ՄԻԱՆՄԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ՝ ՀԱԿԱԴԻՐ ԲԵՎԵՌՆԵՐԻՑ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրարշավի վերջին փուլում, երբ ակներև էր դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի մոտալուտ հաղթանակը, տեսակետ էր շրջանառվում այն մասին, որ Թուրքիայի ղեկավարությունն ամերիկյան նոր վարչակազմի հետ խնդիրներ է ունենալու։ Կանխատեսումը հիմնավորված էր՝ անկախ այն բանից, թե մինչև որտեղ կարող է հասնել ռազմական նույն դաշինքին անդամակցող երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը։ Բայդենի երդմնակալությանը զուգահեռ՝ նաև Վաշինգտոն-Անկարա դիվանագիտական փոխհրաձգության մեկնարկը տրվեց։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն արդեն իր անհանգստությունն է արտահայտում ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի՝ Անկարային ուղղված հայտարարությունների կապակցությամբ։ Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային, ասել է Փեքինը։ Ամերիկյան ազդակներին ի պատասխան՝ Անկարան հայտարարում է երկրում ռազմական ծախսերն ավելացնելու միտումների մասին, այն դեպքում, երբ Թուրքիան ապրում է տնտեսական ճգնաժամի և ազգային արժույթի արժեզրկման ժամանակաշրջան։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացնում է անցած հինգ տարիներին ռազմական ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ տվյալներ։ Ֆինանսավորումն աճել է 11 անգամ։ Նույն ժամանակահատվածում իշխանությունների հավանությանն է արժանացել մոտ 350 նոր ծրագիր, բյուջեն կազմել է 5,5 միլիարդ դոլար, բայց ֆինանսավորումը 11 անգամ մեծացվել և հասցվել է 60 միլիարդ դոլարի։
Թուրքիան արտգործնախարարի մակարդակով ակնարկում է Եվրոպական միությանն անդամակցելու մասին։ Մևլութ Չավուշօղլուն Եվրահանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ ինքն առանձնահատուկ կարևորություն է տալիս Եվրամիությունից ունեցած ակնկալիքներին։ Դրանք կյանքի կոչելն Անկարայի համար մարտավարական խնդիր է։ Թուրքական կողմի ցանկությունները, թերևս, կարելի է հասկանալ, բայց առնվազն տարակուսանք է հարուցում եվրոպական կողմից անարձագանք թողնված Չավուշօղլուի հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան պատրաստ է Եվրամիության հետ համագործակցությունը խորացնել նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարում։ Այսպես արտահայտվում է այն պետության ղեկավարը, որն Արցախի դեմ պատերազմում մի տարածաշրջանից մյուսն է տեղափոխել հազարավոր վարձկան-ահաբեկիչների՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանող ժողովրդին ֆիզիկապես ոչնչացնելու համար։
Առանց ուշացման ահաբեկիչների տեղը մատնացույց արեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն՝ իր տարածած տեղեկատվությունում ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները պարբերաբար հակաահաբեկչական վարժանքներ են իրականացնում։ Սույն իրազեկմամբ ռուսաստանյան կողմը միջազգային հանրությանն ազդակ հղեց առ այն, որ պատերազմի ընթացքում տարածաշրջան ներթափանցած իսլամական ահաբեկիչները շարունակում են սպառնալ Արցախի բնակչության անվտանգությանը։ Այստեղ տեղակայված ռուսական զորախումբը հենց այնպես, հետաքրքրության համար չէ նման վարժանքներ կատարում, այն էլ՝ պարբերաբար։ Իսլամական ահաբեկիչների գործողությունները որակավորել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի բաժինն օրերս հրապարակեց Թրեյսիի ՙԺողովրդավարությունն անգին է՚ վերնագրով հոդվածը, որում նա պահանջում է դատապարտել հակամարտության գոտում արձանագրված վայրագության դեպքերը, նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ ՙՉնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար՚,-գրել է դեսպանը։
Թրեյսին իր հրապարակային խոսքում օգտագործեց ՙվայրագություններ՚ բառը, թերևս, ի ցույց դնելով թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված անմարդկային արարքները։ Մյուս կարևոր շեշտադրումը ԼՂ կարգավիճակին էր վերաբերում. հիմնախնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ուշադրության արժանի է նաև Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցի քննարկումը, որն ավելի հրատապ դարձավ նախագահական ընտրություններից հետո։ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենին Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը գրավոր հարցում էր արել՝ ինչպիսի՞ն է ԼՂ հարցում ամերիկյան նոր կառավարության դիրքորոշումը։ Բլինքենը հավաստիացրել է, որ Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան աջակցությունը։ Դեմոկրատ սենատորը նաև հարցրել է, թե ինչպես է նոր վարչակազմն օգնելու Հայաստանին և հայերին Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայից պաշտպանվելու հարցում։ Պետքարտուղարի թեկնածուն ասել է, որ ինքն անհամբեր սպասում է Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ համատեղ՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովմանն ուղղված կարիքների բավարարման համար համապատասխան օգնության մակարդակի որոշմանը։ Իսկ մինչ այդ, Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ Բլինքենը քննադատել է Թուրքիային՝ ասելով, որ Անկարայի պահվածքը Վաշինգտոնի համար լուրջ մարտահրավեր է ստեղծում։