[ARM]     [RUS]     [ENG]

Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից

 

Թուրքիայի հրահրմամբ ու մասնակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին աջակցել են Մեծ Բրիտանիան, Իսրայելը, սիրիական ու լիբիական վարձկանները, այլ երկրներ եւ ուժեր: Նույնիսկ այդ պայմաններում թշնամին չկարողացավ լիարժեք կատարել իր խնդիրը: Չնայած դրան, ադրբեջանաթուրքական բաշիբոզուկները ոգեւորություն են ապրում եւ, հավանաբար, նոր գործողություններ են մտմտում՝ սեփական դժոխային ծրագրերն իրականություն դարձնելու համար: Հենց դրան են միտված Կարսում պլանավորված զորավարժությունները:

Եվ այսպես՝ ինչպիսի՞ խնդիրների լուծմանը կարող են միտված լինել դրանք, եթե հիշենք, որ նախորդ՝ Նախիջեւանում կայացած զորավարժություններն ավարտվեցին Արցախի դեմ պատերազմով: Իրավիճակը, որն առաջացել է Հարավային Կովկասում, արձանագրում է, որ միայն թուրքական անօդաչուների շնորհիվ է Ադրբեջանին հաջողվել ուժերի հարաբերակցությունը թեքել իր կողմը, ինչը նախկինում ուղղակի հնարավոր չէր անել: ԱԹՍ-ները, հատկապես՝ «Բայրաքթարը», Թուրքիայի զինանոցի ամենավտանգավոր զենքն են:

Անկարան բանակում ու ոստիկանությունում վերջին երեք տարում ավելացրել է անօդաչուների թիվը՝ 38-ից հասցնելով 94-ի: Թուրքիան ԱԹՍ-ներ է վաճառել նաեւ Քաթարին, Թունիսին ու Ուկրաինային: Բացի այդ, թուրքական անօդաչուներով հետաքրքրված են նաեւ այլ երկրներ, այդ թվում՝ Ինդոնեզիան:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի գնահատմամբ՝ անօդաչու թռչող սարքերը գործնական զենք են, որոնք չեն պահանջում ավանդական ռազմաօդային ուժերի ներկայությունը: Դրանք նվազեցնում են մարտական գործողությունների ընթացքում մարդկային, ֆինանսական ու տեխնիկական ռիսկերը: Իրականացնում են շուրջօրյա մոնիտորինգ եւ ռմբակոծություններ են կատարում եղանակային տարբեր պայմաններում: Դրանք զինվորականների ներկայության կարիք չեն զգում, ունեն ցածր ինքնարժեք, որը տատանվում է 1-2 մլն դոլարի սահմաններում:

Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրն օգնել է իր երկրին՝ խուսափելու սարսափելի սխալից: Նա չի պաշտպանել չհաջողված ռազմական հեղաշրջումն Էրդողանի կառավարության դեմ, ինչպես արել են այլ երկրներ, եւ արագ կազմակերպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հանդիպումը:

Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան միշտ միմյանց Եվրամիության վտարանդի են համարել, քանի որ առաջինը ձգտում էր անդամակցել ԵՄ-ին, իսկ երկրորդը` դուրս գալ: Այսպիսով՝ Լոնդոնը օգնության ձեռք էր մեկնում Անկարային ամեն անգամ, երբ եվրոպական խոշորագույն երկրներից մեկը մերժում էր նրան: Օրինակ ՝ 2017 թ. վերջին երկրները ստորագրեցին ռազմական համաձայնագիր, ըստ որի՝ Մեծ Բրիտանիան կօգնի Թուրքիային արտադրել շարժիչներ հինգերորդ սերնդի կործանիչների համար, որոնց արտադրությունը դադարեցվել է թուրք-գերմանական տարաձայնությունների պատճառով:

Բորիս Ջոնսոնն այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետն է, իսկ Ռիչարդ Մուրը՝ բրիտանական հետախուզության ղեկավարը, նրա աջ ձեռքը: Լոնդոնը, որը վերջերս հեռացավ Եվրամիությունից, կարծում է, որ Լիբիայում եւ Արեւելյան Միջերկրածովյանում Թուրքիայի ամբիցիաները չպետք է անհանգստացնեն, քանի որ այդ երկիրն իրական ուժ է դարձել, ուժ, որը կանգնած է Եվրոպայի, ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի, Իրանի ու Միջերկրածովյան սահմաններին: Նա նաեւ Անկարային սեփական արտադրության գերժամանակակից տեսախցիկներ է առաջարկել, երբ Կանադան հրաժարվեց արտահանել դրանք Թուրքիա Արցախում անօդաչու թռչող սարքերի օգտագործման պատճառով: Սակայն Թուրքիան կարողացել է ինքնուրույն  կազմակերպել դրանց արտադրությունը՝ ըստ ռուս լրագրող Վլադիմիր Դանիլովի տեղեկատվության:

Մեծ Բրիտանիան ու Թուրքիան պատրաստ են համագործակցության: Հունվարին նրանք ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Թուրքերը ձգտում են օգուտ քաղել ինքնաթիռների ու տանկերի համար շարժիչների արտադրության բրիտանական փորձից՝ TFX 5-րդ սերնդի կործանիչների ու «Ալթայ» տանկերի ծրագրերի զարգացման համար, իսկ փոխարենը բրիտանացիները խոստանում են աջակցել թուրքական անօդաչուների զարգացմանը: Բրիտանիան արդեն գործում է սեփական ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ՝ ավելի բարդ խնդիրների լուծման համար: Թուրքերն ու բրիտանացիները միասին աշխատում են նաեւ Ուկրաինայում՝ ընդդեմ Ռուսաստանի: Հիշեցնենք, որ բրիտանական ուժերը, ինչպես սպասվում էր, կտեղակայվեն ուկրաինական՝ Սեւ ծովում գտնվող նավահանգիստներից մեկում, որտեղ խառնվում են Անկարայի ու Մոսկվայի ազդեցությունները:

Թուրքիան, անշուշտ, ոգեւորված է անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ եւ դրանց շնորհիվ տարբեր տարածաշրջաններում արձանագրած հաջողություններով, ինչպես նաեւ Բրիտանիայի աջակցությամբ: Ուստի, ինչպես կարծում են փորձագետները, Էրդողանը չի պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով ու կձգտի իրականացնել իր նպատակները՝ օգտագործելով այն փաստը, որ այժմ ԱԹՍ-ների կիրառման շնորհիվ լուրջ ազդեցություն ունի ողջ Մերձավոր Արեւելքում:

Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները: Հայաստանի՞: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում, որի պակասը, գիտենք, նրանք չունեն, չեն կարող գնալ նման քայլի, քանզի հասկանում են, որ այս դեպքում Ռուսաստանը չի կարող չհակազդել ադրբեջանաթուրքական ագրեսիային: Ավելին՝ ԱՄՆ-ում ընտրված նախագահ Ջո Բայդենն արդեն ստանձնել է իշխանությունը, եւ նրան ամենեւին դուր չեն գալիս «թաքստոցից դուրս եկած թուրքական դուրսպրծուկի» գործողությունները…

Կարսի զորավարժությունների նպատակն է վախեցնել Հայաստանին եւ ստիպել՝ հաշվի նստելու իրենց հետ: Վախեցնել՝ ցուցադրելով, որ այսպիսի զորավարժությունները նույնպես կավարտվեն պատերազմով: Թուրքիան կարող է պահանջել, որպեսզի Հայաստանը ստորագրի նսեմացուցիչ պայմանագիր՝ ճանաչելով Թուրքիայի ու Ադրբեջանի բռնազավթումները եւ այդ կերպ օրինականացնելով դրանք: Իրադարձությունների զարգացման թուրքական տարբերակներից մեկն էլ այն կարող է լինել, որ Հայաստանի Հանրապետությունը, անհանգստանալով թուրքերի եւ ադրբեջանցիների նախապատրաստական աշխատանքներից, կարող է շտապել՝ մտնելու ՌԴ-ի կազմի մեջ: Այս դեպքում, կորցնելով պետականությունը, Հայաստանն ինքնուրույն  չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել ոչ մեկի կամ համաձայնագիր ստորագրել, իսկ Ռուսաստանը հնարավորություն կունենա երկարաձգել թուրքերի հետ կնքած 1921 թ. համաձայնագրի ժամկետը՝ որոշ հարցերում պայմանավորվելով թուրքերի հետ: Սա իրադարձությունների զարգացման ոչ պարտադիր, բայց հավանական սցենարներից մեկն է, սցենար, որին նախորդ դարասկզբում արդեն բախվել է հայ ժողովուրդը:

Բայց կա եւս մի փաստ, որը հուշում է, որ այդ զորավարժություններն այլ թիրախ ունեն:

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիումարս Հեյդարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության նախօրեին հայտարարել է Օմանի նեղուցում լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին՝ օդադեսանտային բրիգադների, հատուկ նշանակության ու արագ արձագանքման ուժերի մասնակցությամբ: Ուշագրավ է, որ դրանք 3-րդն են երկու շաբաթվա ընթացքում: Ոմանք կարծում են, որ այդ զորավարժությունները մեծացնում են լարվածությունը Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ, քանզի անցկացվում են այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգներում իր պարտականություններին է անցնում Ջո Բայդենը: Բացառված չէ, որ դրանք զգուշացում են ադրբեջանաթուրքական տանդեմին: Ավելորդ չէ նշել, որ Իրանը փորձարկել է իր անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաեւ բալիստիկ եւ փոքր հեռահարության թեւավոր հրթիռները: Իրանը, այսպիսով, հրթիռային ներուժ ունի, ի վիճակի է լուրջ վնաս հասցնել Իսրայելին, ինչպես նաեւ Թուրքիային ու Ադրբեջանին, եթե փորձեն պատերազմ սանձազերծել: Իրանական հրթիռները կարող են խոցել թիրախները 2 հազար կմ հեռավորության վրա:

                                                                       Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ