[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանում տուրբուլենտություն է

Վահրամ ԱԹԱՆՍՅԱՆ

 Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել մի խումբ վտարանդի այլախոհների դեմ: Նրանց ներկայացվել է բռնի իշխանազավթման մեղադրանք, դատարանը հեռակա կալանքի վճիռ է կայացրել, հայտարարվել է միջազգային հետախուզում: Գործնականում այդ ամենն ուղղված է նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհթիեւի դեմ:

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են արվել, որ Մեհթիեւն է ֆինանասավորել ադրբեջանական վտարանդիությանը, որպեսզի Եվրապայում հակաալիեւյան գործունեություն ծավալեն: Թե ինչու՞ այդ մասին խոսվում է այսօր՝ մնում է մեծ գաղտնիք, որը հասկանալու բանալին Ռամիզ Մեհթիեւի վերջին հայտարարություններն են Ադրբեջանի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին: Ավելի քան  քառորդ դար Մեհթիեւը հակակշռել է Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությունը: Ադրբեջանական պետականությունը հենց այդ հավասարակշռման արդյունքն է: Հակառակ դեպքում կարող էր արդիականանալ ,,Բաքուն ռուսական քաղաք է,, մոտեցումը՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ:

Առողջապահության նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալի Ինսանովը հարց է հնչեցրել. ,,Ինչպե՞ս կարելի է մի քանի ամիս առաջ Ռամիզ Մեհթիեւին շնորհել բարձրագույն՝ Հեյդար Ալիեւի, շքանշան, իսկ այսօր նրան ներկայացնել պետության թշնամի,,: Տողատակում կարդացվում է, որ Մեհթիեւ դեմ արշավի փաստացի նախաձեռնողը ոչ թե Իլհամ Ալիեւն է, այլ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որին խիստ անհրաժեշտ է  Ադրբեջանում չեզոքացնել ռուսամետ կենտրոնը: Դրված է Ադրբեջանի կատարյալ կլանման նպատակ: Բաքու են  գործուղվում թուրք բարձրաստիճան զինվորականներ: Քարոզչությամբ դա ներկայացվում է որպես ,,Ղարաբաղի ազատագրման նախապատրաստություն,,: Բայց դա՝ միամիտների համար: Իրականում Էրդողանը գիտի, որ Հարավային Կովկասն ապակայունացնելու շանս ոչ ոք իրեն չի տալու: Մնում է հնարավորինս շատ բաժին պոկել Ադրբեջանում: Ըստ երեւույթին, Ադրբեջանում այդ վտանգը հասկացող շրջանակներ դեռ կան: Դրված է նրանց վնասազերծման, մեկուսացման, մարգինալացման խնդիր: Իլհամ Ալիեւն այլեւս իրավիճակի միանձնյա տերը չէ: Վերնախավը բաժանված է մի քանի խմբավորումների: Ադրբեջանում ներքաղաքական տուրբուլենտություն է, որը կարող է հաղթահարվել զինված խռովության միջոցով:

Ըստ ադրբեջանական վտարանդիության աղբյուրների՝ զինվորական վերնախավը վատ է ընդունում իր գլխին թուրք վերակացուների կարգումը: Հակասություններ են առաջացել պաշտպանության նախարար Հասանովի եւ ԳՇ պետ Սադիկովի միջեւ: Վերջինս էթնիկ լեզգի է եւ մշտապես գործում է իր հանդեպ կասկածների մթնոլորտում: Թուրքական կողմից մեղադրանք է հնչել, որ եւ ապրիլյան քառօրյա, եւ տավուշյան մարտերի ընթացքում կորուստներ է կրել Ադրբեջանի սպայակազմի այն թեւը, որ ռազմական կրթություն է ստացել Թուրքիայում: Սա գրեթե բաց մեղադրանք է պաշտպանության նախարար Հասանովին եւ ԳՇ պետ Սադիկովին:

Ո՞ր թեւը կգերակշռի մյուսին: Թուրքմետներին կհաջողվի՞ ոչնչացնել Ռամիզ Մեհթիեւի ,,ստվերային կառավարությունը,,: Հանգուցալուծումը կարող է արյունալի լինել: