[ARM]     [RUS]     [ENG]

Եթե արցախցիներն ուզում են ստանալ ռուսական քաղաքացիություն, դա իրենց որոշումն է, որևէ պարտադրանք չի լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը

 -Պարոն Բաբայան, Կարմիր Շուկայի ճանապարհն ի՞նչ ճակատագրի կարժանանա։ Ադրբեջանական մամուլը չի դադարում գրել, որ այն անցնելու է Ադրբեջանի հսկողության տակ։

-Կարմիր շուկա համայնքում հիմա տարբեր ծրագրեր են իրականացվում՝ և՛ բնակարանաշինության, և՛ գյուղատնտեսական։ Իհարկե, Ադրբեջանը պարբերաբար շահարկումների է ենթարկելու այդ հարցը շատ պարզ պատճառով, որովհետև նման շահարկումներն Ադրբեջանի համար դարձել են զենք, որպեսզի առանց պատերազմի, առանց բախման հաջողի դատարկել Արցախը։ Նման ապատեղեկատվությամբ փորձելու են անվստահություն սերմանել մեր հոգիներում և սրտերում ապագայի նկատմամբ։ Մեկ ասում են, որ հունիսին Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, այսինքն՝ այսպիսի մանիպուլյացիաներ լինելու են, և մենք պետք է պատրաստ լինենք ու հանգիստ վերաբերվենք, սառնասրտորեն վերաբերվենք այս ամենին: Մենք պետք է շարունակենք հզորացնել և շենացնել մեր երկիրը, այլ տարբերակ չկա։ Կարծել, թե Ադրբեջանը նման պահվածքից հրաժարվելու է, այդպես չէ, բայց մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ ուժեղանանք, ապաքինվենք այս ծանր հարվածներից, փորձենք նորմալ զարգացման ուղու վրա կանգնել։

 

-Այսինքն՝ Կարմիր շուկայի հետ կապված որևէ զարգացում իրականում չկա՞, ադրբեջանական կողմը նման հայտարարություններով նպատակ է դրել Արցախը հայաթափե՞լ։

-Այո՛, և ամեն ինչ անում է այդ ուղղությամբ։ Պետք չէ, որ տանկեր բերես, ռազմավիացիա, անօդաչու թռչող սարքեր, հազարավոր զոհեր, կռիվ, չէ, նման տարբեր ապատեղեկատվությամբ անվստահություն է սերմանում հայության հոգիներում, սրտերում, որ մտածեն ապագա չկա ու հեռանան: Ամեն անգամ Ադրբեջանն այսսպես է անելու, և նրանք, որոնք ուզում էին վերադառնալ, չեն ուզենա վերադառնալ։  Մենք այս ամենը պետք է շատ լավ հասկանանք, հասկանանք, որ սա աշխարհաքաղաքական պայքարի ձև է, տեղեկատվական պայքար է։ Իմիջիայլոց, աշխարհի շատ երկրներ գերադասում են հենց նման ձևերով փոխել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Ինչի՞ համար պայքարես, զոհեր տաս, եթե կարող ես տեղեկատվական ազդեցությունն ուժեղացնես և նույն արդյունքը ունենաս:

-Հնարավո՞ր է երբևէ մտածել Կարմիր շուկայի՝ Շուշին կապող ճանապարհը նրանց հանձնելու մասին։ Նշվում է, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք պետք է կարողանան կապ հաստատել Շուշիի հետ։

-Դժբախտաբար, ադրբեջանցիները ունեն այդ ցամաքային կապը և Արցախի գրաված տարածքների վրա ոչնչացնում են Արցախի պատմամշակութային ժառանգությունը,  գերեզմանաքարերը օգտագործում են որպես ճանապարհաշինության նյութ, կամ կառուցում են ճանապարհ, որը 40 մետր լայնությամբ Հադրութից պետք է բարձրանա Քարին տակի մոտով մինչև Շուշի։

-Որքանո՞վ են ամիսներ առաջ տրված խոստումները ուժի մեջ, նկատի ունեմ 150 տուն Կարմիր շուկայում կառուցելը և այլն։

-Իհարկե, սա իմ ոլորտը չէ, բայց կարող եմ ասել, որ այդ ծրագիրը մեկնարկել է։ Կարմիր շուկան Արցախի բնակավայրերից մեկն է, որևէ մեկը չի հրաժարվելու Կարմիր շուկայից, որևէ մեկը նպատակ չունի այն հանձնելու թուրքերին։ Եվ մարդիկ այդտեղ պետք է ապրեն, արարեն, իրենց պապենական հողը մշակեն, զարգացնեն տնտեսություն։

-Պարոն  Բաբայան, երկու տարում ռուսական անձնագիր է ստացել Դոնբասի բնակչության շուրջ 15 տոկոսը։ Հնարավո՞ր է՝ նման ճակատագրի արժանանա Արցախի ժողովուրդը։

Ռուսական քաղաքացիություն ստանալը կապ չունի, թե որտեղ ես ապրում։ Ուզում է ապրի Եթովպիայում, ուզում ես ապրի Գյումրիում, եթե ծնողներից մեկը ծնվել է Խորհրդային Միության ժամանակահատվածում, դու կարող ես ՌԴ քաղաքացի դառնալ: Այսինքն՝ այսպիսի խնդիրները կապ չունեն այս կամ այն երկրի կարգավիճակի հետ։ Եվ ի վերջո Հայաստանից մարդ չկա՞, որ ռուսական անձնագիր է ստանում կամ ուզում է դառնալ ՌԴ քաղաքացի, իհարկե կան: Գնացեք ամեն օր տեսեք, թե որքան մարդ է հերթ կանգնում դրա համար։ Եվ ոչ միայն ՌԴ-ի, տարբեր երկրների, հետևաբար մենք այդ տեսակետից պետք է դիտարկենք, որ եթե ուզում են ստանալ ռուսական քաղաքացիություն, դա իրենց որոշումն է լինելու, որևէ պարտադրանք չի լինելու։