Մագնիտսկու օրենք՝ պատերազմի հանցագործ Ադրբեջանի ռազմական գերատեսչության դեմ

Սառա Գասպարյան, Նյու Յորք

 Այս օրերին միջազգային իրազեկման ահռելի աշխատանք է կատարում հայկական Սփյուռքը: Արցախի հիմնահարցի մասին աղոտ և մեծավ՝ ադրբեջանական քարոզչամեքենայի շնորհիվ նենգափոխված կարծրատիպը այլևս դուրս է եկել ինֆորմացիոն շրջափակումից և գոչում է աշխարհին լրատվական ազդեցիկ բոլոր միջոցներով Արցախ – Հայաստանին սպառնացող նեոօսմանական վտանգի մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդպես էլ արդեն կես ամիս ընթացող աշխարհի ամենաթեժ մարտական գործողությունների մասին որևէ հստակ դիրքորոշմամբ հանդես չեկավ, չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության դեմ: Համավարակի կամ նախընտրական պայքարով պայմանավորված իրավիճակը որևէ կերպ չի արդարացնում Թրամփի որդեգրած պասիվ, անհաղորդ վարքագիծը որպես՝ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Պատճառն այս օրերին ԱՄՆ դաշնակից Իսրայելի հասցեին հնչող կոշտ քննադատություններն են, որպես պատերազմող Ադրբեջանին ռեալ ռեժիմով զենք մատակարարող երկիր և Թուրքիայում եղած իր բիզնես շահերը: Բացի այդ, այսօր Սպիտակ Տան վրա հսկայական ճնշում են գործադրում թուրք/ադրբեջանական վարձկան լոբբիստական կառույցները՝ Livingston group, Stellar Jay Communications, BGR, Podesta Group և DLA Piper, որոնց համար Ադրբեջանի կատարած ծախսերը միայն անցյալ տարի կազմել է $1,3 միլիոն դոլար, տեղեկացնում է “The American Conservative” պարբերականը:

ԱՄՆ Հայ դատի փոխանցմամբ, Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանի ռազմական գերատեսչության որոշ պաշտոնյաների նկատմամբ՝ «Մագնիտսկու օրենքի» բանաձևը, որն առաջարկել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը (D-CA): Նա կոչ է արել կիրառել Մագնիտսկու գլոբալ առումով պատժամիջոցներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղսակից են Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ կատարած պատերազմական ծանր հանցագործությունների մեջ:

Մագնիտսկու օրենքը նախատեսվում է կիրառել Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար՝ Զաքիր Հասանովի, բանակի գլխավոր շտաբի պետ՝ Նաջմադին Սադիկով Հեուսեինօղլու, պաշտպանության նախարարի տեղակալ՝ Մուստաֆաև Քարիմ Նարիմանօղլու, պաշտպանության նախարարի տեղակալ՝ Թաիրով Ռամիզ Ֆիրուդինօղլու նկատմամբ:

Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցները ենթադրում են վերոհիշյալ անձանց բանկային հաշիվների և ֆինանսական այլ ակտիվների սառեցում գլոբալ մակարդակով, նրանց օտարերկրյա տեղաշարժերի սահմանափակումներ, կալանք անշարժ գույքի նկատմամբ և ֆինանսական բնույթի այլ սանկցիաներ: Բրեդ Շերմանը կոչ է արել նաև անհապաղ դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմական բնույթի բոլոր ամերիկյան  համագործակցությունները, ներառյալ՝ զենքի վաճառքը, պաշտպանության ոլորտին առնչվող օժանդակությունները և ռազմական վարժանքները:

Դեռ 2017-ին Ալիևի ռեժիմի նկատմամբ Մագնիտսկու օրենքի կիրառման առաջարկությամբ է հանդես եկել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը “American Interest” պարբերականում: Բ. Շերմանի նախաձեռնած այս օրինագիծը ԱՄՆ Կոնգրեսում երկրորդ նույնաբովանդակ առաջարկն է արդեն:

Ռուս հարկային տեսուչ, բրիտանական «Էրմիտաժ Կապիտալ» ներդրումային ֆոնդի փաստաբան Սերգեյ Մագնիտսկին մահացել է  2009 թ. «Մատրոսկայա տիշինա» նախաքննական կալանավայրում՝ անբավարար բուժօգնության պատճառով: ՄԻԵԴ-ը հայտնաբերել է մարդու իրավունքների կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտում և որոշել, որ Ռուսաստանը պետք է վճարի Մագնիտսկու ընտանիքին 34 հազար եվրո:

Այս օրենքով նախատեսվող պատժամիջոցները ուժի մեջ են մտել 2016 – ից և ընդունվել են եվրոպական մի շարք պետությունների խորհրդարանների կողմից: