[ARM]     [RUS]     [ENG]

Ի՞նչ սադրանք է հյուսում Բաքուն

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Հղում անելով իսրայելական nziv.net կայքին, ալիեւյան քարոզչության դրոշակակիր virtualaz.org-ը գրում է, որ ,,Հայաստանը պատրաստվում է կռվել թուրքական բանակի դեմ,,: Իսրայելակա՞ն է նշված լրատվամիջոցը, թե՞ ադրբեջանական կամ՝ պարզապես ֆեյք, տվյալ դեպքում կարեւոր չէ: Ալիեւյան վարչախումբն իր խնդիրն է լուծում: Հայտնի է, որ թուրքական բանակի եւ Թուրքիայի հովանավորությունը վայելող ոչ կանոնավոր ռազմական խմբավորումների կողմից Սիրիայի տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողություն է իրականացվում: Վերջին շրջանում տեղեկություններ են հայտնվել այդ գոտիներում ռուս-թուրքական զինված բախումների մասին: Բաքվի տեղեկատվական հարձակումը կառուցված է այդ տրամաբանությամբ. քանի որ Հայաստանը եւ Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ եւ ռազմավարական դաշնակիցներ են, ուրեմն հայկական կողմը ,,պարտավոր է Սիրիայում աջակցել ռուսներին,,: Սադրանքն ունի ենթատեքստ: Օրերս Независимая газета-ն գրել էր, որ Թուրքիան Սիրիայից 500 գրոհային է տեղափոխել Ադրբեջան՝ Արցախի դեմ ,,բլից-կրիգին մասնակցելու համար,,: Ադրբեջանի պաշտպանության եւ ԱԳ նախարարությունները, բնականաբար, հերքեցին այդ տեղեկատվությունը: Այժմ եկել է տեղեկատվական զուգակշիռ ստեղծելու պահը, եւ ալիեւյան քարոզչությունը մեդիա-տիրույթ է նետում Սիրիա ,,հայկական զորախումբ ուղարկելու,, մասին տեղեկատվություն: Ընդսմին, փարիսեցիաբար ասվում է, որ ,,հայտնի չէ՝ խոսքը կանոնավո՞ր բանակի, թե՞ տեղական ահաբեկիչների մասին է,,: Շեշտը դրվում է այն իրողության վրա, որ Սիրիայի հայկական համայնքն անցած բոլոր տարիներին սատարել է այդ երկրի օրինական իշխանությանը, կառավարական զորքերի կազմում կան հանուն երկրի ինքնիշխանության եւ ամբողջականության կռվող հայ զինվորներ եւ սպաներ: Փորձ է արվում սիրիահայերին ներկայացնել որպես ոչ թե երկրի օրինապաշտ քաղաքացիների, այլ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից ,,վարձահրավիրված գրոհայինների,,: Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, խիստ անհանգստացած են հայ-իսրայելական հարաբերությունների բարելավմամբ, ինչպես նաեւ Միջերկրական ծովի արեւելքում իրավիճակին Հայաստանի հավանական ներգրավմամբ առնվազն քաղաքական-դիվանագիտական ձեւաչափով: Խաղադրույքը բավական բարձր է: Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի հավակնությունների դեմ հանդես է գալիս նաեւ Իսրայելը: Ադրբեջանն այդ հարցում միանշանակ սատարում է Թուրքիային: Այդ կեցվածքը կարող է վտանգել Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցությունը: Եւ ահա Բաքվում սադրանք է հյուսվել, որպեսզի խոչոնդոտվի հայ-իսրայելական համագործակցությունը: Տեղեկատվական դիմակայությունը միջազգայնացնելու Բաքվի այս փորձն արժանի է ավելի համակողմանի վերլուծության: