[ARM]     [RUS]     [ENG]

Ս. ԲԱԲԱՅԱՆ. ՙԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԻԱՍԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ՚

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հանդիպումը՝ պատգամավորների և խորհրդարանի աշխատակազմի հետ։

Հանդիպմանը ներկա էր և բացման խոսք ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարն իր ելույթում նախ ներկայացրեց կառույցի գործունեությունն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, այնուհետև պատասխանեց պատգամավորների հնչեցրած հարցերին։ Իսկ մինչ այդ՝ ԱԽ քարտուղարը վստահեցրեց, որ պատրաստ է բաց երկխոսության։
Ըստ Ս. Բաբայանի՝ Անվտանգության խորհուրդը հանրապետության Նախագահին կից գործող մարմին է, որը կատարում է երկրի ղեկավարի կարգադրությունները՝ համաձայն համատեղ ստորագրված Հուշագրի։ ՙԱյն խոսակցությունները, որ տարածում են գտել հասարակության շրջանում, իբր, Արցախում երկիշխանություն է ձևավորվել, անթույլատրելի են։ Մենք Նախագահի հետ համաձայնությամբ կարողանում ենք տարբեր հարցեր քննարկել և համապատասխան որոշումներ կայացնել։ Երկիրն այսօր այնպիսի վիճակում չէ, որ մենք կարողանանք մեզ նման բան թույլ տալ և իրար հետ մրցավազքի մեջ մտնել։ Ներսում խաղեր չեն լինելու, մենք գնում ենք զուտ ծրագրային դրույթների իրականացման ու զարգացման ուղիով, որ մշակել ենք 2020-2025 թվականների համար՚,- ասաց ԱԽ քարտուղարը։ Նրա խոսքով՝ ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է թե՜ նախարարների, և թե՜ նրանց տեղակալների հետ։ Ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք քննարկում են ոլորտային խնդիրները. բոլոր ուղղություններով պետք է ծրագրեր մշակվեն և մինչև գալիք նոր տարի ներկայացվեն՝ հիմք ունենալով գալիք տարվա պետական բյուջեն։ ՙԳնահատականը տալու եք դուք՝ խորհրդարանի ներկայացուցիչներդ։ Այնժամ պարզ կլինի, թե ի՜նչ ենք անում մենք և ի՜նչ ռազմավարություն ունենք մշակած՝ տարբեր ոլորտների զարգացման համար, և դեպի ուր ենք տանելու երկիրը՚,- ասաց Ս. Բաբայանը։
Ըստ բանախոսի՝ ԱՀ անվտանգության գրասենյակը կադրային քաղաքականությամբ չի զբաղվում։ Յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պետք է ցույց տա և հիմնավորի իր կառույցի և յուրաքանչյուրի կատարած աշխատանքը, ծանրաբեռնվածությունը։ Եթե կարելի է օպտիմալացնել բաժիններն ու արվող գործը՝ ինչո՞ւ այդպես չանել։
Ինչ վերաբերում է ԱՀ պաշտպանության բանակին՝ Ս. Բաբայանը նշեց, որ իրենց կողմից համակարգի զարգացման ուղղությամբ նույնպես ռազմավարական ծրագիր է մշակվում. փորձում ենք հիմնավորել, մեր ունեցած փորձը ներդնել և բարձր հիմքերի վրա դնել ՊԲ զարգացման ու մարտունակության բարձրացման գործը։
Աշխատանքներ են տարվելու նաև արտաքին քաղաքականության ուղղությամբ. ԱԽ քարտուղարը դժգոհ է վերջին 30 տարիներին այդ ուղղությամբ տարված աշխատանքներից։ Արխիվային փաստաթղթեր են պետք, ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականություն՚ բառակապակցությունը պետք է դուրս գա օրակարգից, ասում է Ս. Բաբայանը։
ՙԳալիք նոր տարում հասարակության համար պարզ է դառնալու՝ արդարացվա՞ծ են, արդյոք, այն հաստիքները, որ տրվել են ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակին, թե՞ դրանք կրճատելու կարիք կա՚,- ասաց Ս.Բաբայանը՝ ավարտելով ելույթը։
Հարցերի համար գրանցվել էր յոթ պատգամավոր։ Դավիթ Մելքումյանի հնչեցրած հարցը ԱԽ գրասենյակի աշխատակազմին էր վերաբերում։ Որքանո՞վ են համապատասխանում կադրերը, կա՞ն փորձառուներ, համապատասխան հմտությամբ օժտված անձինք, որոնք ի վիճակի են վերահսկողական գործունեություն իրականացնել այս կամ այն կառույցի վրա։
Պատասխանելով հարցին՝ Ս. Բաբայանն ասաց. ՙՈւնենք կադրեր, բայց մենք դրանով չենք զբաղվում։ Մենք ոչ ձերբակալող ենք, ոչ էլ քննող մարմին, մենք հանդես ենք գալիս օրենսդրական նախաձեռնություններով և համապատասխան ծրագրերի մշակմամբ՝ նախարարությունների հետ համատեղ, այսինքն՝ դեռ էն գլխից փարատում ենք վերահսկողության խնդիրը և թույլ չենք տալիս, որ տվյալ ղեկավարը չարաշահի իր լիազորությունները։ Մեր գլխավոր խնդիրը ԱՀ նախագահի հետ ստորագրված Հուշագրից բխող ծրագրի իրականացումն է՝ առաջիկա հինգ տարիների համար՚։
Որքանո՞վ է կարևոր, որ ԱԽ խորհրդի մշակած ծրագիրը ուղենիշ դառնա այս կամ այն գերատեսչության համար. նման հարց հնչեցրեց պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։
Պատասխանելով հարցին՝ ԱԽ քարտուղարը փոքր-ինչ պարզաբանում մտցրեց դրանում. ծրագիրը ոչ թե մշակում են ինքնուրույն, այլ տվյալ նախարարության կամ շահագրգիռ օղակի հետ համատեղ, ինչը շատ տարբեր երևույթներ են։ ՙԱրվում է ամեն ինչ, որ պետական չինովնիկը չկարողանա տարբեր խաղեր տանել՚,-ասաց Ս. Բաբայանը՝ խոսելով հատկապես հաշմանդամության մասին օրենքում առաջիկայում իրենց կողմից նախատեսվող փոփոխությունների մասին։
Հարցեր հնչեցրին նաև պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Դավիթ Գալստյանը, Արևիկ Պետրոսյանը, Արամ Հարությունյանը և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչ տիկին Դադայանը։
Ամփոփելով հանդիպումը՝ ԱՀ ԱԽ քարտուղարն իր գոհունակությունը հայտնեց և մասնավորապես ասաց. ՙ Սոցիալական արդարությունը պետք է լինի բոլոր որոտներում։ Ողջունում եմ քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի ու նրանց առանձին ներկայացուցիչների հետաքրքրությունը ԱՀ անվտանգության խորհրդի գործունեության նկատմամբ և մեկ անգամ ևս իմ հավատարմությունն եմ վերահաստատում համազգային միասնությանն ու համերաշխությանը։ Միաժամանակ բոլորին առաջարկում եմ իրենց ներուժն ուղղել ազգային անվտանգության ապահովմանը։ Դատապարտված ենք այս ճանապարհը միասին անցնելու՚։