Լիկբեզ Թոֆիգ Աբասովի համար
Վահրամ Աթանեսյան
Ալիեւյան քարոզչահորդայի կարկառուն դեմքերից Թոֆիգ Աբասովը փորձում է վիճարկել պատմական իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել։ Նրա ցավն, իհարկե, պատմություն չէ, այլ պոստուլատը՝ եթե ԼՂ-ն անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուրեմն երբեք էլ չի կազմելու։
Իր դիտարկումներում նա հայկական կողմին մեղադրում է, որ ՙմեկնում է ոչ թե արձանագրված փաստերից, այլ՝ հնարածին պատմությունից՚։ Խոսենք առարկայորեն։ Տավուշյան ագրեսիայից տառացիորեն մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 6-ին, Իլհամ Ալիեւը շանթուկրակ թափեց ադրբեջանական առաջին հանրապետության իշխանության գլխին, նրան անվանեց ՙվախկոտ՚ եւ ներկայացրեց մեղադրանք, որ ՙչէր վերահսկում երկրի տարածքի մի մասը՚։ Ինչի՞ մասին է խոսքը՝ Թոֆիգ Աբասովի ասած՝ արեւի լույսի պես պարզ է. ԱԴՀ-ն, չնայած գործադրած հսկայական ջանքերին, այդպես էլ չկարողացավ ոչ փաստացի, ոչ, մանավանդ, իրավական վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որի Ազգային խորհուրդն Ադրբեջանի բոլշեւիկացումից մի քանի օր առաջ երկրամասը վերջնականապես հռչակեց անկախ Հայաստանի անբաժանելի մաս։ Չկա՞ նման փաստ, մենք ընդամենը մեկնում ենք հնարածին պատմությունի՞ց։ Այդ դեպքում ինչո՞վ բացատրել խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի՝ անկախ Հայաստանի կառավարությանը հղած վերջնագիրը, որով պահանջում էր Լեռնային Ղարաբաղը դատարկել հայկական զորքերից, հակառակ դեպքում՝ սպառնում պատերազմով։ Փաստ, որ վկայում է՝ 1920թ. ապրիլի վերջի-մայիսի սկզբի դրությամբ Լեռնային Ղարաբաղը խորհրդայնացած Ադրբեջանի մաս չէր կազմում։
Վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում խորհրդային Ռուսաստանի եւ անկախ Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվել է Զինադադարի համաձայնագիր։ Զինադադար կնքում են պատերազմող երկրները։ Ե՞րբ է խորհրդային Ռուսաստանը պատերազմ հայտարարել Հայաստանին։ 1920թ. մայիսին, երբ բոլշեւիկյան 11-րդ բանակը խորհրդային Ադրբեջանի տարածքից մտել է Լեռնային Ղարաբաղ եւ այն օկուպացրել։ Հիշյալ զինադադարի համաձայնագրում հենց այդպես էլ գրված է՝ ՙԼեռնային Ղարաբաղը համարվում է ժամանակավորապես գրավված՚։ Եթե ԼՂ-ն լիներ Ադրբեջանի մաս եւ Հայաստանի կողմից օկուպացված, ապա Զինադադարի համաձայնագրում չէր նշվի որպես ՙժամանակավորապես գրավված, որի պատկանելիության հարցը պետք է որոշվի այն սկզբունքներով, որ կմշակվեն խաղաղության պայմանագրով՚։ Այսինքն՝ հայ-ռուսական խաղաղության պայմանագրով։ Նման պայմանագիր չի ստորագրվել։
Լեռնային Ղարաբաղը մարզային լայն ինքնավարությամբ խորհրդային Ադրբեջանի կազմում է ՙթողնվել՚ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ։ Նույնիսկ այդ ապօրինի ակտի հեղինակները գիտեին, որ Լեռնային Ղարաբաղը հայկական է։ Նույնիսկ Ադրբեջանի Կենտգործկոմը գիտեր այդ անառարկելի փաստը։ Այլապես Ինքնավար Լեռնային Ղարաբաղի հռչակման Դեկրետում չէր գրի. ՙՂարաբաղի հայկական մասից կազմավորել ինքնավար մարզ՚։ Եւ հատուկ չէր ընդգծի, որ Շուշի քաղաքը մտնում է Ինքնավար Լեռնային Ղարաբաղի կազմ, այսինքն՝ նույնպես հայկական է, իսկ ՙհողը, ջուրը, անտառները պատկանում են նրա ներկայիս տերերին՚։ Այսինքն՝ հայերին։ Ոչ մի խոսք ՙադրբեջանական համայնքի՚ կամ ՙհամատեղ սեփականության՚ մասին։ Եւ սա, կրկնենք՝ Ադր. ԽՍՀ Կենտգործկոմի՝ իշխանության բարձրագույն մարմնի Դեկրետով, որտեղ ակնարկ իսկ չկա, որ Հայկական Ինքնավարությունն Ադրբեջանի ՙանբաժանելի մասն է՚։ Գրված է՝ ՙորպես բաղկացուցիչ մաս՚։ Թոֆիգ Աբասովը, կարծում ենք, կարողանում է տարբերել ՙանբաժանելի մաս՚ եւ ՙբաղկացուցիչ՚ մաս ձեւակերպումների իրավական տարբերությունը։ ՙԱնբաժանելի մասն՚ ադրբեջանական է, ՙբաղկացուցիչ մասը՚՝ հայկական։ Այսինքն, Ադր. ԽՍՀ-ն ոչ թե ունիտար, այլ դաշնային պետություն է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սուվերեն իրավազորություն չունի։ Ավելի պարզ ասած՝ Լեռնային Ղարաբաղը սույն ակտով չի ճանաչվում ՙադրբեջանական հող՚։ Այն հայկական է։
Հ.Գ. Ինչ վերաբերում է պատմական անցյալին, ապա Թոֆիգ Աբասովն ադրբեջանցի համարվող, իրականում՝ պարսկագիր, հեղինակների մոտ կարող է կարդալ, որ 1736թ. Մուղանի ՙգուրուլթայում՚ հռչակվելով Պարսկաստանի շահ՝ Նադիրը հատուկ հրովարտակով Ղարաբաղը դուրս է բերել Գյանջայի բեգլարբեկության ենթակայությունից եւ կազմավորել առանձին վարչական-պետական միավոր՝ Խամսայի մելիքություններ եւ գերագահ կարգել Դիզակի մելիք Եգանին։ Դարավոր ընդհատումից հետո վերականգնվել է տոհմիկ հայկական իշխանապետությունը, որը երեք տասնամյակ անց տապալվել է ելուզակ Փանահ-Ալիի կողմից։ Դա փաստացի հայկական պետականության տապալում, հայկական տարածքների օկուպացիա էր, որի հետ հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել։ Եւ ԽՍՀՄ փլուզմամբ ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակում վերականգնել է պատմական հայրենիքի մի մասի նկատմամբ իր անօտարելի իրավունքը։