ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել բոլոր վարձկաններին դուրս բերել ղարաբաղյան հակամարտության գոտուց
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է հետ կանչեն բոլոր վարձկաններին եւ այլեւս չդիմեն նրանց հավաքագրմանը: Այս մասին ասվում է Վարձկաններին որպես մարդու իրավունքները ոտնահարելու միջոց օգտագործելու եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը հակազդելու հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի փորձագետների հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հաստատակամորեն կոչ ենք անում կողմերին եւ նրանց աջակցող պետություններին անհապաղ հետ կանչել իրենց հետ կապված բոլոր վարձկաններին եւ դերակատարներին, ինչպես նաեւ հետագայում չդիմել հավաքագրման, ֆինանսավորման եւ տեղակայման»,- նշել են փորձագետները:
Նրանք ողջունել են նոյեմբերի 9-ին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այն կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության: