[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԱՅՍՕՐ ԷԼ ԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ՚

ՙԱԱ՚

 ԱՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնում հերթական ճեպազրույցը տեղի ունեցավ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ՝ գնդապետ Արթուր ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։ Նա հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7- ի սահմաններում հերթական ագրեսիան են ձեռնարկել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանական զինված ուժերն ԱՀ զինված ուժերի մարտակառքերին, մշտական տեղակայման վայրերին, զորամասերին, ինչպես նաև խաղաղ բնակավայրերին, այդ թվում՝ քաղաքամայր Ստեփանակերտին, հասցրել են հրթիռահրետանային հարվածներ՝ օգտագործելով օդուժը, մասնավորապես՝ հարվածային ԱԹՍ-ներ։ Այնուհետև հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման հարավային, հյուսիսային և հարավ-արևելյան ուղղություններով։ Ընթանում են թեժ մարտեր նշված բոլոր ուղղություններում։ Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ։ Ճշտված տվյալներով՝ ՊԲ ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ։ 

Նախնական տվյալներով, ցավոք, ԱՀ զինված ուժերում նույնպես կան կորուստներ՝ 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ։ Պաշտպանության բանակի անձնակազմը, յուրաքանչյուր սպա և զինվոր, իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է պարտքի բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ։ Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, ինչն ապահովում է առաջադրված խնդիրների հետագա կատարումը։
Դիմելով իր հայրենակիցներին՝ գնդապետ Սարգսյանն ասաց, որ ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, Ապրիլյան պատերազմի ընթացքում, այսօր նույնպես Արցախի ազատամարտիկների միությունը, ուժային կառույցներն անվերապահորեն կանգնած են զինված ուժերի կողքին և միասնաբար կատարում են մարտական խնդիրը։
Պատրաստ ենք կյանքի գնով կատարել առաջադրված խնդիրները, այն ժամանակ մենք հակառակորդին պարտադրեցինք խաղաղություն աղերսել, այսօր նույնպես կկարողանանք նրան հրադադար և խաղաղություն պարտադրել, հայտարարեց ՊԲ հրամանատարի տեղակալը։