[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանում նախապատրաստվու՞մ են

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 BBC-ի ադրբեջանական ծառայությունը բավական ուշագրավ հաղորդում է հեռարձակել՝ կապված տավուշյան մարտերից հետո Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ: Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտուն հարող շրջանի գյուղերից մեկի բնակիչը լրագրողին ասել է, որ տավուշյան մարտերից հետո մոտակայքում տեղակայված զորամասի հրամանատարի եւ քաղաքացիական իշխանության ներկայացուցիչների կարգադրությամբ գյուղի շրջակայքում փորվել են խրամատներ: ,,Մեզ ասել են, որ դա պատերազմի դեպքում թշնամու կրակից պաշտպանվելու համար է,,- պատմել է ադրբեջանական գյուղի բնակիչը: Նրա ասելով՝ խրամատներն ամրացված են նաեւ ավազի պարկերով: BBC-ի թղթակիցը շփման գծին մերձակա եւ Հայաստանին սահմանակից ադրբեջանական շրջաններում արձանագրել է դիրքերն ամրացնելու նպատակով օգտագործված ավտոդողերի հավաքման բազմաթիվ փաստեր: Նա ընդհանուր տպավորություն է ստացել, որ նախկինում նման պատրաստություններ չեն իրականացվել: Բնակչության շրջանում խիստ անհանգստացած են անընդմեջ զորաշարժերի փաստերով: Հայտնի էստադրային երգիչ Ֆաիգ Աղաեւը ֆեյսբուքյան գրառում է արել, որ իրեն զանգահարել են զորահավաքային կայանից եւ ճշտել տվյալներ: Նա ենթադրում է, որ իշխանությունները մտադիր են պահեստազորի մասնակի զորահավաք անցկացնել: BBC-ի թղթակցին նաեւ հայտնի է դարձել, որ զորահավաքային մարմինները բնակչության շրջանում կամավորագրվելու քարոզչություն են իրականացնում: Ինչի՞ են նախապատրաստվում Ադրբեջանում: