ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ. ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԸ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Մաս VII
(Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 62« 63« 64« 65« 66« 67« 68)
Իրավիճակը խորանում է այն հանգամանքով, որ նոր, ադրբեջանական ազգի ձեւավորման գործընթացը մինչեւ հիմա չի ավարտվել։ Այո, որոշ էթնիկ խմբեր, օրինակ՝ իրանական թաթերը, որոնց թվաքանակը կազմում է մոտ 2 միլիոն, գործնականում ձուլվել են միասնական ադրբեջանական ազգին։ Ադրբեջանում անհետացել են նաեւ քրդերը, մի շարք դաղստանցի ժողովուրդներ։ Այդուհանդերձ, որոշ ժողովուրդներ կարողացել են այս կամ այն չափով պահպանել իրենց ազգային ինքնությունը։ Նրանց են պատկանում կովկասալեզու լեզգիները եւ ավարները, որոնք համահավաք բնակվում են ժամանակակից Ադրբեջանական Հանրապետության հյուսիսում՝ Դաղստանի սահմանին, ինչպես նաեւ իրանալեզու թալիշները, որոնց բնակության տարածքը Ադրբեջանի հարավում է՝ Իրանի սահմանին։ Ընդհանուր տարածքը, որ զբաղեցնում են այս ժողովուրդները, կազմում է Ադրբեջանի ներկայիս տարածքի մոտ քառորդ մասը, իսկ նրանց թվաքանակը՝ այս երկրի բնակչության մոտ երրորդ մասը։
Սա նկատի ունենալով՝ Ադրբեջանն ապրում է այս ազգերի ինքնորոշման մշտական սպառնալիքի ներքո, ինչը կարող է հանգեցնել անգամ այդ պետության փլուզման։ Ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ այդպիսի նախադեպեր եղել են։ Այսպես՝ XX դարում թալիշները 2 անգամ պետականություն են հռչակել։ 1919 թվականի մայիսի 15-ին հռչակվել է Մուղանի Խորհրդային Հանրապետությունը, որը գոյատեւել է մոտ 3 ամիս։ Մոտ 3 ամիս է գոյատեւել նաեւ 1993 թվականի հունիսի վերջին հռչակված Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 28-ին լեզգի ժողովրդի Համազգային համագումարի որոշմամբ, որը տեղի է ունեցել Դաղստանի Կասումքենդ գյուղում, հռչակագիր է ընդունվել լեզգի ժողովրդի պետականության վերականգնման եւ Սամուր գետի երկու ափերին Լեզգիստանի Հանրապետության ստեղծման մասին։
Չնայած ադրբեջանական իշխանությունները թալիշական պետականությունը ոչնչացրին, իսկ լեզգիների որոշումն այդպես էլ թղթի վրա մնաց, այս եւ մյուս ժողովուրդները չեն հրաժարվել իրենց պայքարից։ Այսպես՝ թալիշները պարբերաբար դիմում են տարբեր երկրների եւ ընդհանրապես միջազգային հանրությանը, հեղինակավոր կառույցների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող մշտական ճնշման վրա։ Օրինակ՝ 2008 թվականին նրանք դիմել են եվրոպական երկրների ներկայացուցիչներին, 2009 թվականին՝ միջազգային հանրությանը։ Համանման դիմումներով են հանդես եկել նաեւ մյուս ազգային փոքրամասնությունները։ 2008 թվականին ավարները դիմել էին Դաղստանի նախագահին՝ խնդրելով պաշտպանել Բաքվի իշխանությունների կողմից անցկացվող բռնի ադրբեջանացման քաղաքականությունից։
Հաճախ տեղի են ունենում նաեւ կոնֆլիկտներ եւ բախումներ երկրի ազգային փոքրամասնությունների եւ իշխանությունների միջեւ, այդ թվում նաեւ տարածաշրջանային մակարդակով։ Այսպես՝ 2017 թվականի մարտին Ադրբեջանի Հանրապետության Կաբալինի շրջանում ազգությամբ լեզգի ֆերմերները ցույցեր կազմակերպեցին՝ կապված լեզգի ֆերմերների արտաքսման հետ։
Հաճախ ազգային փոքրամասնությունների եւ կենտրոնական իշխանությունների միջեւ կոնֆլիկտը տեղափոխվում է հարեւան պետություններ, մասնավորապես՝ ռուսական Դաղստան։ Այսպես՝ 2013 թվականի հունիսին Դերբենտում բողոքի զանգվածային ցույցեր անցկացվեցին՝ կապված այն բանի հետ, որ իշխանությունները որոշում ընդունեցին քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը Հեյդար Ալիեւի անունով անվանակոչելու մասին։ Ակցիաների կազմակերպիչներին էին Դաշնային լեզգիական ազգային-մշակութային ինքնավարությունը, ՙՍադվալ՚ հասարակական կազմակերպությունը, ՙԽրախ-Ուբա միությունը՚, որոնք կարծում էին, որ Ադրբեջանին լեզգիական երկու գյուղերի փոխանցման, Սամուր գետի ջրահավաքի ու լեզգիական 2,5 հազար հա հողերի յուրացման հետեւանքները էթնիկ լեզգիների իրավունքների ոտնահարման կհանգեցնեն։
Դժգոհություն կա նաեւ կապված տվյալ երկրի իշխանությունների կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ուղարկելու հետ։ Մի քանի տարի առաջ մի շարք հասարակական կազմակերպություններ եւ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների առաջնորդներ դիմեցին հանրապետությունում ապրող իրենց հայրենակիցներին՝ նշելով, որ տասնամյակների ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունն իրենց ստիպում է կռվել Արցախի հայերի դեմ, եւ դա ամենամեծ անարդարությունն է, որին ակամայից մասնակցում են բնիկ ժողովուրդները։
Իրավիճակը խորանում է նաեւ նրանով, որ որպես պանթյուրքիզմի գաղափարախոսության բաղադրիչ, Ադրբեջանի եւ նրա բնակչության թուրքացման քաղաքականությանն ակտիվորեն նպաստում էր Թուրքիան։ Այսպես, ադրբեջանցի եւ թուրք առաջնորդները ԽՍՀՄ փլուզումից ի վեր ակտիվորեն քարոզում էին ՙմեկ ազգ՝ երկու պետություն՚ կարգախոսը։ Նման դիրքորոշումը նպատակ ուներ խաթարել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը ոչ միայն Անդրկովկասում, այլ նաեւ ամբողջ Մերձավոր, Միջին Արեւելքում, Կենտրոնական Ասիայում՝ հասնելով ընդհուպ մինչեւ Չինաստան։
Այսպիսով, ադրբեջանական ազգի եւ ազգային ինքնության ձեւավորման խախտված բնական ընթացքը գլխավոր օբյեկտիվ խոչընդոտներից էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այլ նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու այլ ազգերի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին։
Ընդհանուր պետության շրջանակում երկու ազգերի ներդաշնակ համագոյակցությունն անհնար է նույնիսկ ընդհանուր գաղափարախոսության բացակայության պայմաններում։ Խորհրդային շրջանում նման գաղափարախոսությունն էր կոմունիզմը, սակայն այն եւս չկարողացավ համապատասխան պայմաններ ստեղծել։ Դա չի կարող անել նաեւ ժողովրդավարությունը, քանի որ Ադրբեջանում ժողովրդավարությունն անհնար է։ Եթե այնտեղ ժողովրդավարություն սահմանվի, ապա Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Սակայն այդ դեպքում Ադրբեջանի այլ ազգեր, օրինակ՝ լեզգիններն ու թալիշները, կարող են անկախություն պահանջել։ Իսկ դա արդեն վտանգ է ներկայացնում որպես անկախ պետություն Ադրբեջանի գոյությանը։
Եզրակացություն
Վերոնշյալ պատմական, էթնիկական եւ քաղաքական գործոնները ձեւավորեցին Ադրբեջանի քաղաքական էլիտայի նոր մենթալիտետը։ Ադրբեջանի համար պետական ամբողջականության պահպանման միակ միջոցն է ազգային փոքրամասնությունների շրջանում ազգային ցանկացած շարժում ճնշելը։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն ընդունում է որպես գլխավոր սպառնալիք իր պետության գոյության համար։ Ադրբեջանը չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ այդ դեպքում այլ ազգեր անկախություն կպահանջեն։ Ադրբեջանի համար ինքնավարությունն ավելի մեծ վտանգ է, քան անկախությունը, քանի որ այլ էթնոխմբեր եւս կարող են ինքնավարություն պահանջել, ինչը հղի է ոչ միայն անկախության հնարավոր անցմամբ, այլ նաեւ միասնական եւ համախմբված ադրբեջանական ազգ հասկացության վերացմամբ։ Այսպիսով, Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միայն 2 տարբերակ կա։ Առաջինը՝ Ղարաբաղն առանց հայերի, եւ երկրորդը՝ հակամարտության կարգավորման սառեցում՝ առաջին սցենարը կյանքի կոչելու անհնարինության դեպքում։
Նույնիսկ եթե հակամարտությունը կարգավորվի, եւ Ադրբեջանի Հանրապետությունը ստիպված լինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա Ադրբեջանը չի հրաժարվի հակահայկական քաղաքականությունից, քանի որ դա Բաքվին թույլ է տալիս իր ազգային փոքրամասնություններին ցույց տալ, որ ոչ մի դեպքում չի հանդուրժի այս կամ այն տարածքի կորուստ, իսկ վերջիններս, իրենց հերթին, կմտածեն՝ նախքան սեցեսիայի ճանապարհին կանգնելը։ Այսպիսով, Ադրբեջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի ժողովրդի ինքնորոշումն ընդունվում է որպես սպառնալիք մյուս ժողովուրդների ինքնորոշման համար։