[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՇՈՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Հայկական և ադրբեջանական տիրույթում շարունակվում են մեկնաբանություններն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների՝ Շուշի կատարած այցի և մասնավորապես երկու կողմերի միջև ստորագրված հայտնի ՙհռչակագրի՚ շուրջ։ Ադրբեջանական քաղաքական շրջանակների մեկնաբանմամբ՝ Բաքվի և Անկարայի միջև զարգացող ռազմաքաղաքական համագործակցությունը համապատասխանում է երկու կողմերի շահերին և ուղղված չէ երրորդ երկրի դեմ։ Դա, իհարկե, ադրբեջանական մեկնակետն է, որին արձագանքել են Երևանից ու Ստեփանակերտից։ ՙՇուշիի հռչակագրի՚ ստորագրումից հետո երկու նախագահների ելույթներն ու շեշտադրումները, կարծում ենք, առանձին քննարկման թեմաներ են։ Եվ հատկապես հարկ է ուշադրություն դարձնել Էրդողանի այն արտահայտություններին, որոնք ուղղակիորեն կապված չէին ՙհռչակագրի՚ հետ, բայց շոշափում էին տարածաշրջանի ապագան ու հնարավոր զարգացումները։ Ըստ Թուրքիայի նախագահի, նպատակահարմար է առաջ տանել ՙՎեցյակի պլատֆորմի՚ գաղափարը, որը ենթադրում է տարածաշրջանի վեց պետությունների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի համագործակցություն։ ՙՄենք ուզում ենք, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության տարածաշրջան՚,-ասել էր Էրդողանը և հավելել, որ նույն նպատակն է հետապնդում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փորձենք հասկանալ Թուրքիայի նախագահի խոսքի ենթատեքստը։ Ինչպես հայտնի է, Էրդողանը Բաքու և ապա Շուշի էր ժամանել Բրյուսելից, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև հունիսի 14-ին հանդիպում ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Փաստորեն, մեկ օր անց նա Շուշիում ներկայացնելով Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, խոսել է մի պլատֆորմի մասին, որում Միացյալ Նահանգները առկա չեն, իսկ հետո ընդգծել է, որ նույն դիրքորոշումն ունի նաև Ռուսաստանը։ Մի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ պետության ղեկավարը Ռուսաստանին ու Արևմուտքին ներկայացրել է որպես Հարավային Կովկասում իրար հակակշռող ուժեր։ Մինչդեռ, 44-օրյա պատերազմից և նոյեմբերյան հայտարարության ընդունումից հետո Էրդողանը շեշտը դնում էր գլխավորապես ռուս-թուրքական համաձայնության վրա՝ ի ցույց դնելով տարածաշրջանի գլխավոր դերակատարի հետ թուրքական շահերի համադրելիությունը։ Ամերիկյան ճնշումներն ու Բայդենի՝ ՙԱմերիկան վերադառնում է՚ կարգախոսը սրբագրումներ են մտցրել նախկին մոտեցումներում, և այժմ Էրդողանն ակնարկում է խոշոր խաղացողների միջև կոնսենսուս արձանագրելու անհրաժեշտության մասին։ Նկատենք նաև, որ Ադրբեջան-Թուրքիա ռազմաքաղաքական համագործակցության նոր մակարդակի մասին տանդեմի հայտարարությունները հարուցել են ոչ միայն հայ հանրության, այլև ռուսաստանյան կողմի անհանգստությունը։ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հանդես եկավ հայտարարությամբ՝ իրազեկելով, որ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու։ Ըստ Զատուլինի՝ Թուրքիայի հայտարարած՝ ԼՂ վերականգնման մասին Ադրբեջանի հետ համաձայնագիրը դժվար թե հանգեցնի այնտեղ թուրքական ռազմաբազաների կառուցմանը։ Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացումը կարող է հանգեցնել հակամարտության նոր բռնկման։ ՙՇուշիի հռչակագրի՚ կնքման առնչությամբ Զատուլինը նշել է, որ այդ քաղաքը գտնվում է ԼՂ մայրաքաղաքին շատ մոտ և, ամեն դեպքում, դա ցուցադրական գործողություն է։ ՙԱդրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվող նման համաձայնագրերն անտեսում են այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված։ ԼՂ վերաբերյալ Էրդողանն ու Ալիևն ինչ որոշում էլ կայացնեն, առանց Արցախի հայկական բնակչության կարծիքի, թերի է՚,- ընդգծել է Զատուլինը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաների տեղակայումը միանգամայն հավանական է, Բաքվին ոչ ոք չի կարող դա արգելել։ Իսկ ԼՂ տարածքում, որն այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները, թուրքական ոչ մի ռազմաբազա չի կարող լինել։

Կայուն և անվտանգ Հարավային Կովկաս անհնար է պատկերացնել առանց Արցախի Հանրապետության կարգավիճակի վերջնական որոշման։ Այս հարցում նույնպես առկա է փոխըմբռնում Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև։ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ադրբեջանա-թուրքական ռազմաքաղաքական համագործակցությունը խորացնելով հանդերձ, անկախ իրենց ցանկության, պետք է հաշվի նստեն ներկա իրողությունների հետ, որոնք ևս մեկ անգամ վերահաստատում են եռանախագահության ձևաչափի կենսունակությունը։ Այս տրամաբանության մեջ լիովին տեղավորվում է Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, որը տեղի ունեցավ հունիսի 21-ին, Մոսկվայում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գլխավոր քարտուղարն իր խոսքում ընդգծել է, որ ցանկություն ունի Լավրովի հետ քննարկել մի շարք հակամարտություններ։ ՙՄենք աշխատում ենք Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի աջակցենք Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ Կքննարկենք նաև կարգավորման գործընթացը, ինչը նույնպես մատնանշում է, որ ԵԱՀԿ-ն աջակցում է վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված գործողություններին՚,-ասել է Շմիդը։