[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՈՒՍԱԼԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Թուրքիայի, Ադրբեջանի, Մերձավոր Արևելքից մեր տարածաշրջան տեղափոխված վարձկան-ահաբեկիչների դեմ պատերազմն աննախադեպ էր 90-ականների Արցախյան պատերազմից առայսօր ընկած ժամանակահատվածում։ Այո, մենք միայն Ադրբեջանի դեմ չէինք կռվում։ Եթե այդպես լիներ, արդյունքն այսպիսին չէր լինի, քանզի հայ զինվորին պատերազմի դաշտում հաղթելն ուղղակի անհնար է։ Այն, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրում Արցախի Հանրապետությունը, որպես հակամարտության կողմ, ներառված չէր, արդեն իսկ վկայում է նախապես մշակված քաղաքական ծրագրի մասին, որն, անտարակույս, աշխարհաքաղաքական ենթատեքստ ուներ։ Քաղաքական գնահատականներ տրվել են, դեռ կտրվեն, անսպասելի այս պարտությունն ստիպում է հայ ժողովրդին նայել առաջ, քաղաքական-դիվանագիտական հարթությունում հստակեցնել հետագա անելիքները։ Պարտությունը կործանում չէ, բայց պարտությունը, միաժամանակ, ենթադրում է ինքնակազմակերպվածության պատշաճ մակարդակ ու նաև աշխատանքի ծավալում բոլոր ճակատներով, ինչը բխում է Հայրենիքի ճակատագրի հանդեպ բարձր պատասխանատվություն ցուցաբերելու հրամայականից։ 

Պատերազմը դադարեցվեց ռուսաստանյան կողմի ակտիվ միջնորդության շնորհիվ։ ՌԴ խաղաղապահների մուտքը հակամարտության գոտի, հուսանք, դրական նշանակություն կունենա տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում։ Եթե 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության կարգավիճակի և անվտանգության հարցերը համարվում էին հայկական արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններ, ապա վերջին պատերազմը՝ Արցախի ժողովրդի մահու և կենաց պայքարը թուրք-ադրբեջանական զինուժի և մերձավորարևելյան ահաբեկիչների դեմ, այս խնդիրներին առավել հրատապ բնույթ է հաղորդել։ Ռազմական գործողությունների առաջին իսկ օրերին ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հայտարարության մեջ արձանագրեց, որ հակառակորդի զինված հարձակմանը նախորդել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ԱՀ դեմ ուժի կիրառման բացահայտ սպառնալիքներն ու զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 1-ին նախատեսված ԵԱՀԿ դիտարկման անցկացման մերժումը։ Մեր երկրի դիրքորոշումը միանշանակ էր՝ ռազմական ագրեսիան ոչ մի կասկած չի թողնում, որ հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերին միջազգային հանրության կողմից ամենաարդյունավետ պատասխանը պետք է լինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։
ԱՀ Ճանաչման հարցը դարձել էր հրամայական պատերազմի առաջին օրերին, որովհետև հակառակորդի պանթուրքական նկրտումներն ակնառու էին։ Արցախի համար Թուրքիայի, Ադրբեջանի պայքարն այլընտրանքի տեղ չէր թողնում։ Տեղեկատվական դաշտում դիտարկումներ էին շրջանառվում ռազմավարական կարևորություն ունեցող նախագծի՝ Թուրքիա-Նախիջևան-Զանգեզուր-Թավրիզ-Կասպից ծով առանցքի շուրջ։ Խոսքը գնում էր հեռանկարում եվրասիական տարածաշրջանում ռազմաքաղաքական առումով ուժային նոր հարաբերակցություն ձևավորելու մասին։ Այս տեսանկյունից տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության առաջնային դերակատարության անվերապահ ընդունումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործում ռուսական գործոնի հիմնավորումն առանձնակի հնչողություն ստացան։
Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցին անդրադարձավ Ֆրանսիայի սենատն՝ ընդունելով ԱՀ միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը։ Սենատի քննարկումները և բանաձևի ընդունումը հույժ կարևոր են այն իմաստով, որ դատապարտվում է թուրք-ադրբեջանական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանության և Մերձավոր Արևելքի վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ։ Կոչ է արվում անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերն ու նրանց աջակիցներին այն տարածքներից, որ վերցվել են սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների արդյունքում։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գնահատմամբ՝ Սենատի այս որոշումը նոր իրողությունների սկիզբ կդառնա։ ՙՄեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու՝ Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո վերանում է այլ պետությունների կողմից ԱՀ անկախության ճանաչմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խանգարելու մտավախությամբ։ Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին՚,-ընդգծել է ԱՀ նախագահը։
Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Ֆրանսիայի սենատի որոշումը կարող է գնահատվել որպես սադրանք։ Միլլի մեջլիսն էլ իր հերթին կոչ արեց երկրի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Մինսկի խմբի համանախագահների կազմից Ֆրանսիային հետ կանչելու պահանջով։
Նման արձագանքն անսպասելի չէր։ Ի սկզբանե Թուրքիայի ներգրավվածությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում դատապարտվել էր եվրոպական մի շարք երկրների կողմից։ Այսպես, պատերազմի առաջին օրերին Նիդեռլանդների խորհրդարանը հայտարարեց, որ ընդունել է երկու բանաձև. առաջինը՝ Ադրբեջանի հետ Եվրոպական միության համագործակցությունը դադարեցնելու և երկրորդ՝ այս հակամարտությունում երրորդ կողմի ներգրավվածության անթույլատրելիության մասին։ Իսկ Թուրքիայի մասնակցությունն անհերքելի էր. քաղաքական աջակցությանը զուգահեռ՝ Բաքուն ու Անկարան պարբերաբար անցկացնում էին համատեղ զորավարժություններ, Թուրքիան մեծ ծավալի ռազմական տեխնիկա էր տրամադրում Ադրբեջանին, իսկ պատերազմի ընթացքում զորքերի և զինտեխնիկայի տեղաշարժը կառավարվում էր թուրքական հրամանատարական կետերից։
Ինչ խոսք, Պաշտպանության բանակը կատարեց իր վրա դրված առաքելությունը, մեր զինվորները հերոսության բազմաթիվ օրինակներ ցույց տվեցին, դիվանագիտական խողովակներով բավականին աշխատանք կատարվեց ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ Սփյուռքի կազմակերպությունների հետ։ Պատերազմի ելքը, դժբախտաբար, կանխորոշված էր։
Ստեղծված իրավիճակում առաջին պլան է մղվում հումանիտար հարցերի լուծումը, նախևառաջ, հարկ է Ադրբեջանին ստիպել վերադարձնել գերեվարված մեր հայրենակիցներին ու զոհվածների դիերը։ Հայաստանն արդեն դիմում է Ռուսաստանի Դաշնությանը` որպես եռակողմ համաձայնագրի երաշխավորի, քայլեր ձեռնարկել՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով լուծելու համար։
Եվ, թերևս, ամենակարևորը. հայկական կողմը պատրաստվում է Արցախի խնդրով բանակցությունների վերսկսմանը։ Այս գործընթացում գլխավորապես հարկ է ուշադրությունը սևեռել Արցախի Հանրապետության համար անվտանգության հուսալի երաշխիքների ապահովման, ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական գյուղերի ճակատագրի, հումանիտար խնդիրների վրա, քանի որ այդ ամենից է կախված լինելու արցախյան հողում մեր ժողովրդի խաղաղ զարգացումն ու առաջընթացը։