Logo
Print this page

ԿՈՆԳՐԵՍԸ ԿԱՐՈՂ Է ԿՐՃԱՏԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՏՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒԴԱՆԻ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Sasunyan.jpgԱՄՆ Կոնգրեսի համապատասխան կոմիտեն անցյալ ամիս ընդունել է օրենսդրական փոփոխություն, որով դադարեցնում է ԱՄՆ-ի արտաքին աջակցությունն այն երկրներին, որոնք կհյուրընկալեն Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրին։ 
Կոնգրեսի անդամները մտադիր են մեկուսացնել և արդարադատության ձեռքը հանձնել այս բարբարոս ղեկավարին՝ Դարֆուրում իրագործած իր ոճիրների համար։
Կոնգրեսը որոշեց գնալ այս քայլին այն բանից հետո, երբ մի քանի երկրներ, այդ թվում՝ Թուրքիան և Եգիպտոսը, արհամարհեցին 2009 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանի կալանավորման որոշումը, որը մեղադրում էր Սուդանի նախագահին՝ Դարֆուրում ցեղասպանություն իրագործելու, ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեջ։ Ի հեճուկս իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների՝ այս երկրները հյուրընկալել են  ալ Բաշիրին՝ նրան ձերբակալելու և ՄՔԴ-ի արդարադատության ձեռքը հանձնելու փոխարեն։
 2009 թվականի նոյեմբերին, երբ Սուդանի նախագահը պատրաստվում էր այցելել Անկարա, Միջազգային համաներման կազմակերպությունը զգուշացրեց. ՙԹուրքիայի համար խայտառակություն կլինի նրան ապահով ապաստան առաջարկելը։ Եթե Թուրքիայի իշխանությունները չձերբակալեն և չհանձնեն նախագահ Օմար ալ Բաշիրին ՄՔԴ-ին, ապա կխախտեն Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորությունները։ Այն ոչ միայն համարվում է արդարադատության խոչընդոտում, այլ, ինչպես փախուստի մեջ գտնվող բանկ կողոպտողին ապաստան առաջարկելն է որակվում հանցագործություն ազգային օրենքների համաձայն, ապա միջազգային արդարադատությունից փախչողին ապաստան տալը ևս կորակվի որպես հանցագործության մեջ մեղսակցություն՚։ 
 2009 թվականի նոյեմբերին ԱՄՆ չորս հասարակական կազմակերպություններ հանդես եկան միասնական հայտարարությամբ՝ քննադատելով Օբամայի վարչակազմին Սուդանի նախագահի Թուրքիա այցը չբողոքելու համար։ Այս կազմակերպությունները փորձում էին երաշխավորել, որ ՙհետախուզման մեջ գտնվող ռազմական հանցագործն առանց արգելքի չշարունակի ճամփորդել՚։ 
Միևնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետը Սուդանի նախագահին ոչ միայն թույլ տվեց այցելել Թուրքիա, այլ նաև փորձեց քողարկել նրա հանցագործությունները՝ պնդելով, որ ՙմուսուլմանները ցեղասպանություն չեն իրականացնում՚։ Իրավիճակն է՜լ ավելի սրելով՝ Թուրքիան շարունակում է վաճառել մահացու զինամթերք Սուդանին՝ օգնելով ալ Բաշիրին, որ սպանի ավելի մեծ թվով անմեղ մարդկանց։ 
Թուրքիայի և բազմաթիվ այլ երկրների կողմից նման անպատասխանատու վարքագծին վերջ դնելու համար ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցչական պալատի ֆինանսական հատկացումների կոմիտեն 2012 թվականի մայիսի 17-ին ընդունեց Պետական դեպարտամենտի ՙՖինանսավորման մասին՚ օրենքում փոփոխություն, որով կկրճատվի ոչ մարդասիրական օժանդակության չափն այն երկրներին, որոնք չեն պահպանի ՄՔԴ-ի ցուցումը։ Փոփոխությունը, որ առաջարկվել էր կոնգրեսական Ֆրանկ Ուոլֆի կողմից, նշում է, որ Միացյալ Նահանգներն ոչ մի տնտեսական աջակցություն չի տրամադրի ՙորևէ երկրի, որ կհյուրընկալի Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրին՚։ 
Այն բանից հետո, երբ զեկույցներ սկսեցին շրջանառվել, որ Օբամայի վարչակազմը փորձում է խափանել այս առաջարկված օրենքը, Հոլոքոստի և Ցեղասպանության հարցերով 70 առաջատար մասնագետներ հունիսի 14-ին ստորագրեցին միասնական նամակ՝ Սպիտակ տանը հորդորելով աջակցել Կոնգրեսի կողմից առաջարկված փոփոխության ընդունմանը, որը վերջ կդնի Սուդանի նախագահին հյուրընկալող երկրներին տրամադրվող աջակցությանը։ Նամակի ստարագրողների շարքում էին Երուսաղեմից դոկտոր Իսրայել Չարնին, Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանի նախկին նախագահ դոկտոր Իրվինգ րինբերգը և Քլարկ համալսարանի դոկտոր Դեբորա Դվորքը։
Մասնագետների նամակը, որը կազմվել էր Վաշինգտոնում Դեվիդ Ս. Ուայմենի անվան Հոլոքոստի ուսումնասիրության ինստիտուտի կողմից, ուղարկվեց նախագահի խորհրդական դոկտոր Սամանթա Փաուերին, ով գլխավորում է վերջերս հիմնադրված՝ Վայրագությունների կանխարգելման խորհուրդը։ Մասնագետները Փաուերին հիշեցնում են, որ Պուլիտցերյալ մրցանակի արժանացած իր գրքում՝ ՙԽնդիր դժոխքից. Ամերիկան և Ցեղասպանության դարը՚, նա  ԱՄՆ կառավարությանը  հորդորեց ընդունել ՙտնտեսական սանկցիաներ՚ ցեղասպանության գործողությունները կանխելու համար։ Քանի որ առաջարկված օրինագիծը ՙհենց դա է անում՚, 70 ստորագրողները հայտնեցին այն հույսը, որ Փաուերը և Սպիտակ տունը կաջակցեն կոնգրեսական Ուոլֆի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությանը, մասնավորապես ներկայացուցչական Պալատի ու Սենատի միջև բանակցությունների գործընթացին։
Այնուամենայնիվ, կասկածելի է, որ Սամանթա Փաուերը հանդես կգա այս փոփոխության օգտին։ Սպիտակ տուն աշխատանքի ընդունվելուց հետո, նա իրեն հեռու է պահում այն հարցերից, որոնք համարձակորեն քարոզում էր իր գրքում։  Նա նաև լուռ է մնում Նախագահ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության կապակցությամբ տրված և չիրագործված խոստումների կապակցությամբ։ Փաուերը մի քանի կոչ արեց անցած նախագահական ընտրարշավի ժամանակ՝ համոզելու համար ամերիկահայ համայնքին, որ աջակցի Բարակ Օբամայի թեկնածությունը։ Նա հանդիսավոր կերպով խոստացավ, որ Օբաման ընտրվելուց հետո կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Մինչ այժմ ամերիկահայերը ոչ մի լոբբիստական աշխատանքներ չեն իրականացրել այս կարևոր օրինագծի ընդունման ուղղությամբ, քանի որ, ամենայն հավանականությամբ, նրանք տեղյակ չեն եղել Կոնգրեսում դրա ներկայացման մասին։ Հայ մասնագետները նույնպես դուրս են մնացել այս հարցից, քանի որ ոչ ոք չի փորձել ստանալ նրանց աջակցությունը։
Կոնգրեսական Ուոլֆի օգնականը տողերիս հեղինակին տեղեկացրեց, որ կոնգրեսականը շատ ուրախ կլինի, որ ամերիկահայ համայնքն աջակցի այս օրինագծի ընդունման հարցում, որը կխրախուսի Թուրքիային և այլ երկրներին, որ Ալ-Բաշիրին գրկաբաց չընդունեն և արդարադատության ձեռքը հանձնեն այս մեղադրյալ հանցագործին։
 
 Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի խմբագիր 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.