ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ՞
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն ասել է, որ Պուտին-Բայդեն հանդիպման ժամկետներ դեռեւս չեն քննարկվում։ Դրան նախորդել է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունը, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նախագահներ Բայդենի եւ Պուտինի հեռախոսազրույցը, որի կարեւորագույն ազդակն այն է, որ ԱՄՆ-ը առաջարկել է երրորդ երկրի տարածքում կազմակերպել դեմ առ դեմ հանդիպում։ Ըստ ամերիկյան պաշտոնական տեղեկատվության, Բայդենն ասել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ կառուցել կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ։
Միջազգային փորձագիտական շրջանակները գտնում են, որ այդ հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահի առաջին հաջողությունն է։ Նման եզրահանգման հիմք է ընդունվում Ուկրաինայի արեւելքում եւ Ղրիմում կացությունը։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացրել շուրջ 40 000 զինծառայող, զրահատեխնիկա եւ հրետանա-հրթիռային միջոցներ, նույնքան էլ՝ Ղրիմում։ Ռուսական ռազմանավերը պարեկում են Սեւ ծովը։ Հայտնի է դարձել, որ ամերիկյան ՙՖրանկլին Ռուզվելտ՚ ռազմանավը մտել է Միջերկրական ծով, իսկ ՆԱՏՕ-ն եվրոպական թատերաբեմում մարտական տագնապի ազդանշան է տվել։
Որոշ հրապարակումներում իրավիճակը համեմատվում է Կարիբյան ճգնաժամի հետ, երբ ԱՄՆ-ը եւ Խորհրդային Միությունը միջուկային բախումից հեռու էին ընդամենը մեկ քայլ։ Այն ժամանակ լարվածությունը հաղթահարվեց փոխզիջումներով. ԽՍՀՄ-ը Կուբայից հեռացրեց միջուկային մարտագլխիկներով հրթիռները, իսկ ԱՄՆ-ը՝ Թուրքիայից։ Ռուս-ամերիկյան ներկայիս լարվածությունը ռազմական առումով հեռու է Կարիբյան ճգնաժամից, այսօր միջուկային զենքի մասին տեղեկություններ չկան։ Քաղաքական տեսակետից, սակայն, համեմատությունը տեղին է։
ԱՄՆ նախագահը Կոնգրեսից 715 միլիարդ դոլարի լրացուցիչ հատկացումներ է խնդրել ՙՌուսաստանին զսպելու համար՚։ Նախագահ Բայդենը դիվանագիտական ահռելի ջանքեր է գործադրում, որպեսզի միավորի եվրոպական դիվանագիտությունը։ Առայժմ գործընթացը տեսանելի դրսեւորումներ չունի, բայց ոչ ոք չի կասկածում, որ Վաշինգտոնը հատկապես ճնշում է գործադրում Գերմանիայի նկատմամբ։ Բեռլինում քաղաքական հայտարարությունների տիրույթում մնում են եվրատլանտյան համերաշխության ուղեգծում, բայց գործնականում Ռուսաստանի հետ տնտեսական եւ առեւտրային կապերը ոչ միայն պահպանվում են, այլեւ խոսվում է նոր նախագծումների մասին։ Նույնը՝ Ֆրանսիայի պարագայում։
Ռուս-ամերիկյան հնարավոր երկխոսության շուրջ քաղաքական քննարկումների համատեքստում է գնահատվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրերս տարածած հայտարարությունը։ Որոշ դիտարկումներով՝ Ռուսաստանը միացել է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախաձեռնությանը՝ որպես թուրք-ադրբեջանական տանդեմի վերջին օրերի ակնհայտ ոչ կառուցողական կեցվածքի հակակշիռ։ Այդպես է, թե՝ ոչ, հասկանալի կլինի ՌԴ նախագահի՝ Դաշնային ժողովին Ուղերձից, որ կհրապարակվի ապրիլի 21-ին։
Ուշագրավ է, որ դեռեւս փետրվարին նախատեսված այդ միջոցառումը հետաձգվել է եւ գրեթե սինխրոնացվել ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյա ուղերձին։ Փորձագիտական հանրությունը տպավորություն ունի, որ ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին հասկանալ է տալու Թուրքիայի վերաբերյալ Սպիտակ տան առաջիկա տարիների քաղաքական մշակումները։ Սկզբունքորեն ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը մեր տարածաշրջանի ապագայի հարցում տարակարծիք են։
Այս ֆոնին դիտարժան է տեղեկատվությունը, որ նախապատրաստվում է Հայաստանի նախագահի այցը Վրաստան։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո դա հայ-վրացական բարձր մակարդակի առաջին պաշտոնական շփումն է։ Վրաստանը լուրջ խնդիրների է բախվել։ Եվրաինտեգրման նրա ճանապարհին խոչընդոտ է ռուս-թուրքական ՙԿովկասյան պլատֆորմի՚ առաջարկությունը։ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել 3+3 ձեւաչափով տարածաշրջանային ինտեգրացիային միանալու մասին, բայց առանց Հայաստանով անցնող կոմունիկացիաների բացման որեւէ համագործակցություն չի կարող լինել։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ այդ հարցը շոշափված է ընդհանուր ձեւակերպումներով։ Դրանից հետեւում է, որ համանախագահ երկրների պատկերացումները նույնական չեն։ Այդուհանդերձ, համանախագահների հայտարարությունը կարեւոր է նրանով, որ վերստին շեշտվում է ԼՂ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ հայտնի սկզբունքների հիման վրա։ Համանախագահները նաեւ ընդգծել են Լեռնային Ղարաբաղ այցելելու անհրաժեշտությունը։ Դա նշանակում է Արցախի սուբյեկտության վերահաստատում։
Անշուշտ, քաղաքական բանակցությունների շուտափույթ մեկնարկի հավանականությունը նվազ է։ Իլհամ Ալիեւը խիստ դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ից, որ քաղաքական կոմունիկացիա չի հաստատում Բաքվի հետ։ Կարելի է հասկանալ, որ Ադրբեջանը փորձել է Բայդենի վարչակազմի հետ կապ հաստատել, բայց՝ մնացել անարձագանք։ Ուկրաինայի հարցում ռուս-ամերիկյան որեւէ կոնսենսուսի դեպքում ԼՂ քաղաքական կարգավորման գործընթացի մեկնարկի հավանականությունը կմեծանա։