[ARM]     [RUS]     [ENG]

Լավրով. Ղարաբաղի հետ Հայաստանի կապը ոչ ոք երբեք չի հերքել

 

Բոլոր պայմանավորվածություններում, առաջին հերթին, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, արձանագրված է կողմերի համաձայնությունը, որ կապահովվի կապը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ Լաչինի միջանցքի միջով, որը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչու են հայ պաշտոնյաներն այցելում Ղարաբաղ «առանց Բաքվի թույլտվության, եւ որն է այդ առնչությամբ Մոսկվայի դիրքորոշումը»:

«Ղարաբաղի հետ Հայաստանի կապը ոչ ոք երբեք չի հերքել: Տասնամյակներ շարունակվող բանակցությունների ընթացքում երբեք հարց չի հնչել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։ Եվ հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես հայեցակարգ, որեւէ մեկի կողմից չի մերժվել։ Եվ այն նախկինի պես կողմերի համաձայնության, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարեւանների համաձայնության առարկա է հանդիսանում։ Ճիշտ այդպես հուսալի մշտական կապ կհաստատվի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ: Եթե մենք համաձայն ենք (իսկ բոլորը դրանում համաձայն են), որ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի ու Հայաստանի հայերի միջեւ կապ, չեմ տեսնում այդ մակարդակում շփումներին խոչընդոտելու պատճառներ։ Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են ԼՂ-ին մարդասիրական օգնության ցուցաբերելու գործընթացում, ինչը որեւէ բացասական արձագանք չի ստանում Բաքվի կողմից: Եվ տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ:

Այն, որ հայ պաշտոնյաները Ղարաբաղում քաղաքականացված հայտարարություններ են անում, թերեւս լարվածություն է առաջացնում: Կարծում եմ՝ լավ կլիներ խուսափել դրանից։ Մենք ականատես եղանք 44-օրյա պատերազմից առաջ, թե ինչպես էին էմոցիոնալ հայտարարություններ արվում, օրինակ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»…Գիտեք՝ խոսքը նյութական ուժ ունի: Տվյալ դեպքում տարբեր կողմերից նման խոսքերը բացասական նյութական ուժ են ունենում: Այդ պատճառով մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների միջեւ շփումներին, վստահության մթնոլորտի ձեւավորմանը։  Եվ հենց դա էր հունվարի 11-ին Մոսկվայում հանդիպման կարեւորագույն իմաստներից մեկը…Լիահույս եմ, որ էմոցիաները երկրորդ պլան կմղվեն:

Ի դեպ, հենց այդ պատճառով այժմ առաջնահերթ չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման: Այն կմնա հետագայի համար, եւ դրան դեռ կվերադառնանք…

Սակայն ամենակարեւորն այն է, որպեսզի կարգավիճակի հարցով հետագայում կոնկրետ, հանգիստ, իրավական բանակցություններ ընթանան Երեւանի եւ Բաքվի միջեւ՝ այն բարիդրացիության հիման վրա, որը նրանք պետք է վերականգնեն տարածաշրջանում» ,-ասել է Լավրովը: