[ARM]     [RUS]     [ENG]

Միասնության ուժը. Սամվել Բաբայանը հանդիպել է երիտասարդության հետ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 Արցախի հանրապետության հռչակման 29-րդ  տարեդարձի նախօրեին և Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին,  ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հանդիպում է ունեցել երիտասարդության հետ. կազմակերպիչները հանդիպմանը տվել  են <<Միասնության ուժը>> խորագիրը:   Հանդիպումը կայացել է Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցում: Հրավիրված են եղել հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների երիտասարդական  թևերի, բուհերի ուսանողական խորհուրդների, զանգվածային  լրատվամիջոցների ներկայացուցիչներ:   Հանդիպման մասնակիցների ընդհանուր թիվը չէր գերազանցում 100-ը՝ ԱՀ Պարետի համապատասխան որոշումը չխախտելու նկատառումներից ելնելով:  Ինչպես տեղեկացրել է ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը` հրավիրվածներից հանդիպմանը չեն ներկայացել ընդդիմության ներկայացուցիչները:  <<Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է և պատահական չէ, որ  Ս. Բաբայանն ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջին հանդիպումը կազմակերպում է հենց երիտասարդության հետ,-ասել է Ա. Դոլուխանյանը:-  Անվտանգության խորհրդի և նրա գրասենյակի գործունեությունը հետայսու ծավալվելու է բացառապես  տարածաշրջանային և մեր  անվտանգության համակարգի  ամրապնդման ուղղությամբ` հիմքում  ունենալով առողջ և մրցունակ երիտասարդության ներուժը>>:

Հանդիպումը երկու հատվածից էր բաղկացած. առաջին մասում Բաբայանը պատասխանել է  երիտասարդների հարցերին, ապա` լրագրողների: Չնայած հայտարարվել  էր, որ ներկաներն ունեն ընդամենը երկու հարցի հնարավորություն, բայց հարցերի քանակը չի սահմանափակվել: Բանախոսը կոչ է արել լինել անկաշկանդ` պատրաստակամություն հայտնելով ամենայն անկեղծությամբ պատասխանել բոլոր մտահոգիչ հարցերին:

Իսկ մտահոգություններն ու հարցերը, ուղղված Անվտանգության խորհրդի քարտուղարին, քիչ չէին. Հանդիպումը տևել է 2.5 ժամ, շոշափվել են ինչպես ներքաղաքական ու արտաքին քաղաքականությանն առնչվող, այնպես էլ  նրա՝ Արցախի զարգացման տեսլականին, անվտանգության կազմակերպման  մեխանիզմներին, տարածաշրջանային զարգացումներում Արցախի դերի ու  նշանակության, դիրքորոշման, գործողությունների, Արցախ-Հայաստան հարաբերությունների մասին հարցեր: Անդրադարձ  է կատարվել  կրթական նոր չափորոշիչներին. երիտասարդներին մտահոգում են Հայաստանում քննարկվող,  մեր մենթալիտետին, ազգային գաղափարախոսությանն ու ավանդույթներին հակասող որոշ նորարարական  գաղափարներ, որոնք, հնարավոր է  ընդունվեն նաև այստեղ: <<Վստահ եղեք,  որ այդ ամենն  Արցախ ներթափանցել չի կարող,  այդ հարցում նախագահի հետ   միակարծիք ենք: Անվտանգության խորհրդի գրասենյակը մշակում է ծրագիր կրթության ոլորտի  համար, որը  կդրվի հանրային քննարկման: Պատրաստ ենք քննարկել ձեր առաջարկներն ու գաղափարները:  Այդ հարցի շուրջ հատկապես խորհրդարանական ուժերը պիտի ունենան սկզբունքային դիրքորոշում>>,-ասել է Ս. Բաբայանը:   Նա նշել է, որ  Անվտանգության խորհրդի գրասենյակը ներկա պահին  զբաղված է  պաշտպանության խնդիրների ուսումնասիրմամբ և համակարգմամբ: Ինչպես  պարզաբանեց՝  խոսքը միայն ինժեներական աշխատանքներին չի վերաբերում:  Անչափ կարևոր է օդային պաշտպանությունը: <<Եթե <<օդը փակ չէ>>, հնարավոր չէ ուժեղ լինել ցամաքում: Իսկ դա նշանակում է  պատերազմը տանուլ տալ>>,-ասել է Ս. Բաբայանը` տեղեկացնելով, որ  իրենց կողմից մշակվում է  ծրագիր՝ ԱՀ   նախագահի 2020-2025թթ. ծրագրին համահունչ, անվտանգության խնդիրները կանոնակարգելու համար:  Հարցին, թե ի?նչ եղանակով կարելի է ուժեղացնել հայկական դիվանագիտությունը, Ս. Բաբայանը պատասխանել է,որ դիվանագիտական ճակատում  հաղթանակներ գրանցելու համար  անհրաժեշտ է հզորացնել  ռազմական  ներուժը: Նրա համոզմամբ, բանակը պիտի լինի պրոֆեսիոնալ, ուժեղ և կարող՝ լուծելու սեփական  խնդիրները: <<Հենց պաշտպանության ուժեղացումն է  ենթադրում բիզնեսի, տնտեսության զարգացում, քանի որ անհնար է ռիսկային գոտում ներդրումներ ապահովել>>,-ասել է նա:

Արցախում  տնտեսության զարգացմանն ու  վերաբնակեցման լուրջ գործընթացների ծավալմանը նա այլընտրանք չի տեսնում և այդ հարցերում ակնկալում է երիտասարդության ակտիվությունը: