[ARM]     [RUS]     [ENG]

Հայաստան- Արցախ-Սփյուռք՝ մեկ բռունցք

 Վան Նովիկով,

Անի Մանգասարյան

 ԱՄՆ հայ համայնքը շարունակում է խաղաղ ցույցերով, դրամահավաքներքով և մի շարք այլ նախաձեռնություններով իր աջակցությունը ցուցաբերել Արցախին: Մինչ այսօր, մեր հայրենակիցներն ԱՄՆ–ում մի շարք ցույցեր ու քայլարշավներ են իրականացրել, մասնավորապես Լոս Անջելեսում: Հատկանշական է, որ հայ համայնքի այս նախաձեռնություններին են միանում նաև ԱՄՆ քաղաքական գործիչներ, օտարերկրացի բարեկամներ: Ի՞նչ է հաջողվել մեր համայնքին, ի՞նչ է նախատեսում այսուհետ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի հայ համայնքն Արցախին սատարելու գործում: Այս և այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք Լոս Անջելեսի <<Հորիզոն>> հայկական հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր, լրագրող Վրույր Թադևոսյանի հետ:

 
-Պարո՛ն Թադևոսյան, այս օրերին Կալիֆոռնիայում կազմակերպվող միջոցառումների կիզակետում եք, մանրամասն պատմե՛ք տեղի հայ համայնքի կողմից ձեռնարկվող քայլերի և միջոցառումների մասին:
 
-Նախորդ օրերին առանձին հավաքներ ենք կազմակերպել ու տարբեր նախաձեռնություններով հանդես եկել: Կցանկանայի առանձնացնել հոկտեմբերի 10-ին կայացած Armenia Eight հեռուստամարաթոնը, որին միացան նաև հեղինակավոր ամերիկահայ գործիչներ, մշակույթի, քաղաքական և հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, հայազգի ու ամերիկացի գործիչներ՝ նահանգային և տեղական դաշնային կառավարման համակարգից: Մարդիկ, որոնք բավականին մեծ հեղինակություն ունեն և իրենց խոսքով կո՛չ արեցին Հայաստանին ու Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերել: Այդ դրամահավաքին միացան Քարդաշյան քույրերը և նրանցից յուրաքանչյուրը մեկ միլիոն դոլար նվիրաբերեց: Հեռուստամարաթոնին մասնակցեցին նաև երեխաներ, որոնք քաղցրավենիք ու խաղալիք վաճառելով գումար էին հավաքում և հասցնում ուղիղ եթերի տաղավար՝ հանուն Արցախի: Շատ ոգևորիչ էր: Ընդհանուր դրամահավաքի արդյունքում հավաքվեց ավելի քան 30 միլիոն դոլար, որը փոխանցվեց <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին: Դա առավելագույնը չէ, որ մենք կարող ենք այստեղից անել, բայց, այնուամենայինիվ, առաջնային է, որով կարող ենք օգտակար լինել: Armenia Eight հեռուստամարաթոնի նախաձեռնող ու կազմակերպող խմբերում լինելով՝ կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ դրանով մենք սահմանեցինք հեռուստամարաթոնի մի նոր նշաձող. 12 ժամյա ուղիղ եթեր՝ հեռակապերով և տեսանկարներով: Հատուկ շնորհակալություն Արցախի հանրային հեռուստաընկերությանը՝ բացառիկ կադրեր տրամադրելու համար: Հաջորդ հաջողությունն աննախադեպ քայլարշավն էր, որը գերազանցեց երբևէ եղած հայկական քայլերթերին: Հոկտեմբերի 11-ին, հոծ բազմությունը հաղթական քայերթով՝ <<Ազատ Արցախ>>, <<Անկախ Արցախ>> վանկարկելով, ոգեկոչող պաստառներով շարժվեց դեպի Լոս Անջելեսի Թուրքիայի հյուպատոսարան: Այդտեղ ազդեցիկ մարդիկ ելույթներ ունեցան՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական տանդեմի տերորիստական գործողությունները: Հյուպատոսարանի շենքի վրա խոշոր պլանով Արցախի կադրերն էին, մեր եռագույններն էին: Ոգևորությունը չեմ կարող նկարագրել, բայց համոզված եմ, որ այդ ոգևորող ուժն էլ է հասել Արցախ, Առաջնագիծ, նրանց, ովքեր այսօր պայքարում են հանուն մեզ, հանուն աշխարհի 10 միլիոն հայերի: Ամենուր մարտական տրամադրություն է, մարդիկ լծված են Հայաստանին ու Արցախին օգնելու որևէ գործով: Հայաստան են ժամանել հումանիտար օգնության օդանավեր: Առաջին իսկ օրվանից Կալիֆոռնիայից բուժանձնակազմ է մեկնել Հայաստան: Օրեր առաջ էլ նկարահանում էինք մի խմբի, որն առաջին բուժօգնության հատուկ փաթեթներ է պատրաստել հատուկ նյութերով ու միջոցներով, որոնք շատ արագ կօգնեն վիրավորներին:
 
-Պատերազմի վերսկսման առաջին օրերին մեր հայրենակիցներից տեղեկացանք, որ անկողմնակալ լուսաբանման խնդիր կար Ամն-ում:
 
 
-Այո՛: ԱՄՆ-ում շատ կարևոր է առհասարակ լրատվամիջոցների դերը: Մեր հայրենակիցների մասնակցությամբ առանձին-առանձին բողոքի ակցիաներ տեղի ունեցան CNN հեռուստաընկերության դիմաց, Los Angeles Times-ի դիմաց, որտեղ օրեր շարունակ մեր հայրենակիցները բողոքում էին և պահանջում՝ հեռացնե՛լ ադրբեջանական մեջբերումներն ու պատերազմական իրավիճակը օբյեկտիվ լուսաբանել: CBS հեռուստակընկերության դիմաց ցույցերի ժամանակ ընկերության աշխատակիցները կոպտել են հայ ցուցարարի: Այնուամենայնիվ, հասանք նրան, որ այդ երեք լրատվամիջոցներն անդրադարձան, լուսաբանեցին Արցախում տիրող իրավիճակը, նույնիսկ CBS հեուստաընկերությունը հեռացրեց իր երկու աշխատակցին՝ հայ ցուցարարի հանդեպ կոպիտ վերաբերմունքի համար: Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի տեղական լրատվամիջոցները շարունակեն օբյեկտիվ լուսաբանել, նկարագրել իրավիճակն այնպես, ինչպես որ կա, խոսեն փաստերով, այլ ոչ թե ադրբեջանական քարոզչամեքենայի նյութերով: Գիտե՞ք, այստեղ երկիրը նախագահական թեժ մրցապայքարի մեջ է ու վերլուծություն կա, որ Ամերիկան երբևէ նմանատիպ մրցապայքար չէր տեսել: Դրանից զատ, այստեղ մի շարք հեղինակավոր ներկայացուցիչներ խոսում են ի նպաստ հայերի և ավելին ասեմ՝ ադրբեջանական քարոզչական ելույթների ու նյութերի այդքան էլ հաճախ չենք հանդիպում: Ուզում եմ վստահեցնել, որ այստեղ հայկական կազմակերպությունները, հայ դատի գրասենյակը և մի շարք այլ կառույցներ բավականին ակտիվ գործունեություն են ծավալում:
 
-Պարո՛ն Թադևոսյան, առաջիկայում ի՞նչ քայլեր են նախատեսվում:
 
 
- Այս պատերազմում համայն հայությունն է ներգրավված՝ հոգով, մտքով, աշխատանքով Հայաստանի ու Արցախի հետ ենք: Ամբողջ էությամբ այս պահին բոլորս դարձել ենք մի մարտիկ, որպեսզի մեր ներդրումն ունենանք նաև ապագա հաղթանակին, որը շատ շուտ կլինի, եթե այս ոգևորությամբ շարունակենք: Առաջիկայում ևս նախատեսվում են միջոցառումներ ու նախաձեռնություններ, շարունակվում են նյութական ու ֆինանսական միջոցների հավաքագրումները: Եվս մեկ կարևոր նախաձեռնություն ենք կյանքի կոչում՝ ուզում ենք աշխարհի հայերը բաժանորդագրվեն <<Հայասատան>> համահայկական հիմնադրամին և որպես բաժանորդ, ամսական աշխատավարձից որոշակի գումար փոխանցեն հիմնադրամին: Ուզում եմ իմանաք, որ Կալիֆոռնիայի հայկական համայնքն անում է հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի շատ արագ հաղթանակե՛նք և ամենակարևորը՝ հնարավորինս քիչ կորուստներով:
Нет описания.
Нет описания.
Нет описания.