Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԸ ՇՈՒՇԻ. Մշակութային մայրաքաղաք, թե՞ գիշատչի որջ

ԱՇՈՏ Բեգլարյան

 Էրդողանն ու Ալիևը փորձում են ամրապնդել Շուշի քաղաքի բռնազավթման և, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության՝ անցած տարվա 44-օրյա ագրեսիայի արդյունքում տարած հանցավոր ՙհաղթանակը՚:

Այսպես, տխրահռչակ ՙպատմական՚ այցը կայացավ. Էրդողանն այցելեց Շուշի: Այսինքն, մի օկուպանտի հրավերով մյուս՝ ավելի խոշոր և հավակնոտ օկուպանտն առաջին անգամ ոտք դրեց արցախյան զավթված տարածք, մի շարք աղմկոտ ու սադրիչ հայտարարություններ արեց՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթեր: Պարզվում է, որ Թուրքիան ոչ միայն չի պատրաստվում լքել տարածաշրջանը, որտեղ այդքան լկտիորեն ներխուժել է, այլ, հակառակը, մտադիր է հաստատվել այստեղ և ընդլայնել իր ագրեսիվ ներկայությունը:
ՙԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի ու նրա ընտանիքի անդամների այցն Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպիտ խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է՚,- այսպես է արձագանքել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ սադրանք են՝ ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ:
Այո, ստորագրելով այսպես կոչված ՙՇուշիի հռչակագիրը՚, Ալիևն ու Էրդողանը փորձում են լեգիտիմացնել Արցախի դեմ իրենց բազմաթիվ ռազմական հանցագործությունները սեպտեմբերի 27-ին սանձազերծված արյունալի սպանդի օրերին, երբ կասետային ռումբերով, տարբեր մահացու հրթիռներով ու արկերով պլանաչափ կերպով ոչնչացվում էին Լեռնային Ղարաբաղի ամբողջ գյուղեր ու քաղաքներ:
Իրենց հայտարարության մեջ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները Էրդողանի սադրիչ գործողությունները գնահատում են որպես ՙտարածաշրջանում Ռուսաստանի խաղարարար գործունեությանը խանգարելու փորձ՚, ՙդիվային ծրագիր՝ ուղղված փխրուն կայունությանը վնաս հասցնելուն՚ և ՙնոր մարտահրավեր՝ ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև Ռուսաստանին ու Իրանին՚: Խորհրդարանականները միջազգային կազմակերպություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես՝ Ռուսաստանին, կոչ են անում սանձել Թուրքիայի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի են նոր սպառնալիքներով:
Միանշանակ, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այցն Արցախի օկուպացված տարածք ՙակնհայտ սադրանք է՝ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության դեմ՚, տվյալ փաստի առնչությամբ նման գնահատական է տվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ընդսմին նշելով, որ ՙսադրիչ գործողություններն ակներև կերպով ի ցույց են դնում նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ հարաբերությունների կարգավորման մասին պաշտոնական Անկարայի եւ Բաքվի կեղծ ու մոլորեցնող բնույթը՚։
Հատկանշական է, որ ՙպատմական՚ այցին նախորդել է Շուշիի եւ Արցախի մյուս բռնազավթված բնակավայրերի հայկական կրոնական եւ պատմական ժառանգության գրեթե իսպառ ոչնչացումը։ 44-օրյա արյունալի պատերազմի գլխավոր նախաձեռնողի այցին ընդառաջ՝ կրտսեր եղբայրը ջանացել է հնարավորինս ջնջել հայկական հետքը քաղաքում։ Դեռեւս ռազմական գործողությունների ժամանակ ավերված Շուշիի եկեղեցիներին ավելացել են նաեւ հին գերեզմանոցները, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիրը, Խորհրդային Միության եւ Սոցիալիստական աշխատանքի հերոսների, Շուշիից սերող հայ անվանի գործիչների հուշարձաններ եւ այլն։ Եվ այս ամենից հետո զավթիչները մտադիր են միջազգային ասպարեզում քաղաքը ներկայացնել որպես ՙԱդրբեջանի բազմադարյա հարուստ մշակույթի վառ գոհար՚։ Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը նշում է. ՙՄենք հասկանում ենք, որ քաղաքի դիմագիծը, որտեղ կողք-կողքի ապրում էին երկու համայնքներ, այժմ կփոխվի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման օգտին, ինչպես Հադրութի, ինչպես նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մյուս բոլոր տարածքների դեպքում, որոնք մնում են Ադրբեջանի հսկողության տակ՚։
Միանգամայն ակնհայտ է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների նման գործողությունները, հակառակ նրանց ՙխաղաղարար՚ հայտարարությունների, միտված են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերի խաթարմանը։ Շուշին հայտարարելով Ադրբեջանի ՙմշակութային մայրաքաղաք՚, Էրդողանն ու Ալիեւը իրականում նպատակ են հետապնդում քաղաքը վերածելու որջի, որը մշտական սպառնալիք կհանդիսանա ինքնորոշված Արցախի, շրջակա հայկական բնակավայրերի համար։ Ըստ էության, Շուշին վերածվում է արմատականության, ծավալապաշտության եւ պանթյուրքիզմի հենակետի։ Էրդողանն արդեն չի էլ թաքցնում Շուշին զավթելու գործում թուրքական կողմի դերը՝ աշխարհաքաղաքական ուղերձ հղելով, որ քաղաքը պատկանում է այդ թվում եւ Թուրքիային։ Դրանով իսկ նա, փաստորեն, հայտարարում է, որ Արցախի եւ Հայաստանի բռնազավթումը հանդիսանում է պանթուրքական ծրագրերի իրագործման սկիզբ։
1931թ. հունիսին Օսիպ Մանդելշտամը հրապարակել է քառասուն հազար ՙմեռած պատուհաններով՚ ՙԳիշատիչ քաղաք Շուշիի՚ մասին իր հայտնի բանաստեղծությունը։ Երբ Մանդելշտամն այցելել էր Արցախ, քաղաքի հիմնական՝ հայկական մասն ավերված էր (հայազգի բնակչությունը ջարդվել ու վտարվել էր 1920թ. մարտին)։ Եվ ահա այսօր՝ 100 տարի անց, թուրքական Ազգայնական շարժման կուսակցությունը հայտարարում է Շուշիում դպրոց կառուցելու իր մտադրության մասին։ Սա այն կուսակցությունն է, որի առաջնորդ Դեւլեթ Բախչելին համակարգում է ՙԳորշ գայլեր՚ (ՙԲոզկուրտ՚) ուլտրաաջ խմբավորումը։ Այսինքն, մշակութային կենտրոնի փոխարեն բռնազավթված քաղաքը կարող է դառնալ գիշատչի որջ։
Վերադառնալով Բաքվի եւ Անկարայի միջեւ դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ ՙՇուշիի հռչակագրին՚, կարելի է ենթադրել, որ հռչակագրի կնքմամբ մեկնարկ է տրվում ողջ Հարավային Կովկասի բռնազավթման՝ հեռուն գնացող գործընթացին: Այո, Թուրքիան այսօր Անդրկովկասում առաջատար դերակատարի հայտ է ներկայացնում, ինչի մասին, մասնավորապես, վկայում է Ակնայում թուրքական հավաքակազմի տեղակայումը նախատեսող փաստաթղթի ստորագրումը։ Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ, ամրապնդվելով տարածաշրջանում, Էրդողանը հետագայում կձգտի այս փորձը տեղափոխել Ուկրաինա եւ Արեւելյան Եվրոպայի երկրներ։
Աշխարհը չպետք է աչք փակի Էրդողան-Ալիեւ տանդեմի հակամարդկային ծրագրերի առաջ։ Այս հարցում ջայլամի քաղաքականությունն սպառնում է գլոբալ անվտանգությանը, համամարդկային արժեքներին եւ քաղաքակիրթ աշխարհակարգի տարրական նորմերին։
Ինչ վերաբերում է Շուշի քաղաքին, ի հեճուկս ամենի, այն եղել եւ մնում է արցախցիների, ինչպես եւ աշխարհի հայության սրբավայրերից, ազգային ինքնության, պատմության, մշակույթի կարեւորագույն բաղադրիչներից մեկը, եւ Արցախում մտադիր են անել հնարավորը, որպեսզի քաղաքը վերադարձնեն իր իսկական տերերին։ Այդ մասին, մասնավորապես, վկայում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից մշակված՝ ՙՕկուպացված տարածքների մասին՚ օրինագիծը, որը հանրապետության գործադիր մարմնի կողմից ընդունվելուց հետո կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ Օրինագծի նպատակն է իրավական կարգավիճակ եւ հատուկ իրավական ռեժիմ շնորհել Ադրբաջանի կողմից 1991-1994թթ.., 2016թ. եւ 2020թ. օկուպացված ղարաբաղյան տարածքներին։ Օրենքով կամրագրվի, որ այդ տարածքները հանդիսանում են Արցախի Հանրապետության անքակտելի մասը եւ դրանց վրա տարածվում են Սահմանադրությունն ու երկրի մյուս օրենքները։ Փաստաթղթով նախատեսվում է, որ օկուպացված տարածքներում օտարեկրացիների մուտքը, ելքը եւ տեղաշարժը թույլատրվում են միայն Արցախի օրենսդրությամբ սահմանված կարգով։