[ARM]     [RUS]     [ENG]

Նյարդերի պատերազմ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Այսպես կոչված ,,Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար,, Թուրալ Գյանջալիեւը ԵԽԽՎ միգրացիայի հարցերով հանձնաժողովի նիստում բարձրացրել է Արցախում լիբանանահայերի վերաբնակեցման խնդիրը: Գյանջալիեւը կրկնել է ալիեւյան քարոզչության թեզը, որ ,,Հայաստանը փորձում է փոխել տեղաշրջանի ժողովրդագրական պատկերը,,:

Արցախյան կողմը հայտնել է Շուշիում լիբանանահայ երկու ընտանիքի բնակություն հաստատելու մասին: Այդ կերպ հազիվ թե ժողովրդագրական խնդիր է լուծվում: Երեւույթն ավելի շատ խորհրդանշական է: Եւ Բաքվում դա գիտեն: Ալիեւյան վարչախմբի նպատակն Արցախի սուբյեկտության դեմ հնարավոր բոլոր միջոցներով ,,սրբազան պատերազմն,, է: Այդ քարոզչությանը միանում է նաեւ Թուրքիան: Ինչպես գրում է ադրբեջանական մի լրատվամիջոց, թուրքական ,,Ջումհուրիեթ,, թերթում, որը իշխանությունների տեսակետն է արտահայտում, թեմային անդրադարձել է քաղաքական մեկնաբան Շաֆագ Մերթը: Նրա կարծիքով՝ Արցախում լիբանանահայերի վերաբնակեցումը վկայում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ,,Ադրբեջանին մեկ թիզ հող իսկ վերադարձնելու մտադրություն չունի,,: Թուրք մեկնաբանն, ընդսմին, խնդիրը դիտարկել է շատ ավելի լայն՝ աշխարհաքաղաքական համատեքստում: Նա մտահոգիչ է անվանել Հայաստան-Հունաստան-Կիպրոս դաշինքի հեռանկարը եւ եզրահանգել, որ ,,Հայաստանի համար ազդակ պետք է լինի թուրք-ադրբեջանական ռազմական խորացող համագործակցությունը,,:

Թուրքիան փաստացի նյարդերի պատերազմ է հայտարարել Հայաստանին եւ Արցախին՝ ավելի ու ավելի հավանական ներկայացնելով Արցախի դեմ  ագրեսիայի դեպքում Ադրբեջանի կողմից իր ռազմական մասնակցությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես համանախագահ ներգրավվելու Թուրքիայի բազմաթիվ փորձերը ոչ մի արձագանք չեն գտել: Դիվանագիտական ձախողումն ակնհայտ է: Եւ Անկարան ընտրել է սպառնալիքի միջոցը: Արտառոց է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները լռություն են պահպանում:

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային կայունությանը եւ անվտանգությանը: Արցախում լիբանանահայ երկու ընտանիքի բնակությունը միայն պատրվակ է, որպեսզի թուրք-ադրբեջանական ագրեսիան դրսեւորվի առայժմ քարոզչական դաշտում:

Ի՞նչ սցենար է մշակվում Անկարա-Բաքու համագործակցությամբ: Ո՞վ է երաշխավորելու Հարավային Կովկասի կայունությունը: Հայկական զինուժն այստեղ իրականացնում է խաղաղապահ առաքելություն, եւ շահագրգիռ կենտրոնները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ դերակատարությունը ոչ միայն լեգիտիմացվի, այլեւ ամրապնդվի հավելյալ գործիքակազմով:

Այլընտրանքը Հարավային Կովկասում սիրիական ճգնաժամի կրկնությունն է: