւողական կլինի՞ Դաղստանն Իլհամ Ալիեւի ազդեցությունից մաքրելու գործում, թե ինչպես 2014 թվականին՝ կողմերը կգան կուլիսային պայմանավորվածությա՞ն։ Գուրբանովի առաջին ձերբակալությունից անցել է վեց տարի։ Այդ ընթացքում աշխարհը փոխվել եւ արագորեն փոխվում է։ Ռուսաստանը պարտադրված է հարավային սահմաններն ապահովել արտաքին էքսպանսիայից։ Բայց հաջողության հասնելու համար նախ պետք է ներսի ՙկեղտը՚ մաքրի։