[ARM]     [RUS]     [ENG]

Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին

 

Իրական հրադադարը, այժմ արդեն երրորդը, ուժի մեջ չի մտնում։ Ադրբեջանն այս ֆոնին խոսում է մինչեւ վերջ գնալու ցանկության մասին։ Ընդ որում՝ երբ կողմերը պայմանավորվում են հրադադարի շուրջ, Բաքուն հայտարարում է, որ այն ժամանակավոր է, տեխնիկական, այլ ոչ թե տեւական։ Այդ հրադադարը չի չեղարկում Ղարաբաղի պատկանելության հարցի ռազմական ուժով լուծումը։ Այս մասին ՖԱՆ-ին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հարցերով կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Հիմա արդեն խոսքը վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված շրջանների վերադարձին, մարտերն արդեն ընթանում են Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- նշել է Զատուլինը։

Նա հավելել է, թե Ալիեւի հանդարտեցնող հավաստիացումները, որ Լեռնային Ղարաբաղում հայերը, ինչպես ադրբեջանցիները, ապրելու են Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ խնդրի, իրականությանը չի համապատասխանում։ Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում։ «Կարծում եմ՝ դրան չի հավատում նաեւ Ալիեւն ինքը, որը բազմիցս ապացուցել է հայ ժողովրդի հանդեպ իր իսկական վերաբերմունքը, այդ հարցում ամոթ չի ունեցել։ Ես շատ կզարմանայի, եթե Հայաստանում եւ Ղարաբաղում հնարավոր համարեին Ադրբեջանի կազմում հայերի համագոյակցությունը։ Դա ուղղակի ֆանտազիա է, որը կոչված է հանդարտեցնելու հանրային կարծիքը, ինչպես նաեւ հրադադարի վերաբերյալ մյուս ժեստերը»,- հավելել է Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինի կարծիքով՝ Ադրբեջանը ձգտում է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն եւ չի ցանկանում, որ որեւէ մեկն իրեն խանգարի։ Ընդ որում՝ քաղաքական գործիչը դժվարացել է պատասխանել հարցին՝ կամք կդրսեւորվի՞ Ադրբեջանին խաղաղության հարկադրելու, չնայած եւ այս սցենարը չի բացառել։ «Հարձակվող կողմը համն առել է։ Առանց դրա էլ, որպեսզի Ադրբեջանին կոշտ փաստարկներ ներկայացվեն, որոնք նրան հետ կպահեն այդ ծրագրից, նա այդ ճանապարհից հետ չի դառնա։ Եթե Ադրբեջանը մենակ լիներ եւ չզգար Թուրքիայի աջակցությունը, գուցե դրան հնարավոր լիներ հասնել, ինչպես եղավ 2016 թվականին։ Բայց ներկայումս այդպիսի հեռանկար չեմ տեսնում։ Կա՛մ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու կամք կդրսեւորվի, կա՛մ մենք կտեսնենք պատերազմի ծրագրի հետեւանքները՝ մինչեւ հաղթական ավարտ»,- ամփոփել է Զատուլինը։