ԲԱՔՎՈՒՄ ԹԵՄԱՆ ՓՈԽԵՑԻՆ, ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉՓՈԽՎԵՑ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Միջազգային հանրության ուշադրությունը վերջին շաբաթվա ընթացքում սևեռված է Լիբանանում տեղի ունեցած հզոր պայթյունի վրա, որի ողբերգական հետևանքներն ու դրա հետ կապված տարածաշրջանային զարգացումները դարձել են քաղաքական շրջանակների և միջազգային մամուլի քննարկման թեմա։ Բեյրութի նավահանգստի տարածքում օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է եղել, որի հետևանքով կան զոհեր, հազարավոր մարդիկ վիրավորվել են, տասնյակ հազարավորները՝ զրկվել տանիքից։ Հայկական համայնքը նույնպես կորուստներ ունի. պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 300-ը։
Պայթյունի պատճառը, ըստ լիբանանյան իշխանությունների հայտարարության, երկրի մաքսային ծառայությունների կողմից վեց տարի առաջ առգրավված և պահեստում պահված 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, արտադրվել է Վրաստանում՝ Ռուսթավիի ՙԱզոտ՚ գործարանում։ Հիմք ընդունելով գործարանի տնօրինության տեղեկությունները, ՙԷխո Կավկազի՚ կայքը տեղեկացրեց, որ նշված քիմիական նյութն արտադրվել է 2013 թվականին, իսկ արտադրանքի պահպանման ժամկետն ընդամենը 6 ամիս է։
Ռուսթավիի ՙԱզոտ՚-ն իր արտադրանքը արտահանում է տասնյակ երկրներ, այդ թվում՝ Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա, Հարավային Ամերիկայի երկրներ։
Որոնք են պայթյունի պատճառները և ովքեր են մեղավորները՝ կորոշի երկրի ռազմական դատարանը։ Այս մասին օգոստոսի 8-ին իրազեկեց Լիբանանի արտաքին գործերի նախարար Շարբել Վեհբեն։ Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունը խոսել է երեք հնարավոր վարկածի մասին. առաջին՝ արտաքին միջամտության հավանականությունը, այս դեպքում ենթադրվում է, որ պայթյունի պատճառ կարող էին դառնալ ռումբը կամ հրթիռը։ Մյուս երկու վարկածները ենթադրում են անփութություն կամ դժբախտ պատահար։
Լիբանանի ժողովրդին պատուհասած դժբախտությանն արձագանքեցին աշխարհի մի շարք երկրներ և միջազգային կառույցներ։ Ողբերգական իրադարձության հետևանքների վերացման նպատակով ավելի քան 33 մլն եվրո տրամադրելու պատրաստակամություն հայտնեց Եվրահանձնաժողովը։
Նման իրավիճակներում մարդասիրական օգնությունն ունենում է նաև քաղաքական ենթատեքստ, իսկ Մերձավոր Արևելքն այն տարածաշրջանն է, որի հետ Եվրոպական միության երկրները սերտ առնչություններ ունեն։ Այս հանգամանքը վերահաստատեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Լիբանան կատարած այցը։ Նրա արտահայտությունը, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա, արդեն իսկ տարածաշրջանային նոր զարգացումներ է ենթադրում։ Միջանկյալ նշենք, որ Լիբանանը եղել է Ֆրանսիայի գաղութը, որից անկախացել է 1943 թվականին։ ՙԱլ-Ջազիրա՚ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը շրջել է Բեյրութի փողոցներով, զրուցել մարդկանց հետ։ Մակրոնին ողջունել են ու նաև խնդրել նրա օգնությունը՝ վերջ տալու լիբանանյան կոռուպցիոն ռեժիմին։ Նաև հույս են հայտնել,որ Ֆրանսիայի տրամադրած մարդասիրական օգնությունը կհասնի ժողովրդին և ոչ թե կոռումպացված իշխանավորներին։ Մի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը ոտքի վրա, ժամերի ընթացքում հեղափոխական իրադրություն է ստեղծել։ Ասել է, որ ինքը Լիբանանում է՝ ղեկավարությանը նոր քաղաքական պայմանագիր առաջարկելու համար։ Օգոստոսի 10-ին Լիբանանի կառավարության հրաժարականի լուրը տարածվեց լրատվամիջոցներով։
Եթե Բեյրութում տեղի ունեցած պայթյունը Ֆրանսիայի նման երկրին Լիբանանում իր ազդեցությունը տարածելու նոր հնարավորություն է տվել, միանգամայն ընկալելի է։ Բայց որ Ադրբեջանն է նման քաղաքական նպատակ հետապնդում, արդեն զվարճալի պատմության է նմանվում։ Օգոստոսի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիբանանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում ֆինանսական աջակցության խոստում տվեց։ Օրվա վերջին հայտնի դարձավ, որ նախագահը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի կողմից Լիբանանին 1մլն դոլարի ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին։ Նախագահի դիրքորոշումը հարուցել է ադրբեջանցիների դժգոհությունը։ Նրան հարց են ուղղել՝ սեփական ժողովրդին ե՞րբ եք օգնելու։ Ալիևի վարչակազմն իր քարոզիչների միջոցով հասարակության մեջ տարածեց թեզ, ըստ որի՝ Լիբանանին օգնելը կբարձրացնի Ադրբեջանի միջազգային հեղինակությունը, հնարավոր կլինի փոխել Լիբանանի հայերի կողմից Ադրբեջանի մասին ստեղծած բացասական պատկերացումները։ Այդ ամենի արդյունքում հայերի դիրքերը կթուլանան։ Իրոք, զվարճալի է։ Քաղաքակիրթ պետությունն իր վարկանիշը բարձր է պահում առաջին հերթին միջազգային պարտավորությունները հավուր պատշաճի կատարելու դեպքում։ Սա, իհարկե, Ադրբեջանին չի վերաբերում։
Հարց է ծագում՝ ո՞րն է Իլհամ Ալիևի ՙմարդասիրական առաքելության՚ իրական դրդապատճառը և, արդյո՞ք, Ադրբեջանը Լիբանանում ազդեցություն տարածելու իրական հնարավորություն ունի։ Մերձավորարևելյան այս երկրում հայկական համայնքը մեծ հեղինակություն ունի, ասել է թե՝ լիբանանյան հանրության շրջանում հակահայկական քարոզչության ծավալումը հազիվ թե որևէ հաջողություն ունենա։
Բաքվում, կարծես, հասկացան և անմիջապես թեման փոխեցին։ Արդյունքը չփոխվեց։
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցածից հետո ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնք աղետի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, կտեղափոխվեն Հայաստան։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ Բեյրութ մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ պայթյունից հետո Հայաստան մեկնելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է։ Սակայն խնդրի առաջ են կանգնել այն մարդիկ, ովքեր քաղաքացիություն, ինչպես նաև կացության կարգավիճակ չունեն։ Սինանյանն ասել է, որ պետք է միջոցներ գտնել՝ այդ մարդկանց հայրենիք բերելու համար։ Դա բացարձակ օրինական իրավունք չէ, բայց ցանկացած հայի համար բացարձակ բարոյական իրավունք է։ Հայաստան եկող բոլոր հայերի համար կապահովվեն անհրաժեշտ պայմաններ, հավելել է գլխավոր հանձնակատարը։
Ստեղծված իրավիճակում միանգամայն տրամաբանական էր Արցախի Հանրապետությունում լիբանանահայերին վերաբնակեցնելու հարցի շուրջ ակտիվ քննարկումների ծավալումը։ Ադրբեջանում նոր հայտարարություն գրեցին։ ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան ասաց, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքի որոշ երկրների հայերի Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում վերաբնակեցնելու ուղղությամբ, որոնք, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, համարվում են միջազգային մակարդակով ճանաչված ադրբեջանական տարածքներ։ Բաքուն ցուցադրեց իր տագնապը՝ լիբանանահայերի վերաբնակեցման արդյունքում Արցախի հայ բնակչության թիվը կաճի։
Նորություն չէ, որ Ալիևի վարչախումբը ֆոբիա ունի Արցախում իրականացվող վերաբնակեցման քաղաքականության, ընդհանրապես, ժողովրդագրական իրավիճակի փոփոխությանը միտված գործընթացների հանդեպ, որովհետև դրանք վկայում են հայկական երկրորդ պետության անշեղ զարգացման, իր ապագայի հանդեպ Արցախի ժողովրդի վստահության մասին։ Ադրբեջանում նման բաներին չեն կարող հանգիստ վերաբերվել։ Հիշում ենք, նույնպիսի վերաբերմունք արտահայտեցին նաև սիրիահայերի՝ Արցախում վերաբնակվելու հետ կապված։ Դա, իհարկե, ադրբեջանցիների խնդիրն է։
Արցախի իշխանությունները տարբեր առիթներով հայտարարել են, որ բնակչության թվաքանակի աճն այստեղ պայմանավորում են ծնելիության խթանմամբ և հայրենադարձությունը խրախուսելով։ Երկու ուղղություններով ԱՀ ղեկավարությունը ձեռնարկել, ձեռնարկում է գործնական քայլեր։ Ներկա դրությամբ Արցախում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցների կենսագործունեությունն այդ քաղաքականության հաջող իրականացման վառ ապացույցն է։