ԲԱՔՎԻ ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԽԱՅԾԸ
Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Պաշտոնական Բաքուն սկսեց խոսել այն մասին, որ Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջանի բնակիչները կարող են վերադառնալ իրենց տները… Հետաքրքիր է՝ այս հայտարարության մեջ որտե՞ղ է թաքնված նենգ խարդավանքը, առանց որի անհնար է պատկերացնել Բաքվի ռեժիմի ցանկացած ՙխաղաղարար՚ նախաձեռնություն։ Իրականում խարդավանքն ակնհայտ է՝ ադրբեջանական իշխանություններն ուղղակիորեն նախապայման են դնում՝ ՙնախկին ԼՂԻՄ-ի հայազգի բնակիչներն Ադրբեջանի տարածքում ինտեգրվելու համար՚ պետք է դառնան Ադրբեջանի քաղաքացիներ։ Ասել է թե՝ հարազատ տուն վերադառնալու համար արցախցին պետք է վերածվի… ադրբեջանցու…
Այլ խոսքով՝ քարոզչական նպատակ հետապնդող նշված կեղծավոր հայտարարությունը միտված է նրան, որ Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դաշինքի հանցավոր ՙհաղթանակի՚ արդյունքներն ամրապնդվեն և օրինականացվի հայերի բնօրրանը հանդիսացող տարածքի օկուպացումը, ինչպես նաև ժողովրդին ստիպեն հեռանալ իրենց արմատներից և հրաժարվել ազգային արժեքների ու դարավոր ավանդույթներով ապրելու իրենց անքակտելի իրավունքից։
Եվ, ինչն ավելի ցինիկ է, Բաքվի քարոզիչները խոստանում են ՙավելի լավ կյանք, քան այսօր է՚, իսկ որպես այդ ամենի ՙերաշխավոր՚, իրենց հավաստմամբ, հանդես է գալիս ոչ այլ ոք, քան նախագահ Իլհամ Ալիևը։ Նույն այն արյունարբու բռնակալը, ով դեռևս մի քանի ամիս առաջ Էրդողանի ու տարբեր երկրներից հավաքագրված հազարավոր երդվյալ, վարձու մարդասպանների հետ մոլեռանդորեն, վայրագ դաժանությամբ ոչնչացնում էին Արցախի Հանրապետության խաղաղ քաղաքներն ու գյուղերը, այդ թվում և Հադրութի շրջանը։
Բաքվի կեղծավորությունը, իրավ, սահմաններ չի ճանաչում։ Ասես, օկուպացված Հադրութում և այլ բնակավայրերում ադրբեջանցի զինվորականները չէին օրը ցերեկով գնդակահարում և ջարդի ենթարկում քաղաքացիական անձանց (այդ թվում և տարեց ու հիվանդ մարդկանց, ովքեր չէին ցանկանում կամ չէին հասցրել տարհանվել), ընդ որում, լկտիորեն նկարահանում էին քարանձավային իրենց գազանությունները` համոզված լինելով, որ Ալիևը դրա համար չի պատժի իրենց, ավելի շուտ՝ կշոյի նրանց գլուխը ու եթե ոչ հրապարակավ (ինչպես գիշերային ստոր դահիճ Ռամիլ Սաֆարովի պարագայում), ապա թաքուն՝ քաղաքակիրթ աշխարհին ավելորդ անգամ չզայրացնելու համար, որը, վերջապես խոսեց Ադրբեջանի ու Թուրքիայի բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին։ Այդ ո՞ր ադեկվատ հադրութցին կհամաձայնի ապրել այնպիսի մարդկանց, ավելի ճիշտ՝ տմարդների իշխանության ներքո, որոնց հրամանով ու ցուցումով ավերվում ու հրի էր մատնվում ամեն ինչ, ոչնչացվում ու շարունակվում են ոչնչացվել պատմական հուշարձանները, գերեզմանները, պղծվում են քրիստոնեական հնամենի սրբավայրերը և ջնջվում հայկական հետքն ընդհանրապես…
Մի՞թե հնարավոր է լինել, թույլ տվեք ասել, պետության քաղաքացի, որտեղ մինչ օրս, հակառակ միջազգային ու համամարդկային տարրական նորմերի, բանտախցերում պահվում ու խոշտանգումների են ենթարկվում ռազմագերիներն ու գերեվարված խաղաղ բնակիչները, որտեղ օրը ցերեկով հայ գերիների դեմ ամբողջությամբ շինծու քրեական գործեր են ՙկարվում՚ և անհեթեթ դատավարություններ կազմակերպվում՝ դատավորի պատմուճան կրող պարզունակ դերասաններով…
Հադրութի բնակիչները, անշուշտ, պետք է վերադառնան իրենց տները, բայց վերադառնան հայրենիք՝ բառիս բոլոր իմաստներով, դեօկուպացված շրջան։ Դրանում համոզվում ես` լսելով մարդկանց, ովքեր զրկվել են հարազատ օջախներից և ժամանակավոր ապաստան գտել Արցախի և Հայաստանի այլ բնակավայրերում։ Մեջբերենք մի քանի հադրութցիների՝ առանց անուններ տալու, քանի որ ցավն ու ակնկալիքները բոլորի մոտ գրեթե նույնն են։
ՙՄենք կպայքարենք մեր հայրենիքը վերադարձնելու համար. եթե գոնե փոքրիկ արահետ լինի՝ ճեղքելով կանցնենք, եթե չլինի՝ կբացենք ու մինչև վերջ կգնանք՚։
ՙՇատ հադրութցիներ կորցրեցին իրենց որդիներին, հայրենիքը, տունը։ Մենք չենք ուզում հաշտվել այս իրավիճակի հետ՚։
ՙԻնձ համար գոյություն ունի միայն Արցախը, միայն Հադրութը։ Մեր մեծ ազգատոհմը միշտ այնտեղ է ապրել, այնտեղ են թաղված մեր նախնիները՚։
ՙՄենք ուզում ենք վերադառնալ մեր հայրենիքը։ Որևէ այլ տեղ չենք ուզում ապրել՝ ո՜չ Երևանում, ո՜չ Արցախի մյուս շրջաններում՝ Հադրութից բացի։ Եթե մեզ այլ տեղ տեղավորեն, դա կլինի մոռացության տանող առաջին քայլը։ Մենք չենք ուզում մոռանալ Հադրութը՚։
ՙՀադրութցիների համար միայն մեկ ելք եմ տեսնում՝ Հադրութի վերադարձը։ Բայց? բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ-երկրները պետք է սկսեն բանակցությունները, և մենք պետք է նրանցից պահանջենք դա՚։
ՙՄիջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Արցախի տեղահանված քաղաքացիների խնդիրներին։ Հիմա իշխանությունները կարողանում են փախստականներին սոցիալական նպաստներ վճարել: Բայց դա հավիտյան չի կարող տևել: Մենք պետք է պահանջենք մեր տարածքների վերադարձը, հատկապես Հադրութի շրջանի…՚:
ՙՄարդկանց պետք է երկարաժամկետ խաղաղություն, անվտանգության երաշխիքներ: Հուսով ենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները կօգնեն մեզ՚:
Վերը շարադրվածը կարելի է ամփոփել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի 12-ամյա բնակիչ Տիգրանի խոսքով. ՙՏուն վերադառնալուց բացի ինձ ոչինչ պետք չէ: Ինձ այստեղ կատու կամ շուն են առաջարկել, բայց հրաժարվեցի՝ իմ կատուն ու շունը մնացել են տանը՝ Մեծ Թաղերում: Նրանք ինձ այնտեղ են սպասում, ես կարոտում եմ նրանց, ուրիշներ ինձ պետք չեն՚:
Հիրավի, մանկանց բերնով բարբառում է ճշմարտությունը…
Հարկ է նշել, որ մինչև պատերազմը Հադրութի շրջանում մոտ 15 հազար մարդ էր ապրում: Շրջանի բնակիչներն ստեղծել են ՙՀանուն Հադրութի՚ հասարակական կազմակերպությունը, որը գործում է սույն թվականի հունվար ամսից: Հասարակության անդամները պայքարում են ինչպես հենց հադրութցիների, այնպես էլ Արցախի բոլոր բնակիչների իրավունքների համար, ովքեր լքել են իրենց բնակավայրերը 44-օրյա պատերազմի հետևանքով: Նրանք ցույցեր են կազմակերպում Երևանում տարբեր երկրների դեսպանատների առաջ, օրախնդիր հարցեր բարձրացնում, իրենց պահանջները ներկայացնում գրավոր և բանավոր տեսքով:
ՙՄենք պահանջում ենք Հադրութի շրջանը հանձնել վերադարձնել մեզ, որպեսզի նրա բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տները, ապահովել հադրութցիների անվտանգությունը, որ նրանք կարողանան շարունակել ապրել իրենց հայրենիքում՝ իրենց ավանդույթներով ու մշակույթով՚,- նշում է նախաձեռնող խմբի ղեկավար Լևոն Հայրիյանը, միաժամանակ հավելելով, որ ՙՀանուն Հադրութի՚ շարժման մասնակիցների բոլոր պահանջները շարադրված են Միացյալ ազգերի կազմակերպությանը, Եվրամիությանը և Հայաստանի Հանրապետությունում գտնվող արտասահմանյան դեսպանություններին հասցեագրված նամակներում:
Արցախի իշխանությունները հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման բանակցային ուղին համարում են քաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկը: Հանրապետության ղեկավարությունը հավաստիացնում է, որ կձեռնարկի հնարավորը՝ միջազգային հանրության ուշադրությունն Արցախի հարցի վրա սևեռելու ուղղությամբ և սկսելու կորցրածը վերադարձնելու հարցով բանակցությունները: Մինչ այդ, Բաքվի սանձարձակ ռեժիմի նկատմամբ միջազգային հանրության ոչ բավարար կոշտությունն ու հետևողականությունը վերջինիս մղում են նորանոր լկտի սադրանքների, Արցախի և Հայաստանի դեմ շանտաժի քաղաքականության…
Արցախցիների ինքնորոշման վաղնջական իրավունքը, ինչպես և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) տարածքային ամբողջականությունն անհապաղ պետք է ճանաչվեն: Միայն այդ դեպքում Հադրութի շրջանի, Շուշի քաղաքի և Արցախի այլ օկուպացված տարածքների հազարավոր բնակիչներ կարող են վերադառնալ հայրենի օջախներ՝ վերականգնել ավերված ու վառված տները, ընտանեկան բույնը: Միայն այդ ժամանակ կապահովվի մարդկանց անվտանգությունն ու արժանավայել կյանքը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ժամանակի ընթացքում վերականգնել վստահության մթնոլորտն ու բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանում: