[ARM]     [RUS]     [ENG]

Բումերանգը վերադարձավ Ալիեւին

Վահրամ Աթանեսյան

 Հակառակորդի պետական անվտանգության ծառայությունը կոչով դիմել է շփման գծին հարակից  շրջանների բնակչությանը՝ հորդորելով ձեռնպահ մնալ զորքերի տեղաշարժի, տեղակայման վայրերի, զինատեսակների, պահեստազորից զորակոչի մասին տեղեկություններ ստանալուց, հարազատների եւ բարեկամների հետ այդ թեմաներով սոցիալական ցանցերում գրագրություններից, հատկապես՝ ռազմական բնույթի տեղեկատվությամբ կիսվելուց: Ըստ ալիեւյան հատուկ ծառայության վարկածի՝ վերջին օրերին ,,հայկական հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի անունից ադրբեջաներեն լեզվով սադրիչ հակաքարոզչություն են իրականացնում,,: Դա ակնհայտ կեղծիք է: Իսկ իրականությունն այն է, որ ալիեւյան ,,կացնային,, քարոզչությունը, վերջին շրջանում գեներացնելով Հայաստանի ,,կողմից պատերազմի նախապատրաստության, Լեռնային Ղարաբաղում վարձկանների տեղաբաշխման,, թեման, մեծացնելով միլիտարիստական հռետորաբանությունը, իրականացնելով պահեստազորի մասնագետների անժամկետ զորահավաք եւ նույնիսկ քաղաքացիներից բռնագրավելով ռազմական նշանակության տրանսպորտային միջոցներն ու շփման գծին հարակից բնակավայրերում իրականացնելով պաշտպանական բնույթի ինժեներական աշխատանքներ, կամա թե ակամա նպաստել է, որ բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ առաջանան՝ կապված պատերազմի վերսկսման անխուսափելիության եւ հայկական կողմից հասցվելիք խորքային հարվածների հետ: Ալիեւի նետած բումերանգն, այսպիսով, վերադառնում է իրեն: Հայաստանի հետ սահմանամերձ եւ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծին մոտ ադրբեջանական շրջաններում, ինչպես հասկացվում է ալիեւյան հատուկ ծառայության տարածած կոչի ենթատեքստից, տիրում է համատարած խուճապ: Մարդիկ միմյանց են փոխանցում զորքերի տեղաշարժի, սպառազինությունների, զորահավաքի հետ կապված տեղեկություններ, կիսվում տագնապներով: Այս իրավիճակը պարզապես ի դերեւ է հանում ,,տասնյակ հազարավոր կամավորների,, մասին ալիեւյան քարոզչամեքենայի տարածած առասպելը: Ադրբեջանում տագնապած են, որ հայկական կողմը պաշտպանության ողջ խորությամբ հարվածներ կհասցնի, եւ մարդիկ փորձում են իրենց ապահովագրել: Ադրբեջանի ձեռագիրն է՝ զորքեր, հրթիռա-հրետանային համակարգեր եւ զրահատեխնիկա կուտակել խաղաղ բնակավայրերում, մարդկանց դարձնել կենդանի վահան եւ քողարկվելով նրանց թիկունքում՝ դիմել սադրանքների: Նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ հայկական պատասխան հարվածից քաղաքացիական անձինք տուժեն, որպեսզի դա միջազգային հանրությանը ներկայացվի որպես ,,ռազմական հանցագործության անհերքելի ապացույց,,: Երեւում է, ադրբեջանական խաղաղ բնակչությունն այլեւս մտադիր չէ ենթարկվելու ռազմական հանցախմբի քմահաճույքներին եւ որոշել է օր առաջ հոգալ իր անվտանգության մասին: Բացառված չէ, որ խաղաղ բնակչության բողոքի ձայնը խլացնելու համար ալիեւյան վարչախումը սահմանամերձ եւ շփման գծին հարակից շրջաններում հայտարարի արտակարգ դրություն: