ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ՝ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՇԵՄԻՆ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Մերձավոր Արեւելքում ուշագրավ զարգացումներ են սպասվում։ Հունիսի 18-ին Իրանում կկայանան նախագահական ընտրություններ։ Երկրի հոգեւոր առաջնորդին կից խորհուրդը դեռեւս վերջնականապես չի հաստատել նախագահի թեկնածուների ցանկը։ Հայտնի է միայն, որ ընտրապայքարին չի մասնակցի նախկին նախագահ Ահմեդինեջադը, ինչպես նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանին։ Բացառված չէ, որ վերջին պահին որոշում ընդունվի, որ իշխանությունը կփոխանցվի այսպես կոչված բարեփոխիչների թիմի ներկայացուցչին։
Իրանի ներքաղաքական իրավիճակի այս հնարավոր տրանսֆորմացիան, անշուշտ, պայմանավորված է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններով, որ միջնորդավորված են, բայց համաձայնության հանգելու մեծ հավանականություն ունեն։ Զուգահեռաբար, կարծես, եզրագծին է մոտենում Իսրայելում քաղաքական ճգնաժամի հաղթահարումը։ Իշխող տեսակետ է, որ մոտ ապագայում կձեւավորվի նոր կառավարություն, որտեղ գործող վարչապետ Նեթանյահուն ներկայացված չի լինի։
Անկասկած է, որ Նեթանյահուի քաղաքական դարաշրջանի ավարտը պայմանավորված է Իսրայելի նկատմամբ ԱՄՆ նոր նախագահի կեցվածքից։ Բայդենը ոչ միայն չի շարունակում նախորդի քաղաքականությունը, այլեւ շատ սկզբունքային՝ Պաղեստինի հարցում ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւը, որի համաձայն պաղեստինցի արաբները ունեն անկախ պետության իրավունք։
Բայդենի այս մոտեցումը, բնականաբար, իսլամական աշխարհում ընկալվում է որպես սիոնիզմի զսպան քաղաքականության դրսեւորում։ Խնդրի նկատմամբ շատ նրբազգաց է մանավանդ Իրանը, հանգամանք, որ ԱՄՆ-ի հետ այդ երկրի հարաբերություններում լարվածության հաղթահարման լրացուցիչ խթան կարող է լինել։ Ըստ երեւույթին, տեսանելի ապագայում Իրանը կհաղթահարի մեկուսացումը։ Միջազգային մամուլում սենսացիոն տեղեկություն է հայտնվել, որ մարտ-ապրիլ ամիսներին Միացյալ Նահանգները մեկ միլիոն բարել նավթ է գնել Իրանից։
Երեւում է, Իսրայելում նախապատրաստվում են իրավիճակի հավանական փոփոխությանը։ Մոսադի նախկին տնօրեն Կոենը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ներկայությունը մշտադիտարկման տակ է պահում իսրայելական կողմի ցանկացած քայլ։ Ի պատասխան՝ փորձագետները Մոսադի տնօրենի ուշադրությունը հրավիրել են փաստին, որ Սիրիայում ռազմական ծավալում իրականացնելուց առաջ ՌԴ նախագահ Պուտինը ՙբոլոր մանրամասնությունները քննարկել է Իսրահելի վարչապետ Նեթանյահուի հետ՚։
Ավելին, իսրայելցի մի շարք փորձագետներ անկեղծորեն խոստովանել են, որ եթե Սիրիայում Ռուսաստանը չծավալվեր, ապա հրեական պետությունը գործ կունենար այդ երկրում Իրանի ավելի մեծ ներկայության հետ, իսկ դա ՙուղղակի սպառնալիք կլիներ՚։ Ըստ այդմ, ուրվագծվում է տեսական մի հեռանկար, երբ իրանա-ամերիկյան հարաբերություններում լարվածության թուլացմանը զուգահեռ Սիրիայում կարող է աճել իրանական ազդեցությունը՝ որպես ռուս-թուրքական համատեղ ՙպարեկության՚ հակակշիռ։
Ժամանակ առաջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ձեւավորված եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափը, որ կոչված էր հասնել սիրիական կարգավորման, փաստացի այլեւս չի գործում։ Վերջին շրջանում ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնյաներ են այցելել Սիրիայի հյուսիս-արեեւլյան շրջաններ, որտեղ վերահսկողություն են իրականացնում քրդական խմբավորումները։ Վաշինգտոնը, կարծես, վերադառնում է Սիրիա։
Ոչ հեռավոր անցյալում Սիրիայի նախագահի դեմ ԱՄՆ-ը համերաշխված էր Թուրքիայի հետ։ Ներկայումս Թուրքիան չի վստահում ԱՄՆ-ին՝ լուրջ կասկածներ ունենալով, որ Վաշինգտոնը Թուրքիայի հետ Սիրիայի սահմանամերձ գոտում ՙստեղծում է բուֆերային քրդական ինքնավարություն՚։ Այս հարցում ԱՄՆ-ը, հավանաբար, չի ունենա նաեւ Իրանի վստահությունը։ Թեհրանը սեփական քրդական խնդիրն ունի։
Եթե Իսրայելում կառավարության փոփոխությունը լինի ոչ թե տեխնիակական, այլ՝ քաղաքական, եւ Պաղեստինի հարցը մտնի արաբա-իսրայելական սուբստանտիվ բանակցությունների դաշտ, ապա Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մեծապես կտուժի։ Փոխարենը, երեւի, իրանա-ամերիկյան համագործակցության հեռանկար կբացվի։ Դա կարող է դրական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի անվտանգության եւ համագործակցության կոնստրուկցիաների դիվերսիֆիկացվացման վրա։