[ARM]     [RUS]     [ENG]

ՌԴ ԱԳՆ. Շաբաթվա ընթացքում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում էր կայունանալ

 

Շաբաթվա ընթացքում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում էր կայունանալ: Հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչպես նաեւ սադրանքներ չեն եղել ռուսական խաղաղապահ զորախմբի նկատմամբ: Այս մասին նոյեմբերի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով` հաջողվում է  առանց լուրջ միջադեպերի ապահովել այս տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը:

«Նշված դրական միտումներն Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից հաստատված գծի ճշտության ծանրակշիռ ապացույցն են եւ ներկայումս գործնականում լիարժեքորեն իրականացվում է կողմերի կողմից: Այս տրամադրվածությունը գերակշռում է նաեւ մեր արտասահմանցի գործընկերների շրջանում, ովքեր աշխարհաքաղաքականության կատեգորիաներով չեն մտածում` զրոյական գումարով խաղերի տեսանկյունից»,- շեշտել է Զախարովան:

Ընդ որում, ինչպես նշել է Զախարովան, նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող հարցերի ամբողջ համալիրը մնում է Ռուսաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

«Նոյեմբերի 23-ին եւ 24-ին Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ մի շարք հեռախոսազրույցներ են տեղի ունեցել: Քննարկվել են ռուս խաղաղապահների աշխատանքի մոդուլյարությունը, բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը եւ իհարկե` կրոնական եւ մշակութային օբյեկտների պահպանմանն ուղղված միջոցառումները: Այս թեմաները կենտրոնական էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ նրա նորանշանակ հայ գործընկերոջ հեռախոսազրույցների ընթացքում: Ընդհանուր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մտքերի մանրամասն փոխանակում է  տեղի ունեցել Ռուսաստանի նախագահի եւ Թուրքիայի նախագահի միջեւ, ինչպես նաեւ` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի եւ Իրանի արտաքին գործերի նախարարի միջեւ: Այս շփումների վերաբերյալ մեկնաբանությունները հրապարակվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի կայքում»,- հայտնել է Զախարովան: