[ARM]     [RUS]     [ENG]

Պուտին. Ղարաբաղում պատերազմից կարելի էր խուսափել

 

Ղարաբաղում վերջնական կարգավորմանը մոտեցել ենք մի քանի անգամ, պատերազմից կարելի էր խուսափել, եթե այժմյան պայմանավորվածությունները ավելի վաղ ձեռք բերվեին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով, Ղարաբաղում պատերազմից կարելի էր խուսափել, եթե ընդունվեին իրավիճակի կարգավորման առաջարկները, որոնք մշակվել էին դեռ 2013-ին:

«2013 թվականին Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեւակերպեց պայմաններ, որոնց, մեր կարծիքով, եւ դրանով, ի դեպ, Մինսկի խմբի բոլոր մասնակիցները, ներառյալ համանախագահները, իսկ դրանք, հիշեցնում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն են, համաձայնեցին եւ աջակցեցին»,- ասել է Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում:

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է այն դրույթները, որոնք ընկած էին առաջարկությունների հիմքում՝ Հայաստանի կողմից վերահսկվող հինգ շրջանների վերադարձ, իսկ այնուհետեւ երկու լրացուցիչ շրջանների, միջանցքի ստեղծում, որը կկապեր Ղարաբաղը եւ Հայաստանը, Ղարաբաղի ստատուս-քվոյի ճանաչում՝ առանց դրա վերջնական կարգավիճակի ամրագրման, երկու կողմերից փախստականների վերադարձ:

«Իմ կարծիքով, սա հարցի լուծում կլիներ: Ցավոք, մենք մի քանի անգամ մոտեցել ենք վերջնական լուծմանը... Իմ կարծիքով, եթե մեզ հաջողվեր պայմանավորվածությունների ձեռք բերել, պատերազմ չէր լինի: Ես այժմ էլ դրանում լիովին համոզված եմ»,- ասել է Պուտինը:

«Ես արդեն ասացի, որ ամսի 19-20-ը մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել ինչպես նախագահ Ալիեւի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Ընդհանուր առմամբ, ինձ թվում էր, որ մենք գրեթե համաձայնության ենք եկել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Բայց չստացվեց, համաձայնություն չեղավ, ցավոք»: